ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հակահայկական երկու բանաձևերի քվեարկությանը, ասել է. «Ես չեմ ցանկանում անդրադառնալ ԵԽԽՎ-ում երկու բանաձևերի բովանդակությանը, ամբողջ ընթացքին, և թե ինչպես եղավ, որ այդ բանաձևերը հասան մինչև լիագումար նիստ: Հայաստանյան մամուլը, Հայաստանի քաղաքական վերլուծական շրջանակները վերջին ամիսներին իրենց քննարկման հիմնական թեման դարձրել էին այս բանաձևերը»: ԵԽԽՎ-ում, չնայած մեծ ջանքերին, գտնվեցին պատգամավորներ, որ կողմ քվեարկելով նախագծին՝ մտան շատ վտանգավոր մի գործընթացի մեջ, որի հետևանքները կարող են լինել անկանխատեսելի: Սարսանգի ջրամբարի վերաբերյալ Միլիցա Մարկովիչի զեկույցի վերաբերյալ Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Այդ զեկույցն ընդունվեց, և այստեղ մենք վերլուծելու, քննարկելու, հետևություն անելու շատ բան ունենք, բայց նաև պիտի հասկանանք, որ մթնոլորտի լրջագույն փոփոխություն է նկատվում ԵԽԽՎ-ում»:
Նա կարևորեց քվեարկությանը բրիտանացի պատվիրակների պահվածքը. «Բրիտանական պատվիրակությունը որևէ անգամ այսպես բացահայտ դեմարշ Ադրբեջանի հանդեպ ցույց չի տվել, ինչն արվեց ՈՒոլթերի զեկույցի ժամանակ: Բրիտանացի պահպանողականները կամ քվեարկեցին ձեռնպահ, կամ պաշտպանեցին մեր դիրքորոշումը՝ դեմ քվեարկելով ՈՒոլթերի զեկույցին: Մենք պետք է սա շատ գնահատենք, որովհետև հասկանում ենք Ադրբեջանի և Բրիտանիայի շատ սերտ նավթային կապերը: Եվ երբ բրիտանացի պահպանողականները, և ոչ միայն նրանք, մյուս խմբերում ներկայացված պատվիրակները ևս, չսատարեցին ադրբեջանամետ այս նախագիծը, սա իսկապես ես շատ լուրջ և կարևոր ձեռքբերում եմ համարում»: ՈՒոլթերի զեկույցի մերժումը Նաիրա Զոհրաբյանը համարում է մեսիջ միջազգային հանրությանը, և «մենք պետք է կարողանանք ճիշտ աշխատել եվրոպացիների հետ և չոգևորվենք»: