Կոռուպցիայի դեմ պայքարում ԱՄՆ-ի կառավարությունը ուրախ է համագործակցել Հայաստանի գլխավոր դատախազության հետ՝ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ հանդիպման ժամանակ։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ հանդիպմանը մասնակցել են գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան մշտական իրավական խորհրդատու Ջոն Լուլեջյանը, ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի իրավաբան-փորձագետ Քրիստինա Աֆոյանը: Կոստանյանը նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը եղել և մնում է դատախազության գործունեության առաջնահերթություններից: Նա կարևորել է փորձի փոխանակումը օրենսդրական և գործնական առումով՝ հաշվի առնելով Հայաստանի և ԱՄՆ-ի օրենսդրությունների առանձնահատկությունները: Հանդիպմանը քննարկվել են կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ընթացակարգերին վերաբերող հարցեր: Գլխավոր դատախազը նշել է առաջնահերթությունները, որոնք առավել նպատակահարմար կլինի քննարկել դատախազների և քննիչների մասնակցությամբ ԱՄՆ-ի դեսպանատան կողմից կազմակերպվելիք աշխատանքային քննարկմանը: «Այնպիսի փորձագետների այցելությունները, ինչպիսիք են ԱՄՆ-ի արդարադատության դեպարտամենտի հակակոռուպցիոն հարցերով ավագ փաստաբան Փիթեր Այզենֆորթը, թույլ կտան մտքեր փոխանակել, թե ինչպես է հնարավոր համատեղ լուծումներ տալ այդ լրջագույն խնդրին»,- ասել է Միլսը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: