Նոյեմբերի 26-ին աշխատանքային այցով Թբիլիսի ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի ԱԳ նախարար Գեորգի Կվիրիկաշվիլու հետ: Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` նա շնորհակալություն հայտնեց Արևելյան գործընկերության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու հրավերն ընդունելու և Թբիլիսի այցելելու համար։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ նախագահի` Թբիլիսի այցի ընթացքում երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, կարևորվեցին բարձրաստիճան փոխայցելությունները, արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացումը, միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացումը։ Նախարարներն անդրադարձան տարածաշրջանային հրատապ խնդիրներին։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերը։