Վրեժ
ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
-Գյավուրնե՛ր, շարվե՜ք,- առավոտյան նամազից հետո օսմանյան բանակում կռված, հետո զինաթափված ու բանտարկված վաշտի վաթսուն հայերին հրամայեց թուրք սպան։- Ովքեր ցանկանում են կամավոր մուսուլմանություն ընդունել, Ալլահը նրանց կյանք է բաշխելու. մեկ քայլ առաջ գան։
Ընդամենը մեկ քայլ, մզկիթում մի քանի րոպեի արարողություն, և կյանքդ փրկված է... Տղաները մի պահ իրար նայեցին՝ մի՞թե Ալլահի ողորմությամբ մուսուլման դառնալն է միակ փրկությունը։ Սպան կատաղած կրկնում էր հրահանգը, բայց ոչ մի ոտք ընդամենը մեկ քայլ առաջ չեկավ... Թուրք սպայի հայացքը մեխվել էր հայերի քարացած ոտքերին, աչքերը ուր որ է ակնախոռոչներից դուրս կթռչեն. «Էս ո՞նց եղավ, որ վաթսուն հայ մի կարծիքի են։ Դա շատ վատ է ու վտանգավոր»։ Սպան մռայլ աչքերը նախ ծանրացրեց շարքի առջևում կանգնած Տիգրանակերտի Հայնի գյուղաքաղաքից Թովմաս Պողոսյանի վրա, հետո թունոտ հայացքով չափեց վաշտի բոլոր զինաթափ տղաներին։
-Բոլորի՛ն ուղարկել ամենածանր բեռնափոխադրումների, տեսնենք ողնաշարներդ ինչքան կդիմանան, գյավուրնե՛ր. ձին ու ջորին մի ամիս հազիվ են ձգում,- հարցը սպառնալից փակեց սպան։
...Տասնհինգօրյա ծանր ու նվաստացուցիչ բեռնափոխադրումներից հետո վաշտի տղաներին տարան Էրզրում և առանց բացատրության բանտարկեցին։ ՈՒթ օր հետո նրանց տարան Աշգալա, հետո Մամախաթուն՝ նորից ճանապարհների վրա աշխատելու։ Առավոտից երեկո խրամատ էին փորում։ Իսկ թուրք ժանդարմները և չեթեները թոկով իրար կապած հայերին բերում-կանգնեցնում էին խրամատի եզրին, սպանում ինչով պատահի և հրամայում վաշտի հայերին հողով ծածկել հայերի դիակները։ Տղաները վերջապես հասկացան, որ իրենց հիմնական գործը խրամատ փորելն է և նրանցում սպանված, երբեմն էլ վիրավոր ու անգամ կենդանի հայերին թաղելը։ Սպանվածներին իրենց փորած խրամատներում թաղելը դեռ ոչինչ... Գոնե վերջում, թեկուզ մտքի մեջ, որպես մեղայական ու մխիթարություն մրմնջում էին. «Ողորմի հոգուն»։ Բայց եթե մեկը շփոթվեր ու «ողորմի»-ն բարձրաձայն ասեր, նրան էլ հանգուցյալի կողքին կպառկեցնեին և ընկերոջը կհրամայեին իրեն ողջ-ողջ թաղել։ Շատերը սարսափից երբեմն մտքում էլ «ողորմի» չէին ասում. հանկարծ թուրք սպան կկարդար իր թաքուն միտքը։ Վիրավորներին թաղելիս շատերն աչքերը փակում էին և արագ լցնում հողը։ Եթե որևէ մեկի ձեռքը դողում էր, աչքի պոչով սպային էր սարսափած նայում՝ հանկարծ չնկատի. խրամատը երկար է, տեղը՝ շատ։ Ամենադժվարը ողջերին թաղելն է. գոռում են, անիծում, հայհոյում, երբեմն ըմբոստանում։ Երբ մարմինը ծածկվում է հողով, ու միայն գլուխն է երևում, թաղողի և թաղվողի հայացքները ի վերջո մի պահ գտնում են իրար։ Պատահում է, որ թաղողի հայացքում էլ գրեթե նույն արցունքն էր. միտքը պարզ կարդացվում էր. «Եթե ես քեզ չթաղեմ, կստիպեն, որ դու ինձ թաղես»։ Իսկ ով արցունքները չէր կարողանում զսպել, անմիջապես աչքերն էր տրորում՝ իբր պատահաբար հող լցվեց. հո իր հայրենակցի համար չի արտասվում, արցունքները հողից են։
-Եթե որևէ մեկը՝ հատկապես օտար երկրների դիվանագետներից հարցնի թաղվածների մասին, կասեք՝ քրդերը հարձակվեցին և սպանեցին,- ամեն օր հրահանգում էին թուրք սպաները։
Վաշտը ռազմաճակատի գծից հեռու ամեն օր նոր խրամատ էր փորում, որը թուրք ու քուրդ զինվոր երբևէ չմտավ։ Վերաբնակեցման պատրվակով տեղահանում և խմբերով բերում էին հայերին։ Սկզբում խուզարկում էին, ոսկին, զարդերը հափշտակում, գազանաբար բռնաբարում կանանց ու մանկամարդ աղջիկներին, սառնասրտորեն խոշտանգում, հետո սպանում, լցնում խրամատը։ Թուրք ժանդարմները և չեթեները դա կատարում էին իբրև աշխատանք, երբեմն նույնիսկ ոգևորվում էին և հպարտանում, թե ով է ավելի արագ և շատ սպանում։ Փամփուշտը խնայելու համար սրով, կացնով, քարով, բահով ու գերանդիով էին սպանում կամ մորթում։ Երբ ձեռքերը հոգնում էին՝ հրացանով կրակում էին, սվինով հրում-գցում փոսը։
Թուրք ժանդարմների ու չեթեների համար ամենահաճելի պահը սպանվածի և վիրավորի գրպաններն ու ծոցը խուզարկելն է։ Մեկ անգամ էլ վերջում են քրքրում։ Պատահում էր՝ հագուստի ծակուծուկերում պահված ոսկեդրամ կամ զարդ էր լինում։ Գտնողները հայհոյում էին գաղտնապահ մեռելին, որ համարձակվել է իրենցից բան թաքցնել։ Մեռելին հայհոյելը թուրքի ամենաարժանապատիվ հաճույքներից մեկն էր. դա հաստատում և ցուցադրում էր նրա հաղթանակը մեռածի նկատմամբ։ Սպանդից հետո թուրք ժանդարմներն ու չեթեները ավարով հետ էին գնում և հրամայում, որ հայ խրամատագործները սկսեն ծածկել։
-Հողի տակ ժամանակ չկա՛, մենք հողի տակ հայի հետ թաղում ենք նաև հայի ժամանակը,- թրքավարի թաղումից հետո իբրև դամբանական սիրում էր փիլիսոփայել թուրք սպան՝ ոգևորելով յուրայիններին։ Թալանողների ջերմ ու ոգևորիչ արձագանքը երբեք չէր ուշանում՝ «Իշալլա՜հ»։
...Կիրակի առավոտյան Էրզրումից բանտարկյալների մեծ խումբ բերեցին և միանգամից սկսեցին կոտորել։ Թաղելու պահին վիրավոր հայերից մեկը ջուր խնդրեց։
-Կուզե՞ս՝ ջրի փոխարեն քեզ մի գնդակ տամ,- ատրճանակը նրան ուղղելով՝ ցինիկ ժպիտով հարցրեց գերմանացի սպան։- Չէ՛, գնդակն ափսոս է, կենդանի թաղեք, թող երկար տանջվի։
Երկու ասկյար վիրավորին տարան խրամատի կողմը։ «Գերմանու շուն, թուրքին ախպեր ես դարձել»,- հազիվ շշնջաց վիրավորը և թքեց սպայի ուղղությամբ։
Քիչ անց մեկ թիզ հողի տակ մարեց նաև ջուր ուզողի ձայնը։ Բոլորը հեռացան, խրամատը հանգավ մահվան պատանքում։
...Երեք օր անց տիգրանակերտցի Թովմասը չափագետի հետ փորվելիք նոր խրամատի տեղն էր որոշում։ Նրանց մոտեցավ գլուխը կապած մի հայ և հաց խնդրեց։
-Որտեղի՞ց հայտնվեցիր, ո՞վ ես,- զարմացած հարցրեց Թովմասը։
-Ինձ երեք օր առաջ թաղեցիք,- Թովմասի զարմանքին պատասխանեց անծանոթը։- Հողը լցնելիս՝ դիակները հրում էի, արանքում ազատ տեղ մնաց, մի դիակով էլ գլուխս ծածկվեց։ Հողը քիչ էիք լցրել, տարբեր ծակուծուկերից օդ էր մտնում։ Երեք օր գերեզմանում մեռելների հետ էի խոսում, դրսից լսվում էին թուրք սպաների բարձրաձայն հայհոյանքները։ Կողքիս դիակը մի քիչ հրեցի, գերեզմանից դուրս գալու հույսը դեռ չէր մեռել։ Գլխիս վրայի դիակն էլ մի քանի ժամում մի կերպ շրջեցի. նույնիսկ շնորհակալություն հայտնեցի նեխող դիակին։ Երրորդ օրը ձեռքս հողի շերտից մի կերպ դուրս եկավ, բայց վախենում էի միանգամից բացել բարակ հողաշերտը։ Սպասում էի, որ գիշեր լինի։ Բայց ուժերս վերջանում էին, հողը մի կերպ հետ տվեցի ու լույս տեսա։ Աչքերիս չէի հավատում, կարծում էի՝ երազ է կամ էլ այն աշխարհում եմ։ ՈՒժասպառ ընկա իմ շիրմաթմբին։ Ոտնաձայն լսեցի, մի կերպ շրջեցի դեմքս։ Թուրք ժանդարմը գոռաց՝ «Գյավո՜ւր, գերեզմանո՞ւմ էլ չես մեռնում։ Էս անգամ քո փոսը շատ խոր կլինի...»։
Թովմասը քարացել էր՝ իրենց խմբի կենդանի թաղածներից է։ Մի երկու բահ հող ինքն էլ լցրած կլինի։ Սիրտը կծկվեց, երակներում անհասկանալի մի ցավ արյան հետ սկսեց շարժվել մարմնում, լցվել մազանոթները։ Մի քանի վայրկյանում այդ անծանոթ ցավը կլանեց իրեն։ Ախր ինքն էլ է հող լցրել այս հայի վրա։ Թովմասը հաց ճարեց և, իբրև ներողություն ու կարեկցանք, պարզեց մահին հաղթած հայրենակցին։ Նրանից դիակի հոտ էր գալիս։ Հացի կիսածամած առաջին պատառը ցավագին կուլ տալով՝ նա գնաց դեպի փոս փորողների վրանները։ Քիչ հետո Թովմասը մտավ նույն վրանը։ Վիրավոր հայը նայում էր մի քանի քայլ հեռվում գերեզման փորող հայերին։
-Նոր խումբ չկա, ո՞ւմ համար են փորում գերեզմանը,- կամուկացով հարցրեց Թովմասը։
-Ինձ համար է, ինձ պիտի նորից թաղեն, շա՜տ խոր թաղեն. հայը մի մահով չի մեռնում։ Գոնե մի թուրք խեղդած լինեի,- ափսոսանքով շշնջաց վիրավորը։
Թովմասը հասկացավ, որ սա վիրավոր հայի վերջին թաղումն է. զինվորները չափից ավելի խոր էին փոսը փորել, թուրք սպայի հրամանով մի քանի քար էլ դրել էին հողաթմբին։
Շիրմափոսը իրեն փրկող միակ խաղաղ անկյունը թվաց։ Իր ցավն ու տառապանքը հողին կտա, հողն էլ մոր պես կգրկի իրեն։ Նույնիսկ ժպտաց փրկարար փոսին։ Վիրավոր հայը ճոճվելով մոտեցավ իր փոսին, մի պահ աչքերը մեխվեցին խոր հատակին։ Փոսից թուրքի աչքեր էին նայում իրեն, հռհռում էին ու կանչում լպիրշ հայացքով։ «Մի՞թե գերեզմանում էլ թուրքն ինձ հետ պիտի լինի, ուրեմն՝ պրծում չկա՞ նրանից, ուրեմն՝ մա՞հն էլ իմ տառապանքի վերջը չէ...»,- սարսռաց հայը։
Նույն գերեզմանում թուրքի ուրվականի հետ մնալը մահից ավելի ծանր թվաց նրան։ Ատելությամբ նորից նայեց փոսին։ Մի պահ վրեժը պղտորեց արյունը, ցավը դարձավ կրակ, որի մեջ թուրքեր էին գալարվում. «Հենց գերեզմանում էլ կխեղդեմ թուրքին, էստեղ նա մենակ է, գերեզմանում նրան չեն օգնի ոչ գերմանացին, ոչ անգլիացին, ոչ ֆրանսիացին, ոչ քուրդը և ոչ էլ կազմակերպիչները։ Վերջապես թուրքը մենակ է ինձ հետ։ Մենակ թուրքը վախկոտ է, մենակ թուրքը թուրք չէ։ Ափսոս որ սա իմ վերջին մահն է, հազար ափսոս, որ վերջին խելքս գերեզման եմ տանում»,- մահվան աչքերին զղջումով սևեռվեց հայը և փորձեց երկնքին նայել, բայց թուրքի ձեռքն ավելի շուտ հրեց նրան. «Կենդանի՛ թաղել...»։ Թաղողները հողի հետ լուռ ցավ, քարացած թաքուն արցունք ու անզոր ներողություն էին լցնում շիրմափոսի հատակին թուրքի աչքերը ճանկռող հայրենակցին։ Հայը զզվանքով թքեց շիրմափոսի հատակին և բռով հող էր լցնում թուրքի ուրվականի աչքերը։ Նա պինդ գրկել էր ուրվականի մեջքը և ողնաշարն էր ջարդում։ ՈՒրվականը մեռնող գայլի պես ոռնում էր։ Հայը հասկացավ, որ ուրվականը գերմանացուն ու անգլիացուն է օգնության կանչում, բայց գերեզմանոցում խեղդվողին ոչ ոք օգնության չի հասնի։ Թովմասի ականջում հայի ափսոսանքն արթնացավ. «Գոնե մի թուրք խեղդած լինեի»։ Միայն Թովմասը հասկացավ, որ մեռնող հայը գերեզմանում թուրքի է խեղդում։ Թովմասը բահն այնպես խրեց հողի մեջ և փայտե պոչն այնպիսի ուժով ու թեքությամբ սեղմեց, որ կոտրվի։ Հետո շտապեց վրան՝ իբր նոր բահ բերելու։
«Տե՛ր Աստված, ես այս դժբախտ հային մի անգամ արդեն թաղել եմ, երկրորդին չեմ դիմանա. իմ տված վերջին պատառ հացը դեռ նրա բերանում է։ Տե՛ր, գոնե Դո՛ւ մեռնողի սեփական հոգեհացը բերանում մի պղծիր, մի՞թե դու էլ ես թուրք...»,- մտքում Աստծու դեմ ըմբոստացավ Թովմասը։ Երբ նոր բահով մոտեցավ, շիրմափոսում արդեն հավերժական լռություն էր։ Թովմասը տեսավ հողի տակ հայի հավերժական անեծքով փակված աչքերը՝ բերանում իր տված հացի դեռ կուլ չտված վերջին պատառը։ Որպեսզի սպան չկասկածի՝ Թովմասը քիչ հեռվում ընկած սալաքարերից մեկը գրկած բերեց, որ դնի գերեզմանին։
«Ների՛ր, բարեկամ, սա էլ քո շիրմաքարը թող լինի՝ թեև հոգիդ դեռ թպրտում է հողի տակ»,- ցավով տնքաց Թովմասը և ուզեց սալաքարը հանգիստ ու բարեկամաբար դնել հողաթմբին։ Թուրքը խորամանկորեն հետևում էր։ «Ների՛ր, բարեկամ, ստիպված շիրմաքարդ պիտի թրքավարի գցեմ, ոչ թե հայավարի դնեմ»,- ցավով մտածեց Թովմասն ու մտքում հողի վրա խաչ նկարեց՝ ինչպես թաղման վերջում իրենց գյուղի քահանան էր անում։ Հանկարծ մտքում տնքոցով ջնջեց իրենց չօգնող խաչը, բայց նորից խաչեց։ Սպան հեռացավ։ Թովմասը մտքում «Հայր մեր»-ն էր շշնջում. «...Թող լինի քո կամքը երկրի վրա՝ ինչպես որ երկնքում է...»։ «Տեր, է՞ս էր քո կամքը, մենք քո միակ մատաղացո՞ւն ենք...»,- լուռ ըմբոստացավ Թովմասը, բայց որպեսզի թաղման կարգը չխախտվի, շարունակեց Տերունականը. «...Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր...»։ Թովմասը դառնորեն քմծիծաղեց. «Տվածդ հանապազօրյա հացը սեփական հոգեհացն է»։ Թովմասն աղոթքում փնտրեց գոնե մի հուսադրող տող. «Եվ մի տանիր մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից...»։ Թովմասը նորից լուռ ըմբոստացավ. «Մի՞թե լացող խրամատն է քո փրկությունը։ Այդպես թուրքին ու նրան օգնողներին փրկիր, ոչ թե քո հնազանդ զավակներին...»։ Մի քանի ժամ Թովմասը Տերունական աղոթքով վիճում էր Աստծու հետ, կռվում-հաշտվում, նորից կռվում ու նորից հաշտվում։ Բայց երեկոյան, երբ թաքուն մոտեցել էր շիրմաթմբին, Աստծու հետ վիճեց ու այլևս չհաշտվեց, խռով մնաց։
Մթի մեջ խրամատի մոտ թուրք գիշերապահների խոսքը ականջին հասավ. «Ասում են՝ ռուսական զորքը հայ կամավորների հետ գրավել է Երզնկան, վատ հոտ է գալիս դրանից...»։ Թովմասը կամաց պառկեց շիրմաթմբին՝ իր դրած սալաքարի ուղղությամբ։ Ականջը դրեց հողին։ Հեռվից, շա՜տ խորքից պարզ լսվում էին երկրորդ մահով մեռած հայի խոսքերը. «Թովմա՜ս, ես երկրորդ անգամ թաղվեցի ու նոր հասկացա, որ հայի երկրորդ՝ վերջին խելքով պիտի ապրեի, որ երկու անգամ ինձ չթաղեին։ Բոլորին հասկացրու...»։ Թովմասը կամացուկ խոսում էր հայրենակցի հետ։ Գիշերապահները մեռածների հասցեին հայհոյանքներով հեռացան՝ գրպաններում նորից շոշափելով օրվա թալանած ոսկիները։ Խրամատն արտաշնչում էր հայի մռունչն ու գերեզմանում գալարվող գորշ գայլի ուրվականի ոռնոցը։
Գիշերը իր սև պատանքով գրկեց խրամատը և Թովմասի հետ շշուկով զրուցող շիրմաթումբը, որից լույս էր դուրս գալիս։ Թովմասը դեռ չէր հաշտվել իր անզոր Աստծու հետ ու այդպես խռով էլ մթի մեջ, շրջանցելով գիշերապահներին, անձայն հեռացավ դեպի փոքրիկ ձորակը։ Քչախոս առվակի մեղմ կոհակների մեջ լուսնի մահիկը փշուր-փշուր էր լինում։ Երկու ափ ջրով ցողեց դեմքը, մի քիչ շունչ քաշեց, հիշեց դեպի Երզնկա տանող ճանապարհի արահետը ու գնաց հայի վերջին խելքի ճանապարհով։
Իսկ խրամատը լալիս էր։