Հայաստան - Եվրամիություն բանակցությունների մեկնարկից երկու ամիս անց պաշտոնական Երևանին կրկին հիշեցնում են, որ Հայաստանն ավելի մեծ աջակցություն կստանա Եվրամիությունից միայն ավելի շատ բարեփոխումների դիմաց: Արևելյան գործընկերության նախաձեռնող երկրներից Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի ու Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Երևանում կայացած համատեղ ասուլիսին Վալստրյոմը հայտարարեց. «Շվեդիան այն երկրների խմբում է, որոնք ջանք են գործադրում Արևելյան գործընկերությունը առաջ մղելու և ԵՄ օրակարգում որպես գերակայություն ամրագրելու համար: Դուք կարող եք վստահել մեզ, հույս դնել մեզ վրա: Արևելյան գործընկերության հետ կապված, թերևս, ավելի անհատական մոտեցման ականատեսը կլինենք: Սա նշանակում է երկրների հետ առանձին-առանձին գործ ունենալ՝ կիրառելով «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքը: Կարծում ենք, ակտիվացված շփումները առաջ գնալու լավագույն ճանապարհն են, որովհետև պետք է հստակ իմանանք, թե այստեղ ինչ է կատարվում, ինչ առաջընթաց ունեն բարեփոխումները: Շրջանակային համաձայնագրի կնքումը այս ամենի լավագույն ցուցիչը կլինի»: Նոր շրջանակային համաձայնագրի շուրջ Հայաստանի ու Եվրամիության բանակցությունները մեկնարկել են անցած դեկտեմբերին Բրյուսելում՝ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Եվրամիության արտաքին քաղաքականության ու պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի մասնակցությամբ: Սպասվում է, որ Մոգերինին մարտին կայցելի Երևան, ինչը կարող է նոր թափ հաղորդել բանակցություններին: Օրվա երկրորդ կեսին ընդունելով Մարգոտ Վալստրյոմին՝ Հայաստան - Եվրամիություն բանակցություններից է խոսել նաև նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեծապես գնահատելով Եվրամիության աջակցությունը Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: