Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը
04.01.2016 | 13:24

Սիրելի հայրենակիցներ,
Մի քանի րոպեից մենք հրաժեշտ կտանք 2015-ին: Անցնող ամբողջ տարին իսկապես հագեցած էր իրադարձություններով ու տպավորություններով: Մենք ոգեկոչեցինք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համահայկական և համաշխարհային ընդգրկում ունեցան: Կարծում եմ, որ 2015-ը հայոց պատմության մեջ առաջին հերթին մնալու է մեր անմեղ զոհերի սրբադասման իրողությամբ:
Այս տարի մենք բոլորս համայն հայության միասնականության բացառիկ դրսևորումների վկան դարձանք: Համատեղ ջանքերով և արժանապատիվ կեցվածքով մենք մեր ուղերձը հղեցինք աշխարհին: Համոզված եմ, որ գալիք տարում ևս հայկական բոլոր կառույցները, անհատները և ողջ սփյուռքը շարունակելու են աշխատել ուս ուսի՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն հայության բոլոր հատվածների:
Այսօր աշխարհն ապրում է ծանր ու լարված պայմաններում: Ցավոք, 2015-ը ոչ միայն չբերեց լիցքաթափում և առկա պատերազմների սառեցում, այլև որոշ դեպքերում մեծացավ լարվածությունը, թեժացան պատերազմների օջախները: Աշխարհի տարբեր ծայրերում չնվազեցին
անմեղ քաղաքացիների կյանքեր խլող անմարդկային ահաբեկչական գործողությունները:
Ահա այս համապատկերում և այս համատեքստում Հայաստանն ապրեց ևս մի խաղաղ ու կայուն տարի: Մենք
շարունակեցինք լինել աշխարհի ամենաապահով երկրներից մեկը: Շարունակեցինք շենացնել մեր երկիրը, կառուցել ճանապահներ, տներ, դպրոցներ, հիվանդանոցներ՝ մտքում մշտապես ունենալով ավելին անելու
երազանքը:
Անցնող տարին մեր երկրի համար նշանավորվեց ևս մեկ կարևոր պետական-քաղաքական իրադարձությամբ: Մենք բարեփոխեցինք Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը: Համոզված եմ, որ միասին դուռ բացեցինք քաղաքական ու տնտեսական զարգացման նոր հնարավորությունների առջև: Դուռ բացեցինք ավելի ապահով, ավելի ազատ և ավելի ներդաշնակ երկիր ունենալու համար:
Ավանդաբար այս տոնական գիշերը մենք բաժակ ենք բարձրացնում մեր զինվորականների համար: Նրանք այն ամուր վահանն են, որի թիկունքում ապրում ենք մենք: Այն ամենաթանկը, ինչ ունենք, վստահված է նրանց: Եվ նրանք ամենաթանկն են մեզ համար: Հակառակորդը նենգ է, և դա նորություն չէ: Իսկ Հայաստանի զինված ուժերը ամուր են, ինչպես միշտ: Հայոց բանակն այսօր իր հագեցվածությամբ և մարտունակությամբ բարձր է, ինչպես երբևէ:
Մաղթենք մեր զինվորականներին անփորձանք ծառայություն: Մաղթենք խաղաղություն մեր երկրին և ողջ աշխարհին:
Շուտով կմտնենք 2016 թվական: Նոր տարում մենք պատրաստվում ենք նշել Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձը: Արդեն քառորդ դար մենք ազատ ենք ու անկախ: Դժվար է հիշել, թե վերջին անգամ երբ է մեր երկիրն ունեցել 25-ամյա անկախություն: Սա ենթադրում է 20-25 տարեկանների նոր ու պայծառ մի սերունդ, որ չի պատկերացնում, թե ինչ է անկախ պետություն չունենալը. ազատ է ու անկաշկանդ թե հոգեբանորեն, թե քաղաքականապես:
Սա նոր ու երիտասարդ Հայաստան է, որ բաց է աշխարհի առաջ՝ ընդունելու նոր՝ առաջադիմական գաղափարներ, ընդունելու աշխատանքի և կենցաղի նոր մշակույթ, որ ապրելու և ընթանալու է արդի աշխարհին համաքայլ: Մենք նոր տարի ենք մտնում նոր քաղաքական համակարգով, նոր լիցքերով ու հույսերով՝ համոզված, որ մեր տունը մենք ենք կառուցում և կառուցում ենք ճիշտ հիմքերի վրա: 25-ամյա Հայաստանը դեռևս մեր երազանքների Հայաստանը չէ, բայց պարտադիր և ամուր հանգրվան է այդ ճանապարհին:
Սիրելի հայրենակիցներ,
Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք նոր՝ 2016 թվականին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:

Դիտվել է՝ 442

Մեկնաբանություններ