Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Կապույտ երազը՝ իբրև համագրողական ու համամարդկային երջանկության Գաղտնաբառ

Կապույտ երազը՝  իբրև համագրողական ու համամարդկային երջանկության Գաղտնաբառ
31.01.2016 | 14:34

(ընթացիկ մտորումներ Նարինե Ավագյանի պոեզիայի առնչությամբ)


Օդի մեջ կախվել է մի կապու՜յտ երազ։
Ա՜խ, տեր իմ Աստված,
ինձ թևեր են պետք...
Մատներիս միջով սյուքի պես լռի՜կ
երջանկությունը մաղով է անցնում,
ինձ թևեր են պետք՝
լայն փետուրներով,
որ ծակոտիկներ
չունենան բնավ։
Կապույտ երազը՝
նա ինձ է սպասում...


Ն.Ա

Դուք էլ եք, չէ՞, կարծում, որ այս բանաստեղծության տակ հավասարապես ստորագրելու են բոլորը: Կարծում եք՝ գրողի, մարդու երջանկությունն այլու՞ր է, այլազան դրսևորումնե՞ր ունի: Ո՛չ: Հասկացված լինելու, համահեղինակության աննկարագրելի տածումն ու ներսատրոփն է, որ փխրեցնում է մեր կարծրացած նյարդը, մեր դառնահեծ ու կարոտաբեկ ապրումները դարձնում ապրելիք երջանկություն: Նարինե Ավագյան բանաստեղծին հաջողվում է մեզ հրամցնել ոչ թե գեղեցիկ բառեր, այլ բառակերպումի շնորհքով՝ երջանկության հույս-գաղտնաբառը (пароль) – հանց կապույտ երազ՝ առ այդ ավետյաց հանգրվանը բանաստեղծական ու մարդկային թևումներով:
Այդպե՛ս է, ճշմարիտ գրողի գործը նույնիսկ տառապանքը գեղեցիկ երգելու մեջ է, գեղեցկի ու երջանկության մասին պատումներ հյուսելն է՝ անանձնական խնդություններ ու բերկրումներ ներարկելու մտապայծառացումներով…Եվ, տեսեք, թե որքա՜ն գեղեցիկ է նարինեավագյանական պատկերը, ոչ մի ավելորդ բառ, ոչ մի արհեստական բառաբարդում, ծաղկումներ՝ ներսուդրսային ներդաշնությամբ, գեղարվեստի՝ դյուրընկալ ու խորագնա թանաքումներով…


Ափերիս մեջ՝ ձմեռ կանաչ,
Տերևաթափ ու խե՜նթ գարուն,
Ափերիս մեջ՝ մի ապրած կյա՜նք,
Դեռ չապրածիս հույսեր անհու՜ն:


Ն.Ա


Նախքան Նարինե Ավագյանի բանաստեղծական սրտառուչ գրակերպումերի առանցքը, լույսուստվերները քննելը, կարճառոտ հիշեցնենք, որ ժամանակակից գրականության երիտասարդ սերնդի շնորհալի ներկայուցիչը հեղինակել է երեք ժողովածու, որոնց թվում՝ «Ես՝առանց ինձ» / 2012/ բանաստեղծություններ, «Լռության խորհուրդը» / 2014 / բանաստեղծություններ և «Մանկության մորորակը» / 2015 / մանկական բանաստեղծությունների ժողովածու:
Այո՛, մենք սովոր ենք բանաստեղծության մասին մեր պատկերացնումները զուգահեռել մեր անմիջական նախասիրություններին, դրանք չափել մեր անցյալ-ներկա-ապառնի ապրումների մակարդակում, և մեր վերաբերմունք – գնահատականն էլ մեծապես պայմանավորված է հանգամանքով, թե մեր ընթերցած Գիրը որքանով է համահունչ մեր մտածումներին: Դա գրականության ուղիղ և բնական ձևառումն է, թեպետև՝ որոշակիորեն պարզունակ է ու անհատական:
Խորհրդարային շրջանում և հիմա էլ, մեզ հավաստիացնում են, որ գրականության, արվեստի, մշակույթի կենտրոնաձիգ գործառույթ-առաքելությունը՝ սերունդներ կրթելն է, գեղարվեստի ու հոգևոր մշակույթի բարձր արժեքայնության մասին տարատեսակ քարոզչությամբ: Այդ ընկալումը ևս տրամաբանական է, որովհետև գեղարվեստը, մշակույթը վերտառային, ասել է թե՝ տրաֆարետային նշանակություն չունեն և դրանց նշանառությունը ներքին կրթումի, հոգեմտածումային խորաշերտերի գաղտնազերծումն ու նշանավորումն է: Եվ պոետը տանելու է դեպի այլության, ուրիշության սահմանագիծը՝ երկվությունը մեկտեղելով սիրածրար ներդաշնակության մեջ.


Մի ուրիշ երկինք կժպտա վերից
Կբացվի քո դեմ մի ուրի՛շ աշխարհ,
Հոգիդ՝ խոնջացած տամուկ օրերից,
Կարթնանա գրկում իմ սիրածրար...


Ն.Ա


Նարինե Ավագյանի պարագային բանաստեղծությունը ոչ թե վերջնական գիր է, այլ ընտրված բառերի ու ընտրվելիք խորհրդածությունների նախնական (ելակետային) տեքստ-հաղորդագրություն, որ նույնիսկ կարելի է քննել լռության ծեսով (այդ մասին, ի դեպ, հեղինակը գրակերպել է իր «Լռության խորհուրդը» ժողովածուի՝ ոչ սոսկ-վերնագրային շերտերում):
Հապա փորձեք այս պատկերը կարդալ աչքերով, լռելյայն – տպավորությունը ուղիղ համետական է լինելու այն ճշմարիտ պնդումին, թե բանաստեղծությունը բարձր արտասանություն չէ, ասմունքից անդին է, բանաստեղծությունը բառերի մասին չէ, լռության մասին է ավելի շատ՝ ծով անկեղծությունից մինչև բոցակեզ, զգացավառ Խոսք ու Գիր.
... Դու աճեցրու սին հոգիներում
Ծո՜վ անկեղծության չքնաղ մի պարտեզ,
Որտեղ ծաղիկը պատրանք է սպանում,
Եվ կյանք է տալիս երկինքն հրածին
Պարզ գաղափարին՝ խոսքով բոցակեզ:


Ն.Ա

(«Աղոթք առ Աստված»)


... Աներկբար է, որ բանաստեղծն ու նկարիչը, ռեժիսորն ու երաժիշտը հաճախ արարումի ընթացքին հայտնվում են գյուտի գիտակցության մեջ՝ առանձին բերկրանք ապրելով գտնված բառի, պատկերի, դարձվածքի շնորհիվ: Որովհետև արվեստի յուրաքանչյուր գործ հղացումից մինչև արարում ունենում է թաքնատեսական խորքեր: Մնում է միայն՝ գտնել գաղտնաբառ-կոդը, որով բացելու ենք պոետի և մարդու հարաբերումի՝ աստվածային ելումուտի դռները:
Եթե ջանանք ողջամիտ ու անսեթևեթ ձևակերպ-բնորոշում տալ Նարինե Ավագյանի գրականությանը, պոեզիային, որ հաստատապես ինքնօրինակ է ու յուրատիպ, գաղտնաբառն անշուշտ լինելու է ՛՛երջանկությունը՛՛, իսկ ահա հեղինակին կարելի է կոչել երջանկության երգիչ, ծաղկող: Եվ, հավատացե՛ք, երջանկության երգիչ լինելն առավել դժվար է, քան, ասենք, սիրերգակ լինելը: Սիրավառ հոգին ինքն իրեն հնչում է, առանց ճիգ ու ջանքի, սիրասուն տեսակը սիրում է ու քերթությունները, արարումները շաղախում սիրով, սիրատառապանքով՝ երբեմն մեկուսանալով ու անձնականացման ծիրում մոռանալով մյուս և մյուսների երջանկությունները...
Մինչդեռ, տողանցել սեփական ցավերն ու տագնապները և սաղմոսերգել հանուր երջանկությունը (առաջին դեմքով ասվածը, գրվածը հավաքական գոյականի ներքին հայեցակարգ ունի անպայման)՝ մեծ կամքի ու գրողական շնորհքի երջանկահամատեղելի բարեպատեհություն է, որոնցով օժտված է լինում երջանկության երգիչը, մեր պարագային՝ Նարինե Ավագյանը.


Ու կնկարեմ ես երջանկություն…
-
Երբ խորո՜ւնկ քնով քնած կլինեն մարդկությունը ողջ և աշխարհն արար,
Երբես՝անքունս, նավակով հոգուս կլողամ սիրուդ ջրերում վարար,
Երբ հոգետոչոր, քաղցր մեղեդին կշոյի հոգնած ականջս սիրով,
Կգտնեմ մի թուղթ, կամ պատին սպիտակ
Ճակատագրի մատներից հոսող անգայթ թանաքով,
Արվեստագետի վրձինով հմուտ,
Ես կնկարեմ խե՜նթ երջանկություն՝հատուկ քեզ համար, հենց քո՛ անունով,
Ճերմակ՝կարապի փետուրի նման,
Անհատակ՝ինչպես զուլալ սիրոծով:

Թավիշանման ու նաև փափուկ, որ բարձի տեղակ գրկես դու նրան,
Ու քնես վրան,
Շաղավոտի պես մեղմ ու անաղմուկ,
Որ դու չլսես, բայց հոգուդ բոլո՜ր ելևէջները
Ծածու՜կ զգան նրան ու անէանան:
Իսկ չես հարցնումթե ինչ տեսք ունի երջանկությունը՝սիրով նկարված,
Կորաձև է նա կամ եռանկյունի, միջուկը նրա... Ինչով է լցված:
Չգիտեմ, իմ սե՜ր, անունը նրա,
Կաղապար է դա՝աշխարհում երբեք նախկինում չեղած,
Իսկլցոնված է սիրաբաղձ երգով՝լուսարբած հոգուս ընդերքից պեղված:
Երջանկությունը, որ կնկարեմ արվեստագետի հմուտ վրձինով,
Ճակատագրի մատներից հոսող թանաքով անգայթ,
Կախ կտամ փայլող ձյան գորգի վրա
Նու՜րբ նարնջագույն արտացոլանքով այն լուսամփոփից,
Որ ճրագում է փողոցը քո տան:
Թող նա ներս նայի քո պատուհանից,
Թող դառնա սիրուս մշտարթուն վկան:
Երջանկությունը, որ կկերտեմ ես կտավի վրա՝ գույներով կյանքի,
Մեր սիրո պատին կախված կլինի ու ջահի տեղակ կլուսարձակի:

Ն. Ա


Երջանիկ տպավորությամբ ու գնահատանքով՝
Արա ԱԼՈՅԱՆ

Դիտվել է՝ 173751

Մեկնաբանություններ