Բնակչության առողջության պահպանումը ցանկացած երկրի իշխանության առաջնահերթ խնդիրներից է՝ անկախ տնտեսական զարգացման մակարդակից՝ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Հանրային առողջապահության նոր մարտահրավերները» նախարարական միջազգային համաժողովի բացման ժամանակ։ Նա նշել է, որ միջազգային համաժողովի անցկացումը վկայում է, որ բժշկությունը սահմաններ չի ճանաչում, և առողջության պահպանման համար պետք է մեկտեղել ջանքերը։ «Մեր երկրի հնարավորությունների սահմաններում տարեցտարի ավելացնում ենք ոլորտի ֆինանսավորումը։ Լիահույս եմ, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն հանրային առողջապահության ոլորտում առկա հիմնախնդիրները և մարտահրավերները, կհստակեցվեն հաղթահարման մոտեցումներն ու դիրքորոշումները։ Որպես Հայաստանի վարչապետ՝ ողջունում եմ համատեղ հայտարարությամբ հանդես գալու ձեր պատրաստակամությունը։ Վստահ եմ, որ ստորագրված փաստաթուղթը լուրջ դերակատարություն կունենա մեր երկրներում մարդկանց առողջության պահպանման, հետևաբար և առողջապահական կարևոր ցուցանիշների բարելավման գործում»,- եզրափակել է վարչապետը։ Մարտի 1-2-ին Երևանում անցկացվող միջազգային նախարարական համաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի և Բելառուսի առողջապահության նախարարները, Ղազախստանի առողջապահության փոխնախարարը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական գրասենյակի քաղաքականության վարչության ղեկավարը:
«Համաժողովի նպատակն է` վերլուծել հանրային առողջապահական խնդիրները և մշակել լուծման համընդհանուր մոտեցումներ, բարձրաձայնել այս ոլորտում առկա մարտահրավերները, մոտեցնել երկրների դիրքորոշումները և հանդես գալ համատեղ հայտարարությամբ: Համաժողովի շրջանակում կուրվագծվեն և համատեղ կմշակվեն հիվանդությունների կանխարգելման և առողջության ամրապնդման ծրագրեր, որոնք ուղղված են վարքագծային ռիսկի գործոնների դեմ պայքարին»,- ասված է հաղորդագրությունում: