ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և միջազգային հանրությանը կոչ է անում «պատշաճ ճանաչում տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ որպես ազատ, անկախ և ինքնիշխան ժողովրդավարության»՝ հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի Արևելյան տարածաշրջանի գրասենյակը: 1580 բանաձևի նախագիծը նահանգի Ներկայացուցիչների պալատին ներկայացնելու նախաձեռնությունը գլխավորել են դեմոկրատական կուսակցությունից Փեթ Գարդները և Դեմեթրիուս Դագլասը, որոնք սերտորեն համագործակցել են Հայ դատի տեղի կառույցի հետ: Նախագծի օգտին են քվեարկել նահանգային խորհրդարանի թե դեմոկրատ և թե հանրապետական պատգամավորներ, քվեարկությունը կայացել է մարտի 2-ին: Հայ դատի տեղական գրասենյակի պատասխանատուները նահանգի հայ համայնքի անունից ողջունել են Գարդների և Դագլասի ջանքերը: Ջորջիան ԼՂՀ անկախությունը ճանաչած 6-րդ նահանգն է՝ Կալիֆոռնիայից, Լուիզիանայից, Մեյնից, Մասաչուսեթսից և Ռոդ Այլենդից հետո: