Հունվարի 22-23-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարին առընթեր զարգացման և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար Անիկ Ժիրարդենը: Պետքարտուղարը կողջունի Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը ֆրանկոֆոն միջազգային համայնքում, անցած տարվա հոկտեմբերին Ֆրանկոֆոն նախարարների 31-րդ համաժողովի կազմակերպումը Երևանում: Նա կհանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Անիկ Ժիրարդենը կայցելի Հայաստանում ֆրանսիական համալսարան, ուր մտքեր կփոխանակի համալսարանի ուսանողների հետ, կհանդիպի Հայաստանի ֆրանսախոս գործիչների հետ: Շաբաթ օրը տիկին Ժիրարդենը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ճեպազրույց կտա լրատվամիջոցներին: