ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ. «Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: Անցնող տարին իրադարձություններով հարուստ, զարգացումներով՝ բարդ ու անկանխատեսելի էր. մենք շարունակեցինք արարել, հիմքեր ստեղծել կայուն զարգացման և բարեկեցիկ ապագայի համար: 2015-ը հիշարժան տարի էր, և մեզ համար նշանավորվեց մի շարք ձեռքբերումներով: Մայիսին կայացան հերթական խորհրդարանական, սեպտեմբերին՝ ՏԻՄ ընտրությունները, որոնց մասնակցած միջազգային դիտորդների կարծիքները, տարբեր երկրների խորհրդարանականների և քաղաքական գործիչների հետ մեր համագործակցության ծրագրերը լուրջ նախադրյալներ են Արցախի միջազգային ճանաչման գործընթացում:
Ամբողջ տարին պահպանվեց նաև լարվածությունը մեր երկրի սահմաններին: Հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձերն ու ծանր հրետանու կիրառումը բոլորովին այլ իրավիճակ ստեղծեցին 1994-ի զինադադարից ի վեր: Ցավոք, ունեցանք անդառնալի մարդկային կորուստներ, և այդ վիշտը բոլորինս է: Միաժամանակ մենք հպարտություն ենք ապրում Հայոց բանակի վստահ կեցվածքով և նրա մարտունակությամբ:
Թանկագի´ն հայրենակիցներ, մենք թևակոխում ենք 2016 թվական: Տարին խորհրդանշական է, քանի որ լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 25- ամյակը: Անկախությունը հռչակել ենք միասին և անցած քառորդ դարում հավատարիմ ենք մնացել մեր ընտրած ուղուն, թեկուզ բազում անելիքներ ունենք առջևում: ՈՒստի, բոլորիս մաղթում եմ ամուր առողջություն, նոր եռանդ և միասին աշխատելու պատրաստակամություն: Խաղաղություն մեր երկրին ու մեր օջախներին: Շնորհավո´ր Նոր տարի և Սուրբ ծնունդ»: