Մի օր Արևը թակեց պատուհանս:
Նրա ոսկե ծամերը փռվել էին ոտքերին:
Ես անմիջապես թաքցրի իր տեղը կորցրած Արևին...
Զգուշորեն իջեցրի ոտքերս, որ չարթնացնեմ ծնկներիս քնած Արևին: Նա բացեց աչքերը, շրջվեց կողքի, գլուխը հենեց թևերին:
Սիրում եմ նայել հերարձակ Արևին, երբ նա քնած է:
Անվարագույր են պատուհաններս: Դուրսը լույս չունի: Դուրսը իմ սենյակի հետ ոչ մի կապ չունի: Ամեն կողմ դռներ են, անբազրիք աստիճաններ, միջանցքներ, որ տանում են ոչ մի տեղ:
Մի օր Թռչող քաղաքի մասին տեսանյութ հայտնվեց, մարդիկ էլ ժպիտով ընդունեցին: Ինչ իմանային, որ մի օր նա դարձյալ երևալու էր` նույնքան հստակ, որքան պարզ օրերին՝ Լուսինն ու Արևը: Թռչող քաղաք ընկան նրանք, ովքեր հասցրել էին ապաշխարել աշխարհի կործանումից րոպեներ առաջ:
Ոչ ոքի մտքով չէր անցնում, որ աշխարհի վերջն այսքան տխուր է լինելու:
Այլևս ոչինչ չէր պատահում:
Ես զրուցում եմ զարթնած Արևի հետ, որ տեղավորվել էր դիմացի բազմոցին: Պատմում եմ այն օրերի մասին, երբ պատուհանը վարագույր ուներ: Արևը, ոսկեգույն աչքերը կկոցած, խորամանկ ժպտում է: Թռչող քաղաքի մասին խուսափում ենք խոսել:
-Ո՞ւր մնաց հույսը,- հարցնում եմ:
-Նրան փնտրում են,-ասում է՝ իբր իմիջիայլոց:
Ես հարցնում եմ` Արևն արդյոք սիրո՞ւմ է ուտել:
-Մի բաժակ թեյ,- ժպտում է նա:
Միացրի ինքնաեռը, մեքենայորեն նկատեցի, որ համակարգիչն էլ միացավ:
Էկրանին տարօրինակ պատկեր հայտնվեց: Առաջին գործս եղավ թաքցնել դա Արևից: Արևն ուսիս վրայով Ժպտաց: Գիտեր, որ Հույսն էր:
Վաղուց նման ընթրիք չէր եղել: Թեյ էինք խմում երեքով` ես, Արևը և Հույսը:
Տարօրինակ է, բայց ես ինձ ապահով չէի զգում միևնույն սենյակում նրանց հետ: Ես Հույսի ականջին ասացի, որ նրան փնտրում են: Արևը ձևացրեց, որ չէր լսել:
Բայց երբ Արևը երկար մատների մեջ առավ Հույսն ու բացեց անվարագույր պատուհանները, հասկացա, որ նա եկել էր Հույսի համար: Նա հեռացավ: Ես հասկացա, որ այսուհետ ապրելու եմ նրա թողած կարոտի հետ…
Արև
Դուրս չունեցող այս սենայակում ի՞նչ անեմ քո կարոտի հետ: Ինչի՞ համար է այս ամենը, երբ իմ ուզածը պարզ մի առավոտ է:
Համակարգիչն անջատում եմ: Գիտեմ`հաղորդագրությունս տեղ է հասնելու:
Արևը հեռանալիս չէր ծածկել պատուհանս:
Ոտաբոբիկ մոտենում եմ պատուհանին ու շարունակում եմ քայլել Արևի՝ դեռ թարմ ոտնահետքերով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Գծանկարը` Վահագն ԻԳԻԹՅԱՆԻ