«Հանուն օրենքի» հասարակական շարժման մի քանի տասնյակ անդամներ հունվարի 25-ին, Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև բողոքի ակցիայով արտահայտեցին իրենց մտահոգությունը հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվող երկու հակահայկական բանաձևերի առնչությամբ։
«Մեծ վրդովմունք է առաջացնում բրիտանացի պատգամավորի զեկույցը, որում նա հայերին անվանում է զավթիչներ` այսպիսով թև և թիկունք տալով Ադրբեջանի ագրեսիվ և ոչ ադեկվատ պահելաոճին ու վտանգելով խաղաղությունը տարածաշրջանում: Զեկույցները միակողմանի են և բխում են միայն Ադրբեջանի շահերից: Մենք չենք հանդուրժելու որևիցե ընդվզում Ղարաբաղի ազատագրված տարածքների նկատմամբ, դրանք ազատագրվել են 6000-ից ավելի մարդկանց արյան գնով»,- դեսպանատան առջև հայտարարեց հասարակական շարժման համակարգող խմբի անդամ Արման Ղուկասյանը։
Շարժման անդամներին մոտեցավ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ամիաս Մուրզը, ակցիայի մասնակիցները նրան փոխանցեցին դեսպանին ուղղված պահանջը` միջնորդելու, որ բրիտանացի պատգամավոր Ռ. ՈՒոլթերը հրաժարվի ԵԽԽՎ-ում իր «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» զեկույցից։ Ամիաս Մուրզը խոստացավ հանձնել դեսպանին։ Ակցիայի կազմակերպիչները, հայտարարությունից բացի, բրիտանական դեսպանատանը փոխանցեցին նաև հայկական իշխանի խավիար` որպես սիմվոլիկ «կաշառք»` ընդգծելով, որ ԵԽԽՎ-ն կուլ է գնում ադրբեջանական խավիարային դիվանագիտությանը: Փոխդեսպանը չընդունեց խավիարը՝ ասելով, որ «դեսպանը բուսակեր է», փոխարենը շարժման երկու ներկայացուցիչ հրավիրեց դեսպանի հետ քննարկելու իրենց մտահոգությունները, երիտասարդները հրաժարվեցին դեսպանի հետ հանդիպումից։ Շարժման անդամներին մտահոգող մյուս զեկույցը` «Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում բնակիչները միտումնավոր ջրազրկվել են» վերնագրով, հեղինակել է Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Միլիցա Մարկովիչը։