Վիեննայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի հետ։ Նախարարները գոհունակություն են հայտնել բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունների կապակցությամբ` ընդգծելով, որ նոր լիցք է հաղորդվում տարբեր բնագավառներում փոխգործակցության զարգացմանը։ Հանդիպմանն անդրադարձ է եղել հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների՝ ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին, Մերձավոր Արևելքում զարգացումներին, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիներին։ Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ջանքերը: Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ Բաքվի կողմից հակամարտության գոտում իրավիճակը սրելուն ուղղված սադրանքների վրա։