ՀԱՊԿ քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ ԼՂ-ի շրջանում ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություն է հարուցում, անհրաժեշտ է կանխել հակամարտության էսկալացիան: «Մենք մեծ մտահոգությամբ ենք նայում, թե ինչ է կատարվում Կովկասում և հատկապես կապված ղարաբաղյան հակամարտության, շփման գծի հետ, այնտեղ արդեն կիրառվում են ծանր սպառազինություններ, կիրառվում են տանկեր, կան մարդկային զոհեր։ Կարծում եմ, որ մեր պետությունների քաղաքական ռեսուրսը պետք է օգտագործվի, որ ոչ մի դեպքում թույլ չտանք իրավիճակի էսկալացում, որ արդեն իսկ բավական թեժ փուլում գտնվող հակամարտությունը չվերաճի խոշորամասշտաբ ռազմական բախման»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ հեռանկարը սպառնում է ողջ Կովկասին։ Բորդյուժան ընդգծել է, որ անհրաժեշտ է գործել առաջին հերթին քաղաքական մեթոդներով՝ օգտագործելով պետությունների ղեկավարների հեղինակությունը, ՀԱՊԿ մասնակիցներին կոչ է արել ջանքեր գործադրել իրավիճակի հանդարտեցման և կրակոցների դադարեցման ուղղությամբ։