Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Քարանձավի հարսանիքը

Քարանձավի հարսանիքը
15.12.2015 | 00:27

Վրեժ

ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ


Հարութը վառոդի պարկի բերանը դանդաղ բացեց, ափերը զգուշորեն, մի քիչ էլ քնքշանքով խրեց մեջը ու վերև նայեց. «Էս մի բուռը իմ Սիսակ պապի, իմ Վաչե հոր ու Թուխո մերիկի վրեժի համար։ Օսմա՛ն, դուք իմ մեծ պապի՝ Սիսակի ոտ ու ձեռք կապեցիք, վառվող թոնրի մեջ իջեցրիք ու բերան փակիք։ ՈՒ իմ սիրտն էլ իր հետ վառվուկ թոնիր մտավ, մարդասպան շուն։ Իմա՞լ մոռնամ, օսմա՛ն, իմ սիրտ հլա թոնրի մեջ է։ Իմ մեծ ախպոր՝ Նիկոլի ծոցվոր կնոջ՝ Մանոյին գլխիվայր կախեցիք ու խաչաձև թրատեցիք, զիմ մարմին էլ իր հետ թրատեցիք, արնախում գազան։ Հինգ տարեկան ջևիկ տղեքին գլխատեցիք ու լվացքի պարանից կախեցիք։ Օսմա՛ն, ես մինչև հիմի պարանից հլա կախվուկ իմ։ Չե՛ս մարսի, օսմա՛ն, հազար տարի էլ անցնի՝ դու ու քեզ թև տվողներ չեք մարսի։ Դու մենակ գելի պես չեկար, դու գորշ գելերի ոհմակով եկար։ Օսմա՛ն, դու ոհմակ ես, մենակ գայլ չես. ոհմակով եկար հեռվից ու նորեն ոհմակով քո հին որջ պիտի երթաս»։
Հարութը մի բուռ վառոդ էլ զգուշորեն շոշափեց. «Էս մի լիք բուռն էլ ջաղացպան Հենոյի, իր խորոտիկ Սուսանիկ աղջկա ու իմ առաջին սիրո պատվին։ Էն ե՞րբ էր, է՜, որ արևմտոցին մեծ քարի հետևում ջաղացպանի աղջկան ջուրդարձից կսպասեի։ Հենոն գլխի էր ընկել, որ շուտ-շուտ եմ ջաղացի ճամփով անցնում, իսկ Սուսանիկն էլ հենց էդ ժամերին էր ջրի գնում։ Հըյլե՜, որոշել էի՝ մերոնց ուզնկան ուղարկիմ ջաղացպանի տուն։ Հայհո՜ւյ, իմ ջաղաց կորե՜, չախչախն է ման գիկամ»։
Հարութը անքնությունից ուռած կոպերը պինդ սեղմեց, աչքերն արդեն Ծլունք քարանձավի ձորն էին իջել։ Ձորի կողմից եկող աղջկա ճիչը շանթեց Հարութին։ Երկու ասկյար վազում էին Սուսանիկի հետևից։ ՈՒր որ է՝ նրանց պիղծ ձեռքը կպնելու էր ջաղացպան Հենոյի աղջկան, Հարութի մատն ավելի շուտ հասավ հրացանի ձգանին։ Մեկը թավալվեց ցեխի մեջ, մյուսը, երբ պարանի օղակն զգաց կոկորդին, սկսեց աղերսել։
-Քո՛ւրդ, փրկությո՞ւն կաղերսիս, քու միակ փրկություն էս չվանի օղն է, ինչքան շուտ ձգիմ, էնքան շուտ կփրկվիս,- մռնչաց Հարութը և օղն այնպես պնդեց, որ քուրդը չհասցրեց անգամ խռխռալ։
Հարութը Սուսանիկին մոռացել էր։ Արյունոտ ձեռքերը սրբելիս՝ Սուսանիկի ճիչը նրան սթափեցրեց։ Մոտեցավ տերևի պես դողացող ու կարկամած աղջկան։ Սուսանիկը չհասկացավ ինչ կատարվեց իր հետ. ամուր փաթաթվել էր Հարութին, այտերը վառվում էին, Հարութի ջերմությունը խառնվել էր աղջկա շիկնանքին։ Սուսանիկը աչքերը չէր համարձակվում բացել. հանկարծ կցնդի երազը։
-Սուսանի՛կ, արի՛ քեզ տանեմ ջաղաց հորդ մոտ, իսկ ես, ով գիտե, ո՞ւր եմ գնալու։ -Սուսանիկը չկարողացա՞վ, թե՞ չուզեց քայլել։
Հարութն առաջին անգամ պինդ գրկեց Սուսանիկին։ Այտերն այրվում էին, վարդի պես բացված շուրթերը բառեր էին փնտրում ու չէին գտնում։ Էնքա՜ն բան ուներ պատմելու։ Սուսանիկին գրկած՝ Հարութը ջաղաց էր գնում։
«Լինե՜ր, էնպես լիներ, որ էս ճամփեն գնա՜ր ու գնար, չհասներ ջաղաց, ու էս երազ մնա՜ր ու մնար»,- իր երազներին թևեր տվեց Սուսանիկը՝ ափերով պինդ փակելով աչքերը։ Երազի հեքիաթն ու ճամփան ավարտվեցին ջաղացի մուտքին։ Սուսանիկին դրեց վաղուց չպտտվող հսկա ջաղացքարին։ Սուսանիկն աչքերը չէր բացում։ Հարութի աչքին ջաղացքարն սկսեց պտտվել, դեմից ճերմա՜կ-ճերմա՜կ ալյուր էր թափվում՝ երազի փաթիլների պես օդում խաղալով։ Հետո փաթիլներն իջան երազների պես, ծածկեցին Սուսանիկի փակ աչքերը, վարդ շուրթերը, ճերմակերազ կուրծքը։ Ջաղացքարը լրիվ փաթիլների մեջ էր։ Հարութը սթափվեց, Սուսանիկն աչքերը չէր բացում. մնաց իր երազի մեջ։
Որքան դանդաղ էր Հարութը հեռանում ջաղացից, միտքն ավելի արագ էր հետ վազում։ Սիրտն ու աչքերը պտտվող ու ճերմակփաթիլ ջաղացքարին մնացին, փաթիլների մեջ իր հեքիաթի հետ ապրող ու հարսնապարում ճախրող Սուսանիկին։
-Օսմա՛ն, դու չթողիր, որ ես հարսանիքի գոսբանդ կապիմ, Սուսանիկ իր նման խորոտ էրեխեք բերեր։ Ես չորգլուխ կերթամ աշխարհից, բայց քու քոքն էլ մի օր կչորնա, քու սերմ հարամ է և ուրիշի հողում բերք չի տա։ Ինձ ներե՛, ջաղացպանի սիրուն աղջիկ, իմ նվեր քու հարսանիքին էս մի բուռ վառոդն է,- հայդուկը վառոդով լի բուռը մոտեցրեց շուրթերին, երկու ծանր կաթիլ ընկան վառոդին։
Հարութը ափերն ավելի խրեց վառոդի պարկի մեջ. «Էս մի բուռն էլ, թուրք Բեշե՛ք, քո և ոսկի սիրող էն երեք քրդերի համար»։ Հարութի աչքի առջև արդեն ձորի կռիվն էր։
...Քարանձավի նեղ արահետը աստղկա գիշերին Հարութին տարավ ձայնի ուղղությամբ։ Բեշեքն ու երեք քուրդ թալանած ոսկին ու զարդերն էին բաժանում։ Թուրքը զոռբայություն էր անում, որ շատն իրենն է, որովհետև ինքը թուրք է։ Քուրդն առարկում էր, որ ինքն է մորթել հայերին, պակաս չպիտի ստանա։ Թուրքը թրքավարի և քուրդը քրդավարի սակարկում էին։
-Տե՛ր Աստված, էս պահին ինչքա՜ն եմ սպասել,- շշնջաց Հարութը՝ լիցքավորելով կարճպոչ հրացանը։
Ձորն արձագանքից դղրդաց, Բեշեքը թպրտում էր։ Երկու քրդերը չհասցրին տեղից շարժվել։ Երրորդը վազեց թփերի ուղղությամբ։ Հարութի առաջին գնդակից գալարվում էր փախչող քուրդը՝ պարկի բերանը պինդ բռնած։ Քուրդը թպրտաց, պարկը թեք ընկավ, բերանը բացվեց։ Մեջը հայերից թալանած ոսկիներն էին ու սպանած կանանց զարդերը։ Հարութը պարկը դրեց հազիվ շնչող Բեշեքի առջև։ Մի քանի մատանի կտրած մատների հետ էին, ականջօղերի մեծ մասը ականջի արյունոտ բլթակի վրա էին։ Բեշեքը ջուր ուզեց։ Հարութը ջուր տվեց և օգնեց, որ վիրավոր գազանն աչքերը բացի։
-Աչքերդ բա՛ց, օսմա՛ն, 1894-ի սեպտեմբերն է... Լա՛վ նայիր, ես շենիկցի Սիսակի թոռն եմ։ Թոնրի մեջ վառվող իմ Սիսակ պապին կհիշե՞ս, իմ ծոցվոր հարսիկին ու էնոր ջևիկ տղեքին կհիշե՞ս, մեր քավոր հարյուրապետ Խորիկին կհիշե՞ս, ում քո հրամանով հարյուր կտոր արեցին։
Բեշեքը կյանք էր աղերսում միայնակ վնգստացող, վիրավոր գորշ գայլի պես։
-Փրկությո՞ւն ես աղերսում, հիմա՛ կստանաս,- մռնչաց Հարութը և վեց գնդակ երանությամբ նվիրեց Բեշեքի գալարվող մարմնին։- Էս վեց գնդակ վեց պտղունց խունկ թող դառնա ձեր անթաղ մարմիններին, իմ անուշ պապ, իմ ծոցվոր հարսիկ ու ջևիկ տղերք, իմ քավոր Խորիկ։
Աստղալից գիշերվա արահետը Հարութին դանդաղ տանում էր Հենոյի ջաղաց։ Սուսանիկը հաց ու գինի դրեց հին ջաղացքարին։
-Հենո՛, էս քսակ ոսկին քեզ, Սուսանիկի հետ գնացեք Արաքսից էն կողմ։ Էս խուրջին ոսկին ու զարդն էլ կտաս Սեմալի ու Շենիկի քաջերուն՝ զենք ու ձիեր առնին, թե որ մեր Նարոյան տոհմից մեկնումեկին տեսնես, մի քանի ոսկի էլ իրենց տուր։ Ասա՛, որ Հարութը Էրգրում պսակվում է։
Աշխարհը հին ջաղացքարի պես պտտվեց Սուսանիկի աչքերին, Հենոն մռայլվեց։ Երկուսն էլ գիտեին, թե ինչ է մահապարտ ֆիդայու պսակը։
-Սուսանի՛կ, ինձ հին պատառոտված շորեր տուր և մի բուռ ալյուր,- հազիվ շշնջաց Հարութը։ Սուսանիկը հենվեց ջաղացքարին ու շրջվեց՝ արցունքները թաքցնելու։
...Հարութը վերջին անգամ ափերը խրեց վառոդի պարկի մեջ՝ «Էս մի բուռն էլ, որպես դեղուդարման, շեյխ Ամարի համար։ Թալանչի՛ Ամար, կհիշե՞ս, որ ձեռքդ դրել էիր վառոդի տակառի վրա ու ծաղրում էիր. «Էս տակառը Սասնո հիվանդ ֆիդայիների բուժման դեղուդարմանն է»։ Հերթը քո՛նն է, վաղ թե ուշ մյուսներին էլ կհասնի»։
Հարութը վառոդի պարկը զգուշորեն որքան հնարավոր է տափակացրեց, կապեց մեջքին, Սուսանիկի տված պատառոտված շորերը հագավ և քրջուփալասներով ծածկեց պարկը, կարճպոչ հրացանը ծոցում թաքցրեց, մազերը ճերմակացրեց Հենոյի ջաղացի մի բուռ ալյուրով, մեծ գդակով էլ ճակատն ու հոնքերը փակեց, մահակը ձեռքն առավ և կուզիկի դիրք ընդունեց։ Ծլունք ձորի քարանձավի ժայռերից մեկի փոսորակում հավաքված ջրի հանդարտ հայելում ինքն էլ իրեն չճանաչեց. «Տե՛ր Աստված, համբերություն տաս, որ դերս լավ խաղամ»։
Որքան մոտենում էր քարանձավին, այնքան բարձր էր երգում ու կրակոտ պարում։ Քրդական սիրավեպի տխուր լոլոները հեռվից դյութեցին զինվորներին։ Հարութը ճանաչեց՝ քարանձավի մուտքի մոտ շեյխ Ամարն էր՝ իր զինվորներով։ Վաղուց համոզվել էր, որ քարանձավը քրդերի վառոդի ու զինամթերքի ամենամեծ պահեստն է. ոչ ոք չէր համարձակվում մոտենալ։
-Հը՜մ, թալանչի՛ Ամար,- մռնչաց Հարութը,- դո՞ւ էիր, որ հպարտանում էիր՝ «Էս վառոդի տակառը Սասնո հիվանդ ֆիդայիների բուժման դեղուդարմանն է. գալի՛ս եմ, որ բուժես»։
-Էս խելառ աշուղն ո՞վ է, ռադ արեք թող գնա,- զինվորներին գոռաց Ամարը։
-Աղա՛, շատ անուշ է քրդերեն ու թուրքերեն երգում, էս մեկը հարսանիքի պսակի երգ է, մի քիչ թամաշա անենք,- խնդրեցին զինվորները։
Հարութը կուզիկ խելագարի շարժումներ էր անում՝ միայն թե վառոդի պարկը չնկատեն։ Քրդերը սկսեցին ծափ տալ, մի երկուսը, որ Սիաբանդի, Լեյլի-Մեջլումի խաղերից գիտեին, թեթևակի ձայնակցում էին։ Հարութը երգ ու պարով զգուշորեն մոտենում էր քարանձավի մուտքին, արդեն վառոդի տակառներն ու պարկերը երևում էին։ Պետք է մի քանի վայրկյանում անսպասելի ներս մտնել։ Սիրավեպի լոլոն ավելի ցավագին կանչեց, պարը փոթորկի նման էր։ Մինչ մի քանի վայրկյանում քրդերն ուշքի եկան, Հարութն արդեն վառոդի պարկերի ու տակառների մոտ էր։ Զինվորները անակնկալից շանթահար եղան. կրակելու դեպքում բոլորն էլ քարանձավի հետ օդ կբարձրանան։ Հարութը մեջքի պարկից դուրս եկող վառոդալարը շոշափեց, ձեռքը Սուսանիկի տված հագուստը ակամա շոյեց. ջերմությունը զգաց, արյունն արթնացավ, պղտորվեց. «Սուսանի՛կ, քո տված շորերով եմ պսակվում, ների՛ր, ջաղացպանի խորոտ աղջիկ։ Գուցե սպասելու ես ինձ մինչև կյանքիդ վերջը, աչքերդ փակ՝ քո հեքիաթով ինչքա՞ն պիտի ապրես, ջաղացպանի խորոտ ու անուշ աղջիկ. ներե՛ ինձի, ներե՛»։ Մինչ զինվորները փորձում էին առանց կրակելու ներս մտնել, Հարութը վառոդալարը կպցրեց՝ «Սուսանի՜կ, ես պսակվո՜ւմ եմ...»։
Հզոր պայթյունից հսկա քարանձավի երախը բացվեց։ Օդում կրակի ու փոշու մեջ քարերի հետ մարդկային մարմինների արնոտ կտորներ էին։
Դղրդյունը հասավ մինչև Սասնա հեռավոր գյուղերը։ Հետո օր ու գիշեր Ծլունք քարանձավին կարմիր փոշի նստեց։ Քարանձավը լալիս էր, իսկ ձորը քարանձավի հառաչը տանում հասցնում էր Բաթմանա ջրի կարմիր ալիքներին։ Քարանձավում կարմիր հարսանիք էր...

Դիտվել է՝ 183950

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ