ԵԽԽՎ-ում ներկայացված զեկույցների հարցում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումը ոչ ոքի համար անակնկալ չէր՝ փետրվարի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա հիշեցրել է, որ ՄԽ-ն միջազգային հանրության կողմից ճանաչված միակ ձևաչափն է։ «Համանախագահները բազմիցս արտահայտել են իրենց դիրքորոշումը, որի համաձայն՝ բանակցություններն այլ ձևաչափի տեղափոխելը կարող է ոչ միայն չնպաստել, այլև վնաս հասցնել կարգավորման գործընթացին։ Նման հայտարարություն էր արվել նաև ԵԽԽՎ նիստից առաջ»,- հիշեցրել է նախարարը։ Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանի արձագանքը նույնպես անսպասելի չէր, քանի որ առաջին հերթին այդ հայտարարությունն ուղղված էր նրան։ «Չէ՞ որ նրանք փորձում են փոխել ձևաչափը։ Հայաստանը բազմիցս ասել է նույնը, ինչ ասում են համանախագահները։ Մեր դիրքորոշումները համընկնում են»,- հայտարարել է արտգործնախարարը։ Նրա խոսքով՝ ընդունած զեկույցը տեխնիկական է և ի սկզբանե քննարկվում էր ոչ թե քաղաքական, այլ սոցիալական հարցերով հանձնաժողովում։ «Մեկ այլ հարց է, թե որքանով է զեկույցն ընդունելի, եթե նրա հեղինակը անգամ չի եղել Սարսանգի ջրամբարում՝ չնայած նրան բազմիցս հրավիրել են։ Դա թողնենք նրանց խղճին, ովքեր կողմ են քվեարկել զեկույցին»,- նշել է նա։ Նախարարը հիշեցրել է, որ Ադրբեջանի իշխանություններն իրենք են ասում, որ բանաձևերը «թղթի կտոր» են։ «Մենք դա չենք ասում, բայց միաժամանակ պետք չէ չափազանցել նման զեկույցների նշանակությունը։ Ադրբեջանի շահերին ծառայողները, որոնք չեն եղել Ղարաբաղում և չեն պատկերացնում նրա տեղը քարտեզի վրա, չեն կարող մեզ թելադրել, թե ինչպես է պետք լուծել այդ հարցը։ Ադրբեջանն առաջին անգամ չի փորձում օգտագործել ԵԽԽՎ-ն։ Նման բանաձևեր էլի են եղել։ Եվ ինչպե՞ս են նրանք ազդել գործընթացի վրա»,- հարցրել է նախարարը։ Նալբանդյանը նշել է, որ փաստացի Ադրբեջանը դիտավորյալ անում է ամեն ինչ, որպեսզի խանգարի համանախագահների ջանքերին։ Անդրադառնալով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների և հայ դիվանագետների հասցեին հնչող քննադատությանը, ԱԳ նախարարը դիվանագետներին համեմատել է հայրենիքի զինվորների հետ և ընդգծել, որ անբարոյականություն է քար նետել զինվորների ու դիվանագետների ուղղությամբ: «Եվ դիվանագետները, և պատգամավորները արել են ամեն ինչ, որպեսզի թույլ չտան քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել կարգավորմանը»,- ընդգծել է Նալբանդյանը: