Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողների հետ խոսել է Շվեյցարիայի Համադաշնության մայրաքաղաք Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունների մասին։ «Այս գագաթաժողովի օրակարգը թելադրված էր իրավիճակի սրմամբ՝ Ադրբեջանի կողմից սադրանքների կոպտագույն հրադադարների խախատումների արդյունքում։ Ադրբեջանը չի կարողանում ազատվել այն պատրանքից, որ կարող է օգտագործել ուժի կիրառումը, իրավիճակի սրումը՝ որպես բանակցային գործիք։ Հայաստանը կողմ է բանակցությունների միջոցով հիմնախնդրի կարգավորմանը, և մեր հանրապետության նախագահի մասնակցությունն գագաթաժողովին հենց դրա մասին է խոսում։ Երկու կողմերի մոտեցումները մոտ չեն, չեն համընկնում միմյանց։ Ոչ միայն Ադրբեջանի մոտեցումները չեն համընկնում Հայաստանի մոտեցումներին, այլ նաև, կարող ենք ասել, որ Ադրբեջանի մոտեցումները չեն համապատասխանում եռանախագահող երկրների առաջարկներին։ Ադրբեջանը միայն ձևացնում է, որ պատրաստ է։ Բայց ինչի՞ն են պատրաստ։ Այն հայտարարությունները, որ հանրային կարծիքի համար են անում և կարծում են, որ կտպավորի մեկին՝ այդպես չէ»,– նշել է Նալբանդյանը։
Լրագրողների հարցին, թե ինչ տվեցին այսօրվա հանդիպումները, Նալբանդյանն ասաց. «Որևէ հանդիպում, հատկապես նախագահների մակարդակով, շատ կարևոր է։ Ինչքան հաճախ լինեն նման հանդիպումները, գուցե և փոքր քայլերով, բայց ինչ-որ քննարկումներ լինեն թե հիմնախնդիր կարգավորման գործընթացն առաջ տանելու իմաստով, թե այդ լարվածության նվազեցման համապատասխան մեխանիզմների մշակման իմաստով։ Այդ հարցերն էլ են քննարկվել։ Եռանախագահները բազմաթիվ հայտարարություններ են կատարել և այս ուղղությամբ, և հրադադարի խախտման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ։ Մենք բազմիս ասել ենք, որ պատրաստ են գնալ այդ մեխանիզմի ստեղծմանը, մենք ողջունել ենք։ Ադրբեջանը հետքայլ է արել մի քանի անգամ։ Այդ հարցը նորից արծարծվեց այսօր, և հույս ունենք, որ Ադրբեջանը, վերջապես, ինչ-որ այլ մոտեցում կցուցաբերի, որովհետև եթե մենք ցանկանում ենք բանակցությունները գործընթացը առաջ շարժել, պետք է համապատասխան մթնոլորտ ստեղծվի»։