Ժնևում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 29-ին հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի հետ: Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել հայ-շվեյցարական դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ, որոնց լիցք է հաղորդում բարձր մակարդակով շարունակական երկխոսությունը: Դիդիե Բուրկհալտերը նշել է, որ Շվեյցարիան կարևորում է բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր: Անդրադարձ է արվել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը, խորհրդարանական կապերին, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացմանը: Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրներ։ Հույս է հայտնվել, որ Սիրիայում հրադադարի մասին ռուս-ամերիկյան համատեղ հայտարարությունը ճանապարհ կհարթի Սիրիայում խաղաղություն և կայունություն վերահաստատելու համար:
Էդվարդ Նալբանդյանը շվեյցարացի գործընկերոջը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը` ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Դիդիե Բուրկհալտերը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման համաձայնագիր: