BBC-ն հաղորդում է՝ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ իրանցի դիվանագետները Սաուդյան Արաբիան պետք է լքեն 48 ժամում: Որպես հարաբերությունները խզելու պատճառ երկրի արտգործնախարարը նշել է ցուցարարների ամբոխի հարձակումը Թեհրանում սաուդական դեսպանատան վրա: Ավելի վաղ Սաուդյան Արաբիայում մահապատժի էր ենթարկվել 47 մարդ, ահաբեկչության մեղադրանքով: Նրանց թվում՝ հայտնի շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրը: Շաբաթ օրը Իրանի ԱԳՆ-ն կանչել էր Թեհրանում Սաուդյան Արաբիայի հավատարմատարին ու բողոք էր հայտնել Նիմր ան-Նիմրի մահապատժի համար: Թեհրանում բողոքի ակցիայի մասնակիցները «Մոլոտովյան կոկտեյլներ» էին նետել Սաուդյան Արաբիայի դեսպանատան ուղղությամբ: Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին Ան-Նիմրայի մահապատիժը «քաղաքական սխալ» էր որակել և հայտարարել, թե հոգևորականի արյունը հետևանքներ է ունենալու: Թեհրանում հարձակում է տեղի ունեցել Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, ներխուժել են դեսպանատան տարածք և հրկիզել շենքը, կոտրել կահույքը: Հարձակվողներին դուրս են մղել ոստիկանները: