ԱՄՆ իշխանություններն անհրաժեշտ չեն համարում Իրանից ներողություն խնդրել երկրի տարածքային ջրերում հայտնված ռազմական նավաստիների միջադեպի համար՝ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Ինձ հայտնի է, որ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ելույթ է ունեցել, և ԱՄՆ-ը պաշտոնապես ներողություն չի խնդրել»,- ասել է նա: Նրա խոսքով՝ մամուլում որոշակի հորինվածք կա և տպավորություն է ստեղծվել, իբր ներողություն է խնդրել»: «Միջադեպի պատճառը մեխանիկական անսարքությունն էր: Հարցը լուծվել է դիվանագիտական ճանապարհով, ինչը միշտ կատարյալ տարբերակ է»,- ասել է Թոները: «Բայց ես չեմ կարծում, որ ներողությունների անհրաժեշտություն կա»,- ընդգծել է նա: Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս» էլիտար ստորաբաժանումն ազատ է արձակել 10 ամերիկացի նավաստիներին, որ ձերբակալվել էին Քուվեյթից Բահրեյն ուղևորվելիս Իրանի տարածքային ջրեր մտնելով: Պետական հեռուստատեսությամբ ընթերցված հայտարարության համաձայն՝ խումբն ազատ է արձակվել «ներողություն» խնդրելուց հետո։