Trend գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը հայտարարել է, որ մեկամյա ընդմիջումից հետո 2015-ի դեկտեմբերի 19-ին Բեռնում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը չափազանց կարևոր էր։ Թեպետ չի հաջողվել բեկում գրանցել հանդիպման ժամանակ՝ համանախագահները ձգտելու են նախագահների հանդիպում կազմակերպել նաև նոր տարում: «Արդեն իսկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են մի ամբողջ շարք հարցեր՝ ներառյալ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումները, հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկները։ Համանախագահները շարունակելու են իրենց աշխատանքները երկու երկրների արտգործնախարարների հետ՝ հասնելու հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրին, բռնությունների առաջացման ռիսկերի կրճատման միջոցներին ու Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև երկխոսության հետագա առաջխաղացման ծրագրին»,- ասել է Ջեյմս ՈՒոռլիքը։ Նա ընդգծել է, որ հակամարտության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և ԱՄՆ-ն աջակցում է հակամարտության կարգավորման ուղիների որոնման՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին. «Մենք կողմերին առաջարկում ենք կառուցողաբար մոտենալ առաջիկա գագաթնաժողովին և օգտագործել հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու հնարավորությունը»։