ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ֆրունզի և Վարդուհու «սիրավեպը»

Ֆրունզի և Վարդուհու «սիրավեպը»
27.11.2015 | 11:50

Այսօր մենք երկնային ճանապարհ կուղեկցենք մեծանուն դերասանուհի ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԻՆ: Այդ ճանապարհին նա, հավանաբար, կգտնի թատրոնի ու կինոյի իր նախկին խաղընկերներին, որոնցից շատերը ժամանակից շուտ հեռացան կյանքից: Նրանց մեջ կլինի նաև Ֆրունզիկ Մկրտչյանը, և, գուցե թե, երկուսով կվերհիշեն իրենց շուրջ հյուսված այն կիսահումորային պատմությունը, որ մենք այստեղ անվանում ենք Ֆրունզի և Վարդուհու «սիրավեպը»:


Գյումրիի տեքստիլագործների մշակույթի պալատում հանդիպում էր Մհեր Մկրտչյանի հետ: Քաղաքը մեծարում էր իր սիրելի զավակին, իր հպարտություն Ֆրունզին, մեծ դերասանին, ով նոր էր արժանացել ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Դահլիճում դերասաններ էին, արվեստագետներ, Մկրտչյանի արվեստի երկրպագուներ…
Բեմի և կյանքի ընկերները վերհիշում էին Ֆրունզիկի հետ (նրան բոլորը հենց այդպես էին ասում` Ֆրունզ, մեր Ֆրունզը, Ֆրունզիկը) անցկացրած տարիները` այն օրերին Մհեր Մկրտչյանի կողքին իրենց լինելու հանգամանքը համեստորեն ածանցյալ համարելով նրա շքեղ ներկայությանը: Նրանց ո՞ր պատմածն էր հավաստի, ո՞րը` մտացածին, այդ օրվա, այդ պահի համար աննշան մանրուք էր թվում, էականն այն էր, որ նրանց ներկայացրած ամեն դրվագ, ամեն պատմություն ասվում, հաճախ էլ հորինվում էր գյումրեցու պարզությամբ, շիտակ ու անմիջական հումորով: Եվ այդ ամենի մեջ, նրանց ամեն ասելիքի տողատակում անթաքույց մի ներքին հպարտություն էր. «Ֆրունզին աշխարհն է ճանաչում, բայց նա մերն է, նա այստեղ է ոտաբոբիկ քայլել, այստեղ սկսել արտիստական իր մեծ ճանապարհի առաջին քայլերը, այստեղ դերասան դարձել»: Եվ ամենահետաքրքիրն այն է, որ մեծ բեմերի նրա ձգտումը կատակով «հիմնավորում» էին Վարդուհի Վարդերեսյանի հետ իբր ունեցած… «սիրո պատմությամբ»:
Այդ պատմություններից մեկը դահլիճում ներկայացնում էր դերասան Վարդգես Հակոբյանը.
«Ներկայացումից հետո Ֆրունզն ինձ առաջարկեց գնալ Վարդուհու պատուհանների տակ և երգել, որպեսզի Վարդուհին դուրս գա:
Ես իրան ասի.
-Ֆրունզ ջան, ամոթ չէ՞, մենք, ախր, դերասաններ ենք, ինչըղ կեղնի, որ երթանք փողոցում երգենք:
-Հեչ էլ վատ չի եղնի,- ասավ Ֆրունզը,- ես Վարդուհու հետ էդպես եմ պայմանավորվե:
Դե, Ֆրունզիկին մերժել չէր լինի:
Գնացինք: Երբ հասանք Վարդուհու պատուհանների տակ, Ֆրունզիկը շուռ եկավ դեպի ինձ.
-Սկսե:
Եվ ես սկսեցի երգել՝
«Զով գիշեր է, դուրս եկ,
Լուսնյակը նորել է,
Անուշ յար, քո սիրուց,
Հանգիստս կորել է…»:
Բայց, հակառակ մեր սպասածի, բալկոն դուրս եկավ ոչ թե Վարդուհին, այլ նրա մայրը` ավելն էլ ձեռքին:
-Ի՞նչ կուզես դու մեզնե,- ջղայնացած դիմեց Ֆրունզին,- կորսվե հոսկե, ինչո՞ւ կանհանգստացնես մեզի:
Ֆրունզիկը զարմանալի հանգստությամբ պատասխանեց.
-Մենք կսիրենք իրար, պիտի առնինք իրար:
Վարդուհու մայրն ավելի կատաղեց.
-Դո՞ւ, դուն ո՞վ ես, կորսվե հոսկե: Իմ Վարդուհին մեծ դերասանուհի պտի ըլլա, հլա դու քեզի աշե, կերպարանքիդ աշե…
Ասաց, դուռը շրխկացրեց ու ներս գնաց:
Ես շատ վատ զգացի, մտածեցի, Ֆրունզիկն էլ փիս ազդվեց, բայց, հավատարիմ իր հումորին, տիրապետեց իրեն ու, շուռ գալով դեպի ինձ, ծիծաղելով ասաց.
-Սատանեն կըսե էս կնգա ջիգրու շատ մեծ դերասան դարձի»:
Դահլիճում պետք էր լինել` տեսնելու, թե հումորով, Գյումրվա բան ու բառով համեմված նրա այդ ասելիքին ինչ արձագանք էին տալիս դահլիճը և ինքը` Մհեր Մկրտչյանը:
...Տարիներ անց այնպես ստացվեց, որ Գյումրիի օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցելու համար Վարդուհի Վարդերեսյանին ես ու Դավիթ Սարգսյանն ուղեկցեցինք Գյումրի: Դե, երկար ճանապարհ էր, մեքենայի մեջ դերասանուհու հետ ասել-խոսելով գնում էինք: Եվ պատեհ առիթ էր, որ ես վերհիշեի մշակույթի պալատում Հակոբյանի պատմածը` հետաքրքիր էր, որքանո՞վ էր դա հավաստի:
-Հորինել են, ջանըմ,- իրեն բնորոշ հումորով արձագանքեց Վարդերեսյանը,- Ֆրունզին նո՞ր գիտեք՝ սարքել է, էլի:
Դժվար էր գլխի ընկնել` ճշմարի՞տ էր պատմությունը, թե՞ հորինված:
Որոշ լռությունից հետո` երևի հուշերով էր տարված, Վարդուհին հանկարծ ծիծաղեց ու վրա բերեց.
-Բայց վատ պատմություն չէ` ստացվում է, որ ես եմ առիթը եղել, որ Ֆրունզը մեծ դերասան դառնա:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1771

Մեկնաբանություններ