«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Ցեղասպանությունների դատապարտումը կցրի խավարը

Ցեղասպանությունների դատապարտումը կցրի խավարը
26.02.2016 | 13:50

Աշխատանքային այցով Բեռլինում գտնվող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը փետրվարի 25-ին Գերմանիայիում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի ուղեկցությամբ այցելել է Բեռլինի Հումբոլդտի համալսարան՝ մասնակցելու «Քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը Օսմանյան և Քեմալական Թուրքիայում» միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով.
«Օսմանյան կայսրությունում և Քեմալական Թուրքիայում քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը համարվում է 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկը, որը խլել է հարյուր հազարավոր անմեղ հույների կյանք: Անշուշտ, ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ և որպես ՀՀ ԱԺ փոխնախագահ, և որպես երկու ազգերի ժառանգ, ում նախնիները ցեղասպանություն են վերապրել: Նախքան բուն զարգացումներին անդրադառնալը, կցանկանայի վեր հանել այս սարսափելի ողբերգության արմատները: Ես կպնդեի, որ այս հանցագործությունը միայն Առաջին աշխարհամարտի հետևանքով առաջացած և սահմանափակվող քաոսային երևույթ չէր: Այն սկիզբ է առնում 19-րդ դարում սուլթան Աբդուլ Համիդի օրոք քրիստոնյաների ջարդերից՝ շարունակվելով մինչև 20-րդ դար, երբ Ադանայում 1909-ին կոտորվեց 30 հազար հայ: Ավելին՝ 1911-ի Սալոնիկի համագումարի ժամանակ երիտթուրքերի կողմից որոշում կայացվեց, որով կայսրության քրիստոնյա ժողովուրդները համարվեցին «երկրի առաջընթացը խոչընդոտող անվստահելի տարր» և դատապարտվեցին ոչնչացման և ձուլման: Դեռ մինչև Առաջին աշխարհամարտը թուրքերը որդեգրել էին ցեղասպան քաղաքականություն՝ նպատակ ունենալով բռնի ձուլել կայսրությունում բնակվող ողջ քրիստոնյա բնակչությանը: Քրիստոնյա ժողովուրդների ճնշումները սկսվեցին 1913-1914-ին Փոքր Ասիայի արևմտյան ափին բնակվող հունական և հայկական բնակչության բռնագաղթով և նրանց հանդեպ վայրագություններով: Դրանք վերահսկում և ղեկավարում էին ներքին գործերի նախարար Թալեաթը և դոկտոր Նազըմ Բեյը՝ երիտթուրքական կառավարության ամենաազդեցիկ անդամները: 1915-ի հոկտեմբերին օսմանյան կառավարության ռազմական նախարար Էնվեր փաշան գերմանացի ռազմական կցորդի ներկայությամբ հայտարարեց. «Մենք կլուծենք հույների հարցն այնպես, ինչպես լուծեցինք հայերինը»: Հայերի ցեղասպանությունը դատապարտվեց դեռևս 1915-ին միջազգային հանրության կողմից: Անտանտի պետությունների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դեմ իրականացված ծանրագույն հանցագործությունը պատմության մեջ առաջին անգամ որակվեց «մարդկության և քաղաքակրթության դեմ իրականացված հանցագործություն»: Նույն ճակատագիրն էր սպասում նաև հույներին և ասորիներին: Չնայած Առաջին աշխարհամարտի ավարտին` քրիստոնյա ժողովուրդների նկատմամբ դաժանությունները շարունակվեցին: 1919-1922-ին Պոնտոսի հույները մեծապես տառապում էին Քեմալական Թուրքիայի ցեղասպան քաղաքականությունից:
1921-ին «The New York Times» թերթը գրում էր, որ 700 հազար հույն կոտորվել, արտաքսվել կամ մահացել է սովից հույն-թուրքական պատերազմն սկսվելուց ի վեր: Հույների հանդեպ բռնության նոր ալիքը հասավ գագաթնակետին 1922-ի սեպտեմբերին, երբ Մուստաֆա Քեմալի զորքերը ներխուժեցին Զմյուռնիա: Քաղաքը հրո ճարակի վերածվեց, հունական և հայկական թաղամասերն ամբողջությամբ ոչնչացվեցին: Այս ողբերգությունը խլեց ոչ միայն 170-250 հազար հայի և հույնի կյանք, այլև ոչնչացրեց նրանց պատմամշակութային հուշարձանները:
ՈՒինսթոն Չերչիլը Զմյուռնիայի վայրագությունները բնութագրեց. «Քեմալը քաղաքը մոխրի վերածեց և ամբողջությամբ ոչնչացրեց քրիստոնյա բնակչությանը»: Զմյուռնիայի իրադարձություններին անդրադարձավ Էռնեստ Հեմինգուեյն իր պատմվածքներից մեկում: Այս հանցագործությունը ճանաչվեց ժամանակի բազմաթիվ ականավոր գործիչների կողմից: Հետագայում քչերը, սակայն, բարձրաձայնեցին անմեղ քրիստոնյաների հանդեպ Օսմանյան կայսրության գործողությունները դատապարտելու կարևորության մասին: Նրանց թվում է Հայաստանի Հանրապետությունը: Ես հպարտությամբ եմ նշում, որ անցյալ տարվա մարտի 24-ին ՀՀ ԱԺ-ն միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է հույների և ասորիների ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում:
Հուսով եմ, որ այլ երկրներ կհետևեն մեր օրինակին և կդատապարտեն այդ սարսափելի հանցագործությունը: Ցավոք, Թուրքիան առայսօր շարունակում է ժխտողական քաղաքականությունը: Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ: Մեր օրերում Մերձավոր Արևելքը կանգնած է նույն սպառնալիքների առջև, որոնց առջև մեկ հարյուրամյակ առաջ կանգնեցին հայերը, հույները և ասորիները: Այժմ էլ Թալեաթի և Քեմալի հետնորդներն իրականացնում են մեկ այլ ցեղասպանություն Օսմանյան կայսրության երբեմնի տարածքներից ոչ շատ հեռու: Մենք ականատեսն ենք մեկ այլ ցեղասպանության, քանի որ հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը շարունակում է մնալ չճանաչված: Իմ դիտարկմամբ` ժխտողականությունը հավասարազոր է հանցագործության իրականացմանը: Նույնը վերաբերում է նաև լռությանը:
Հետևաբար, ես կոչ եմ անում միավորվել հանուն ցեղասպանությունների ճանաչման ու դատապարտման և թուրքական ժխտողականության դեմ անկախ ազգային և կրոնական պատկանելությունից: Կարծում եմ՝ սա միակ ուղին է բացառելու մարդկության պատմության այս ամոթալի և սարսափելի էջի կրկնությունը:
Ինչպես ասում էր Անատոլ Ֆրանսը, մեծ նվաճումների հասնելու համար մենք պետք է ոչ միայն գործենք, այլև երազենք, ոչ միայն ծրագրենք, այլև հավատանք: Եվ ես այսօր մի երազանք ունեմ: Ես երազում եմ, որ ցեղասպանության ժխտումը շուտով ավարտվի, քանի որ միայն դրանից հետո վերջ կդրվի ցեղասպանություններին:
Կարծում եմ, որ Օսմանյան և Քեմալական Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունների լուսաբանումը, ճանաչումը և դատապարտումը լույս կսփռեն և կցրեն խավարը: Ես հավատում եմ լույսի հաղթանակին, հուսով եմ՝ նաև դուք:
Շնորհակալություն ուշադրության համար»:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ