Աթենքում գտնվող ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 21-ին հանդիպել է Հունաստանի «ՊԱՍՈԿ» կուսակցության նախագահ, նախկին արտգործնախարար Էվանգելոս Վենիզելոսի հետ: Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման, խորհրդարանական տարբեր հարթակներում միմյանց սատարելու անհրաժեշտությունը: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու փորձերը և ընդգծել, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով: Էդուարդ Շարմազանովի խոսքով` Ադրբեջանի կողմից Մինսկի խմբի համանախագահությանը շրջանցելու ջանքերը, հակամարտության կարգավորումն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը դատապարտելի են: Էվանգելոս Վենիզելոսը համաձայնել է ԱԺ փոխնախագահի հետ և նշել, որ ԵԽԽՎ-ում երկու նման բանաձևերի նախագծերի ընդունումը չի բխում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման շահերից և հակասում է Մինսկի խմբի համանախագահության դիրքորոշմանը: