Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 13-ին Մյունխենում հանդիպել է Կատարի արտգործնախարար Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին: Արտգործնախարարները հանգամանալից քննարկել են երկկողմ հարաբերությունների խորացման հարցեր՝ նշելով, որ մեծ ներուժ կա երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար: Զրուցակիցները պայմանավորվել են ակտիվացնել բարձր մակարդակով երկխոսությունը: Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ է նշել, որ անցյալ տարի արտգործնախարարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունը` Դոհա-Երևան ուղիղ թռիչքների մեկնարկի վերաբերյալ, արդեն իրականություն է դառնում։ Հանդիպմանը քննարկվել են գործարար կապերի ակտիվացմանը, իրավապայմանագրային դաշտի զարգացմանը, միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին առնչվող հարցեր: Հայաստանի և Կատարի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի, սիրիական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ: Էդվարդ Նալբանդյանը հրավիրել է Շեյխ Մոհամեդ բեն Աբդուլռահման Ալ-Թանիին Երևան: