Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Մարմնավաճառն ու քաղաքականությունը

Մարմնավաճառն ու քաղաքականությունը
16.03.2016 | 15:21

Թիկնապահն ընդարձակ բակով Լուսինեին ուղեկցեց մինչև տան դուռը, զանգը սեղմեց ու հեռացավ։ Քիչ անց դուռը բացեց հաճախորդի կինը, Լուսինեն ներս մտավ։ Կինը անթաքույց ոտքից գլուխ տնտղեց Լուսինեին, հըմ արեց։

-Որտեղացի՞ ես,- հարցրեց կինը։
-Երևանից, բայց մի քանի տարի Թուրքիայում եմ եղել, օրերս եմ վերադարձել։
-Անձնագիրդ մո՞տդ է։
Լուսինեն պայուսակից հանեց ու կնոջը մեկնեց անձնագիրը։ Այո, անձնագրի մեջ եղած կնիքը հաստատում էր, որ տերը նոր է վերադարձել Հայաստան։
-Թուրքիայում ինչո՞վ էիր զբաղվում։
-Մարմնավաճառ էի։ Մեր խումբը բացահայտվեց ու բոլորիս «դեպորտ» արեցին,- ասաց Լուսինեն։
-Լավ, գնանք,- անձնագիրը վերադարձրեց ու իր հետևից երկրորդ հարկ բարձրանալու նշան արեց կինը։
Ընդարձակ ու շքեղ ննջասենյակում կինը ցույց տվեց հայելապատ դուռը։
-Մտիր լոգարան։
Լուսինեն լոգարանից դուրս եկավ սրբիչը թաց մարմնին փաթաթած։ Անկողնու վրա տարածված կինը ձեռքով արեց.
-Արի, ամուսինս շուտով կմիանա մեզ։
Կեսգիշերին, երբ Լուսինեն դուրս եկավ հաճախորդի տնից, մոտեցավ պատվիրված մեքենային, նույն պահին դարպասի մոտ կանգնեց մի ուրիշ ավտոմեքենա, որից իջնող տղամարդկանց ընդառաջ գնացող թիկնապահը ողջունեց մեկին հայերենով, մյուսին՝ պարսկերենով ու առաջնորդեց տուն։

***
Կեսգիշերն անց էր, քաղաքի կենտրոնական փողոցներում դադարել էր մարդկանց անցուդարձը, միայն ավտոմեքենաներն էին շարունակում սլանալ։ Լուսինեն տաքսու վարորդին խնդրեց, այն կանգնեցնել։ Իջավ մեքենայից, մտավ դիմացի մուտքը, բայց տաքսին հեռանալուց հետո, մուտքից դուրս եկավ, արագ հանեց գլխից երկարամազ դեղնավուն պարիկը, խոթեց պայուսակն ու քայլեց դեպի իրենց շենքը, ուր վերջերս էին տեղափոխվել։ Զզվանքի հետ միախառնված զայրույթը դեռ չէր անցել։ Նորություն էր իր համար, որ հաճախորդը մարմնավաճառին կհրավիրի տուն ու կառաջարկի սեքսով զբաղվել երեքով՝ ինքը, մարմնավաճառն ու սեփական կինը։ Այնինչ, հաճախորդը շարքային քաղաքացի էլ չէր, այլ երկրում պետական բարձր պաշտոն զբաղեցնող, բավականին ճանաչված մեկը, որը, ըստ լուրերի, պատրաստվում էր հանրապետության առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել։ Այո, այստեղ էլ ապրում են նման մարդիկ, որ ամբիոններից ներկայանում են, որպես ոտքերն ամպոտ հրեշտակներ, իսկ իրականում... Իսկ կինը, կի՞նն ինչպես էր համաձայնվում այդ խայտառակությանը։ Փաստորեն կնոջն էլ այդ դուր է գալիս։ Լավ, երաշխավորած միջնորդ կնոջը, ժողովրդի լեզվով ասած, Մամա Ռոզային ու նրա ուղարկած մարմնավաճառին ինչպե՞ս կարելի էր միանշանակ վստահել, թե գաղտնիությունն ապահովված է։ Ահ, սատանան իրենց հետ, բայց հետաքրքիր է, որքան գումար է դրել ծրարի մեջ։ Լուսինեն պայուսակից հանեց ծրարը, բացեց։ Հազար դոլար։ Վատ չէ, վատ չէ։ ՈՒրեմն՝ գոհ էին իր ծառայությունից։ Մոտեցավ մուտքին, ու նույն պահին էլ մայրուղով մեծ արագությամբ սլացող մեքենան հանկարծ թեքեց ուղղությունը, բարձրացավ մայթին ու արգելակեց հենց կնոջ կողքին։
-Խնդրում եմ, օգնեք ինձ,- ավտոմեքենայի բացված դռնից կիսով կախվեց մի տղամարդու մարմին։
Լուսինեն արագ մոտեցավ։
-Խնդրում եմ, թաքցրեք, ինձ հետևում են, ես վիրավոր եմ։
Լուսինեն հասկացավ, որ հարցեր տալու ժամանակը չէ։ Արագ օգնեց տղամարդուն՝ իջնել մեծ ու շքեղ, սպիտակ ավտոմեքենայից ու միայն ասաց.
-Արագ բարձրացեք երկրորդ հարկ։
Ինքը ծածկեց մեքենայի դուռն ու մտավ մուտք։ Հասցրեց նկատել, որ տղամարդը աջ ձեռքով սեղմել էր ձախ ուսը, ձեռքը արյունոտված էր։ Նույն պահին էլ մուտքի մոտ լսվեց մի ուրիշ մեքենայի արգելակների ձայնը։ Դուռն արագ բանալիով բացեց, տղամարդը հապշտապ ներս մտավ, ինքը հետևից փակեց դուռը՝ բանալին երկու անգամ պտտեցնելով փականի մեջ։ Տղամարդուն հրեց դեպի խոհանոց, ականջին կամաց շշնջաց.
-Անձայն նստեք այստեղ, ես մորս կանչեմ։
Զգույշ շարժեց հարևան սենյակում քնած մոր ուսը, մայրն արթնացավ։
-Մա, վեր կաց, բայց լույսը հանկարծ չվառես։ Հյուր ունենք, վիրավոր է, օգնություն է պետք։ Արի խոհանոց։
Ապա մոտեցավ ու ականջը դրեց դրսի դռանը։ Ոտնաձայներ լսվեցին ու շշուկներ։ Լսվեց խոհանոցում նստած վիրավոր տղամարդու հեռախոսի զանգի ձայնը։ Նետվեց խոհանոց։
-Արագ անջատեք հեռախոսը, նրանք այստեղ են, մուտքում։
Հետո մոտեցավ պատուհանին, վարագույրի արանքից զգույշ դուրս նայեց։ Վիրավոր անծանոթի ավտոմեքենայից քիչ հեռու մի ուրիշ սև մեքենա էր կանգնած, իսկ երկու տղամարդ պտտվում էին սպիտակ մեքենայի շուրջը, հետո մեկը կռացավ, մեքենայի տակն էր նայում, երբեմն էլ՝ նայում էին շենքի պատուհաններին։
Մինչ այդ, արդեն խոհանոց էր մտել մայրն ու բացել վերքը։
-Մայրս բուժքույր է, վստահեք նրան,- անծանոթին դիմեց Լուսինեն։
-Լուսինե, կամ մոմ վառիր, կամ հեռախոսի լույսով լուսավորիր, ոչինչ չեմ տեսնում,- աղջկան դիմեց մայրը, հետո դարձավ վիրավորին,- իսկ գուցե շտապ օգնությո՞ւն կանչենք։
-Ո՛չ, ո՛չ,- տեղից վեր թռավ վիրավորը,- շտապ օգնություն պետք չէ։ Օգնեք, որքան կարող եք, միայն թե արյունը կանգնի։
-Լավ,- համաձայնվեց մայրը,- Լուսինե, պերեկիսը, յոդը, սպիրտը, ռևանոլն ու պինցետը բեր։
Լուսինեն խոհանոցի սեղանին շարեց մոր ուզած դեղորայքն ու հեռախոսի լույսը գցեց տղամարդու բաց վերքի վրա։ Մայրը նախ ձեռքերը լվաց սպիրտով, հետո մաքրեց վերքն ու երկար ժամանակ ուսումնասիրում էր այն։ Լուսինեն անհանգիստ էր։
-Հը՞, ի՞նչ կա , մամ, փամփուշտը ներսո՞ւմ է, թե դուրս է եկել։
-Չէ, բախտը բերել է, փամփուշտը դուրս է եկել, վերքը ծանր չէ, արյունն էլ արդեն կանգնում է,- շշնջաց մայրը։
Աղջկա ձեռքի հեռախոսի լույսը թրթռաց ու ընկավ վիրավոր տղամարդու դեմքին։ Լուսինեն անսպասելիությունից ափով փակեց բերանը, որ զարմացական բացականչությունը չտարածվեր։
-Ինչպե՞ս, այս դու՞ք եք։
Ցավից աղավաղված դեմքով տղամարդը հոգոց հանեց։
-Այո, նա ինքը՝ խոշոր գործարար Հայկ Արամյանը։
Լուսինեն մի պահ վարանեց, ապա ասաց.
-Լավ, կարող եք չշարունակել, ամեն ինչ պարզ է։ Հիմա մաման թող ձեզ հանգստացնող ներարկի, դուք կքնեք, առավոտյան կորոշեք ձեր անելիքը։
Մայրը՝ տիկին Հասմիկը, օգնեց հանել արյունոտ վերնաշապիկը, վիրակապեց վերքը, դարձավ աղջկան.
-Լուսինե, մի հարմար մայկա գտիր, բեր պարոնի համար։
Հետո մայր ու աղջիկ բազմոցի վրա վիրավորի համար անկողին պատրաստեցին։
-Պատուհանին հանկարծ չմոտենաք,- սենյակից դուրս գալուց առաջ հանձնարարեց Լուսինեն,- ճիշտ է, հիմա չեն երևում, բայց բացառված չէ, որ ինչ-որ տեղ մոտերքում լինեն, հետևեն։

***
Հայկ Արամյանը առավոտյան աչքերը բացեց դեմքին ընկած արևի շողից։ ՈՒսը տնքում էր։ Նստեց տեղում, շուրջը նայեց։ Սովորական հյուրասենյակ էր, բազմոց, բազկաթոռներ, հեռուստացույց, դասականների գրքերի ծանրության տակ կքած գրապահարան։ Սենյակը հաճելի մաքուր էր, ճաշակով ձևավորված։ Խոհանոցից ամանների չխկոց լսեց։ Մտավ խոհանոց։ Լուսինեն էր միայն։ Գազօջախի մոտ կանգնած աղջիկը առանց շուռ գալու ասաց.
-Մաման ասաց, որ ձեզ քաղցր, տաք թեյ տամ։
Գործարարը մոտեցավ սենյակի պատուհանին, երկար նայեց դուրս, մայթին թեք կանգնած մեքենային, որը խանգարում էր անցուդարձ անողներին։
Խոհանոցի փոքրիկ հեռուստացույցով վերջին լուրերի հաղորդավարը կարդաց.
-Այս գիշեր ժամը1 անց 15-ին ընկերոջ տնից դուրս գալիս, անհայտ անձանց կողմից զինված հարձակում է տեղի ունեցել հայտնի գործարար Հայկ Արամյանի վրա։ Զինված հարձակման ընթացքում զոհվել է գործարարի թիկնապահը։ Իրեն՝ գործարարին, հաջողվել է թաքնվել։ Նրա գտնվելու վայրը և այլ տեղեկություններ առայժմ հայտնի չեն։
Լուսինեն թեյ լցրեց ու դիմեց գործարարին այնպես, կարծես հեռուստացույցով չէր էլ լսել հայտարարությունը.
-Կարող եք իմ ձեռքի հեռախոսով զանգել ձեր կնոջը, տեղյակ պահել, որ ապահով տեղում եք։
Գործարարը լուռ ու սևեռուն նայում էր մի կետի, հետո ուշքի եկավ։
-Դուք բա՞ն ասացիք։
-Ասացի, որ իմ ձեռքի հեռախոսով կարող եք զանգել ձեր կնոջը և տեղեկացնել, որ ապահով տեղում եք, բայց չնշեք հասցեն։
Արամյանը դանդաղ բարձրացրեց տաք թեյով բաժակը, մի կում արեց, նոր միայն ասաց.
-Կինս աղջկաս հետ Ֆրանսիայում է։
Շարունակում էր կումերով խմել թեյն ու մտազբաղ մի կետի նայել։
-Իսկ կարելի՞ է ձեր հեռախոսով զանգահարել ընկերոջս, գան մեքենան տանեն այստեղից։
-Իհարկե, կարող եք, բայց զգուշացրեք, որ մեքենային ամենայն հավանականությամբ պայթուցիկ սարք է ամրացված, թող նկատի ունենան։
Գործարարի դեմքը ողջ ընթացքում առաջին անգամ զարմանք արտահայտեց։
-Այդպե՞ս եք կարծում։
-Չեմ կարծում, համոզված եմ, վերլուծությունը դրան է տանում։- Նույն պահին էլ մի ուրիշ բան հիշելով՝ ավելացրեց,- հա, ձեր ընկերոջը կասեք, որ մեքենան այդտեղ թողնելուց հետո տաքսի եք կանչել ու հեռացել մի ապահով տեղ, իսկ վիրավոր լինելու մասին լռեք։
Քիչ անց, երբ գործարարը սենյակ մտավ, Լուսինեն գիշերը արյունից լվացած նրա վերնաշապիկն էր արդուկում։
Նստեց բազմոցին ու զննող հայացքով երկար նայեց երիտասարդ կնոջը։
-Լուսինե, դուք ի՞նչ կրթություն, մասնագիտություն ունեք, որտե՞ղ եք աշխատում։
Կինը, առանց գլուխը բարձրացնելու, բավականին հանգիստ ու սառը պատասխանեց.
-Կրթությունս բարձրագույն հումանիտար է, աշխատում եմ որպես մարմնավաճառ։
-Ի՞նչ,- շփոթված նստած տեղում անհանգիստ շարժվեց գործարարը։
-Այո,- արդեն գլուխը բարձրացրեց ու շեշտակի տղամարդու աչքերի մեջ նայեց Լուսինեն,- ճիշտ լսեցիք, ես մարմնավաճառ եմ և գիշերը հաճախորդի մոտից էի վերադառնում, երբ հանդիպեցինք։
Հայկ Արամյանը հանկարծ զգաց, որ կյանքում գուցե առաջին անգամ հայտնվեց մի այնպիսի հիմար վիճակում, երբ չգիտի՝ ինչ ասել, իսկ կինն անվրդով ավարտեց արդուկելը։
-Ահա, ձեր վերնաշապիկը պատրաստ է, կարող եք հագնել։
Գործարարը պատուհանի մոտ կանգնած երկար դուրս էր նայում։ Հենց այդ պահին էլ հայտնվեց ընկերոջ ավտոմեքենան։ Մի քանի մարդկանց ուղեկցությամբ ընկերը մոտեցավ մայթին կանգնած սպիտակ մեծ ավտոմեքենային, նրանցից մեկը սկսեց պտտվել, զննել ավտոմեքենան, հավանաբար մասնագետն էր, քիչ անց մոտեցավ հեռվում կանգնած ընկերոջն ու ցույց տվեց ձեռքի ինչ-որ մի իր։ Այո, պայթուցիկ սարքն էր։ Դրանից հետո տղաներից մեկը նստեց գործարարի ավտոմեքենայի ղեկին ու միացրեց շարժիչը։ Մեքենան շարժվեց տեղից ու տեսադաշտից անհետացավ։ Արամյանը մտավ խոհանոց, ուր Լուսինեն կաղամբ էր կտրատում, բորշչի պատրաստություն էր տեսնում։
-Մեքենան տարան,- ասաց ու նստեց փոքրիկ սեղանի մոտ։
Բավական ժամանակ լուռ էին, լսվում էր միայն կտրատվող կաղամբի ձայնը։
-Լուսինե։
-Այո՛, լսում եմ ձեզ,- արձագանքեց կինը։
-Լուսինե, ես կարող եմ քեզ լավ աշխատանքի տեղավորել։
Կինը լայն ժպիտով դարձավ դեպի նա։
-Ո՜չ, շնորհակալություն, ես իմ աշխատանքից գոհ եմ, ուրիշը չեմ ուզում։
-Լուսինե,- Արամյանը խոսում էր դժվարությամբ, հատ-հատ,- Լուսինե, դուք երիտասարդ, շատ գեղեցիկ կին եք, արդեն հասցրել եմ համոզվել, որ նաև շատ խելացի եք, կիրթ, զուսպ, ավելորդ ոչինչ չեք հարցնում, ոչինչ չեք խոսում, հոյակապ մայր ունեք։ Ես չգիտեմ, թե նախկինում ինչպե՞ս է դասավորված եղել ձեր ճակատագիրը, բայց հիմա ես ձեզ իսկապես ուզում եմ, գոնե, որպես երախտագիտություն, ինձ ցուցաբերած ձեր մարդկային վերաբերմունքի համար, ընդունեք իմ առաջարկը, ես ձեզ կտեղավորեմ նորմալ աշխատանքի։
-Պարոն Հայկ Արամ, կրկնում եմ, զգացված եմ ձեր առաջարկից, շնորհակալ, բայց ես այլ աշխատանք չեմ ուզում, ես մարմնավաճառ եմ, թանկ վճարող հաճախորդների պակաս չունեմ, դա ինձ լրիվ բավարարում է։
Գործարարը մի պահ մոռացավ՝ ով է ինքը, ինչու է այստեղ, անցավ դու-ի։
-Լուսինե, մի՞թե կեսգիշերին հաճախորդի մոտից վերադառնալուց հետո դու գլուխդ հանգիստ ու անվրդով բարձին ես դնում։
Լուսինեն մի պահ դադարեցրեց բանջարեղեն կտրատելը, ձեռքի դանակը դրեց ու նստեց գործարարի դիմաց, շեշտակի նայեց նրա աչքերին։
-Ճանաչված գործարար, միլիոնատեր պարոն Հայկ Արամյան, իսկ դուք ձեր գլուխը հանգի՞ստ եք դնում բարձին, երբ գիտեք, որ ձեր երկրի բնակչության 40 %-ը ծայր աղքատության մեջ է ապրում, որոնց անեծքի ուղղեկցությամբ է ձեր շքեղ մեքենան սլանում քաղաքի փողոցներով, երբ վճարունակ չլինելու պատճառով հիվանդը չի կարողանում բուժգօգնություն ստանալ ու մահանում է երիտասարդ տարիքում, երբ օրական տասնյակ մարդիկ են լքում հայրենիքն ու բախտ որոնում օտար ափերում։ Պատասխանեք, դուք ձեր գլուխը, երկրի այս պայմաններում, հանգիստ դնո՞ւմ եք բարձին։- Հետո, առանց պատասխան ստանալու ակնկալիքի, բարձրացավ տեղից ու հանգիստ շարունակեց բանջարեղենի կտրատումը։
Հայկ Արամյանը երկար կանգնեց սենյակի պատուհանի մոտ, հետո մտավ նորից խոհանոց.
-Լուսինե, կարելի՞ է ես մինչև վաղը մնամ ձեր տանը։
-Պարոն Արամյան, մնացեք, որքան որ ձեզ անհրաժեշտ լինի, մի անհանգստացեք, զգացեք, ինչպես ձեր տանը։
- Շնորհակալ եմ։
Նույն պահին Վերջին լուրերով նորից հայտարարվեց գործարար Հայկ Արամյանի վրա գիշերային զինված հարձակման մասին։
Լուսինեն վառեց գազօջախը, բանջարեղենով կաթսան դրեց վրան ու նստեց գործարարի դիմաց։
-Պարոն Արամյան, իսկ ո՞վ գիտեր այդ պահին ձեր ընկերոջ տանը գտնվելու մասին։
-Ոչ ոք,- բայց իսկույն էլ մի բան հիշեց,- Նելյան, այո Նելյան, ընկերուհիս։ Նա օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարեց ինձ, ես չգիտեմ ինչու, չէի պատասխանում, հետո ընկերոջս տնից դուրս գալուց մի կես ժամ առաջ զանգահարեցի նրան, ասաց, որ վատ է զգում, ասացի, որ մի կես ժամից Գարիկենց տնից դուրս կգամ, կգնամ իր մոտ, այո։ Այդպես էլ ասացի՝ Գարիկենց տնից։
Լուսինեն բազմանշանակալի հը՜մ արեց։
-Իսկ ինչո՞վ է զբաղվում Նելյան։
-Նա կարգին աղջիկ է, անգլերենի մասնագետ է, դպրոցահասակ մի քանի երեխաների հետ է պարապում հենց իր տանը։ Վաղուց ենք իրար հետ շփվում։
Բայց հաջորդ պահին հանկարծ Արամյանը մի տեսակ տագնապով նայեց Լուսինեին։
-Կարծո՞ւմ ես,- ու չշարունակեց։
-Ոչ, առայժմ ոչինչ չեմ կարծում։ Իսկ այս ընթացքում նրանից զանգ եղե՞լ է ձեզ։
-Այո, առավոտից արդեն հինգ զանգ եղել է, բայց հեռախոսս անջատված է։
-Լավ, պետք չէ նրան պատասխանել առայժմ, այդպես եմ կարծում։ Իսկ հիմա կարելի է նաև սուրճ խմել։
-Այո, իհարկե, ես էլ պատրաստվում էի հենց սուրճ խնդրել։
Սուրճը լցնելիս՝ Լուսինեն դիմեց գործարարին.
-Իսկ կարելի՞ է, որ ես այցելեմ ձեր ընկերուհուն,- տեսնելով դիմացինի հարցական հայացքը, չարաճճի ժպիտով շարունակեց,- ուղղակի, որպես հաճախորդ, որ ցանկանում է անգլերեն պարապել՝ առաջիկայում ԱՄՆ մեկնելու համար։
-Կարելի է,- մտածկոտ պատասխանեց տղամարդը,- նրա պարապմունքի օրը վաղն է, ցերեկվա ժամը 16-ին։
Երեկոյան աշխատանքից տուն եկավ տիկին Հասմիկը, փոխեց վիրավորի վիրակապը, ասաց, որ վերքի վիճակը նորմալ է։

***
Հաջորդ օրը հեռուստատեսային բոլոր ալիքներով վերլուծում էին հայտնի գործարարի ու քաղաքական գործչի վրա տեղի ունեցած զինված հարձակումը, խոսում էին, կարծիքներ հայտնում, և բոլորին հուզողը հիմնականում մի հարց էր՝ որտե՞ղ է Հայկ Արամյանը, արդյոք կենդանի՞ է նա։ Սենսացիայի հետևից վազող լրագրողները, իրար խառնված, միկրոֆոնը ձեռքներին վազում էին գործարարին մոտ կանգնած մարդկանց հետևից ու կարծիքներ հարցնում։ Ոչ ոք ոչինչ չգիտեր։ Գործարարը երբեմն կարճ հեռախոսազրույց էր ունենում ավտոմեքենան տեղափոխած մտերիմի հետ։
Ժամը չորսի մոտերքը դուրս գալիս, վերջին պահին, գործարարից աննկատ, Լուսինեն գլխին հագավ պարիկն ու գնաց տրված հասցեով՝ Նելյայի տուն։ Երրորդ հարկում գտնվող բնակարանի դուռը բացեց մի կին, հավանաբար տնային աշխատողը, հրավիրեց ներս ու ձայնեց տանտիրուհուն.
-Օրիորդ Նելլի, ձեզ են ուզում։
Նելլին այն երիտասարդ կանանցից էր, որոնց սովորաբար Լուսինեն անվանում էր Կաչաղակ։
-Լսում եմ ձեզ, մենք ծանոթնե՞ր ենք։
-Ո՛չ,- իրեն նոր ձայն սարքեց Լուսինեն։- Ես երկու ամիս հետո գրին քարտով մեկնելու եմ ԱՄՆ, դիմեցի անգլերեն պարապելու համար, բայց տվյալ անձն ասաց, որ ես, քանի որ լեզուն սովորելու եմ զրոյից, նախ դիմեմ ձեզ, դուք այնքան լավ եք դնում հիմքը, ինչը քչերին է հաջողվում, և տվեց ձեր հասցեն։ Այնքան լավ բաներ ասաց ձեր մասին, այնքան գովեց ձեզ, ձեր գեղեցկությունը, մարդկային հատկանիշներն ու...
-Լավ, լավ,- նկատելի դժգոհ ընդհատեց Նելլին,- իսկ ո՞վ է այդքան գովեստներ շռայլող անձը։
-Արսենը, Արսեն Բաբայանը,- իրեն չկորցրեց Լուսինեն։
-Ինչ-որ չեմ հիշում,- ձեռքը թափահարեց Նելլին,- լավ, ինչ որ է, անցեք սենյակ, կտեսնենք։
Լուսինեն իսկույն որսաց կնոջ դեմքի լարված անհանգստությունը։
Սենյակում չորս տարբեր տարիքի երեխաներ էին սեղանի մոտ նստած՝ երեք աղջիկ ու մի կլորիկ թշիկներով տղա։ Աղջիկներից մեկը շարունակեց կարդալ կիսատ մնացած տեքստը։ Լուսինեն զգաց, որ Նելլին չի հետևում ընթերցվող տեքստին, հայացքը ցրված է, անհանգիստ։ Նույն պահին էլ հնչեց կլորիկ թշերով երեխայի ձեռքի հեռախոսի զանգը։ Երեխան միացրեց հեռախոսն ու այն արագ պարզեց ուսուցչուհուն.
-Ընկեր Նելլի, պապաս է, ձեզ է ուզում։
Նելլին երեխայի ձեռքից համարյա խլեց հեռախոսն ու սենյակից դուրս գնաց։
Լուսինեն նայեց երեխաներին, դիմեց աղջիկներից մեկին։
-Անունդ ի՞նչ է, սիրուն աղջիկ։
-Քրիստինե,- պատասխանեց աղջիկը։
Հետո մյուսին դիմեց, հետո տղային։
-Վահե,- մեծամտորեն ներկայացավ տղան։
-Վայ, Վահե ջան, դու կարո՞ղ է մեր սուպերմարկետի Կարոյի տղան ես։
Աղջիկները այդ հարցից միաձայն փռթկացրին։ Վահեն կարմրատակեց, հավանաբար աղջիկների փռթկոցից ու հայացքը մի կողմ թեքելով՝ մեծավարի պատասխանեց.
-Չէ՛, ես Սարի թաղի Վրեժի թիկնապահ Պոնչո Հակոբի տղան եմ։
Լուսինեն մի պահ սարսուռ զգաց։ Ինքն այդտեղ էլ անելիք չուներ։
Ներս եկավ Նելլին, զգացվեց, որ խիստ անհանգիստ է, միանգամից դիմեց Լուսինեին։
-Խնդրում եմ, ներեք, բայց դուք եկեք մի քանի օրից կամ ուրիշ մեկին գտեք պարապելու համար, հիմա ես խիստ ծանրաբեռնված եմ, երևի չեմ հասցնի,- հետո դարձավ երեխաներին,- երեխաներ, այսօր այսքանը բավական է, ես լավ չեմ զգում, հաջորդ անգամ ավելի երկար կպարապենք այսօրվա փոխարեն, դուք էլ կարող եք գնալ։
Սենյակից դուրս գալիս ձայնեց տնային աշխատողին.
-Տիկին Ամալյա, ուղեկցեք դուրս բոլորին։

***
Հայկ Արամյանը քարացած դեմքով նստել էր խոհանոցի սեղանի անկյունում։ Զգացվում էր, որ ցնցված է Լուսինեի պատմածից։
-ՈՒրեմն՝ Սարի թաղի Վրեժն է, հա՞, եղել։- Որոշ լռությունից հետո շարունակեց,- ականջիս հասել էր, որ Վրեժը վրեժ է ուզում լուծել կորցրած քարի բիզնեսի համար, որ այս հողի վրա կամ ինքը պիտի քայլի, կամ՝ ես, բայց չէի կարծում, որ այսքան լուրջ էր ամեն ինչը։ Լա՜վ, Վրեժինը հասկացա, բայց Նելյա՞ն, ինչո՞ւ Նելյան։
Լուսինեն հավի միս էր կտրատում, կարտոֆիլ մաքրում։ Տիկին Հասմիկը աշխատանքից վերադարձել, հանգստանում էր իր սենյակում։ Հետո Լուսինեն ինչ-որ տեղ գնաց կարճ ժամանակով ու վերադարձավ, իր հետ ծխախոտ էր բերել գործարարի համար։ Տիկին Հասմիկը փոխեց վիրավորի վիրակապն ու ճաշեցին լուռ, առանց խոսքերի, վերլուծությունների։ Քնելուց առաջ տիկին Հասմիկը ցանկացավ նորից հանգստացուցիչ ներարկել, բայց Արամյանը հրաժարվեց։
-Շնորհակալություն, չեմ ուզում, ցավը մեղմ է, դիմանում եմ։
Խոհանոցում նստած հետևում էր, թե Լուսինեն ինչպես է տեղավորում արդեն լվացված ամանները։
-Լուսինե, սուրճ կարելի է, չէ՞։
-Իհարկե, կարելի է։
Երբ սուրճով լցված բաժակները Լուսինեն ցանկանում էր սենյակ տանել, Արամյանը կանգնեցրեց նրան։
-Ոչ, այստեղ, խոհանոցում ավելի հարմար է։
Հետո, այս ողջ ընթացքում երևի առաջին անգամ ժպտաց։
-Խոհանոցի այս անկյունն ինձ հարազատ է դարձել։- Վառեց ծխախոտն ու շարունակեց,- թվում է, մի ողջ կյանք այստեղ նստած հետևել եմ, թե դու ինչպես ես ճաշ պատրաստում, ամանները լվանում, անաղմուկ տեղավորում։
Գլուխը կախեց ու նորից լռեց։ Լուսինեն զգաց, որ նա խոսելու կարիք ունի։
-Սուրճը կոնյակով փորձե՞լ եք, ինձ շատ է դուր գալիս։
ՈՒ դարակից հանեց կոնյակի շիշը, բերեց բաժակները։ Գործարարը լցրեց բաժակները, բարձրացրեց իր բաժակն ու հայացքն հառեց մութ պատուհանից դուրս։
-Լուսինե, կինս հոգեկան խնդիրներ ուներ, ունեցել էր դեռ նախքան ամուսնանալը, բայց ծնողները թաքցրել էին ինձնից։ Աղջկաս ծնվելուց հետո հիվանդությունն ավելի խորացավ։ Բժիշկները հրաժարվում էին օգնել, ասում էին, պետք է հանձնել համապատասխան հիմնարկություն։ Ծնողները շատ վաղուց տեղափոխվել էին Ֆրանսիա, վատ մարդիկ չէին, նրանք էլ տառապում էին դստեր համար։ Ես զգուշանում էի, որ նրա հիվանդության մասին լուրը չհասնի հետաքրքրասերներին ու լրագրողներին, համարյա փակի տակ էի պահում խեղճին։ Հաճախ էի հիշում Շ. Բրոնտեի «Ջեյն Էյրը», ինձ նմանեցնում էի Ռոչեստրին։
Կոնյակը մի կում անելուց հետո նորից շարունակեց։
-Երկու տարի առաջ ծնողները կնոջս տարան իրենց մոտ, աղջիկս չցանկացավ լքել մորը, հետը գնաց։ Համարյա ամեն օր խոսում ենք աղջկաս հետ, մի քանի օր առաջ կնոջս տարել են հոգեբուժարան։
Երկար լռեց։
-Մեկ տարի առաջ եմ հանդիպել Նելյային։ Չեմ կարողանում հասկանալ, թե ինչու։ Ամեն ինչ տվել եմ, ամեն ինչ ունի, միշտ եղել ենք լավ հարաբերության մեջ։ Չեմ կարողանում հասկանալ, ուրիշ ինչ էր ուզածը։
-Դուք նրան սիրո՞ւմ էիք,- հարցրեց Լուսինեն։
-Ոչ, չէի սիրում, սկզբում ուղղակի դուր էր գալիս, հետո արդեն հարմար էր։
Երկար նստեցին խոհանոցի սեղանի մոտ, սուրճը մի քանի անգամ թարմացրին։ Արամյանը խոսում էր, հիշում, պատմում։ Լուսինեն նրան չէր ընդհատում։ Գիշերն անցավ։ Լուսադեմին գործարարն ասաց.
-Լուսինե, տաքսի կանչիր, ես պետք է գնամ։
-Իսկ ո՞ւր ես որոշել գնալ։
-Այսօր սպանված թիկնապահիս թաղումն է, ճիշտ է, հանձնարարել էի, որ թաղման բոլոր հոգսերը հոգան, բայց ես էլ պետք է անպայման այնտեղ լինեմ։
-Կարծում եմ, որքան էլ վտանգավոր, բայց ճիշտ որոշում է, գնացեք։
-Լուսինե, ես մի որոշում էլ ունեմ, որ այստեղ, այսօր է ծնվել, խոհանոցի այս անկյունում նստած։
-Լսում եմ ձեզ։
-Լուսինե, ես որոշեցի իմ թեկնածությունը դնել առաջիկա նախագահական ընտրություններում։
Աղջկա լռությունն անհանգստացրեց գործարարին։
-Ի՞նչ ես կարծում։
-Կարծում եմ,- ծոր տվեց աղջիկը մի պահ, հետո միանգամից վրա տվեց,- իսկ ի՞նչ, շատ էլ լավ որոշում է, դուք ունեք բոլոր հնարավորությունները՝ գումար, ճանաչում, Հայկ Արամյան անունը համեմատաբար մաքուր է, ժողովուրդը ատելությամբ լցված չէ, քանի որ գաղտնիք չէ, որ Արամյանը իր առաջին միլիոնը աշխատել է դրսում, հետո տեղափոխվել ու ներդրումներ արել Հայաստանում, կիրթ է, գրագետ, քաղաքական վերլուծություններում օբյեկտիվ է, խղճով, օգնող, հասնող մարդ է։ Մնում է, որ խելքը գլխին թիմ հավաքեք, նվիրյալներ, նախընտրական շտաբի խելացի ղեկավար և ստանաք մի քանի կարևոր մարդկանց, այսպես ասած, «դաբրոն»,- հանկարծ զգաց, որ գործարարը իրեն է նայում կեսժպիտ, ինքնամոռաց հայացքով ու լռեց։
-Լուսինե,- շշուկով հարցրեց,- դու ինձ կօգնե՞ս։
Աղջիկը մի պահ չիմացավ ինչ ասել, բայց հանկարծ լայն ժպտաց։
-Իհարկե, իմ ձայնը քեզ կտամ,- շարունակեց չարաճճի ժպտալ,- մորս ձայնն էլ, բայց պայմանով։
-Ասա պայմանը։
-Երկու ձայնը քսան հազար դրամ։
-Չեղավ, Լուսինե, դու շատ թանկաբազար ես,- նեղացած տեսք ընդունեց Արամյանը, բայց հաջորդ պահին երկուսն էլ բարձրաձայն փռթկացրին։
Լուսինեն զանգեց տաքսի ծառայություն։ Հինգ րոպեից տաքսին տեղում էր։ Արամյանը համբուրեց տիկին Հասմիկի ձեռքը, նայեց Լուսինեին։
-Իսկ կարելի՞ է, որ ես ձեզ հյուր գամ։
Լուսինեն նորից չարաճճի ժպտաց.
-Կարելի է, բայց միայն հանրապետության նախագահ դառնալուց հետո։
-Լսում եմ,- նույնպես չարաճճի ժպտաց Արամյանն ու դուռը փակեց իր հետևից։
Լուսինեն կյանքում առաջին անգամ հանկարծ տունը դատարկ, իրեն մենակ զգաց։

***
Հանրապետությունում սկսվել էր նախագահական ընտրությունների քարոզարշավը, վերջին օրերն էր։ Նախագահի առաջադրված չորս թեկնածուներից թեժ, անզիջում պայքար էր ծավալվել երկուսի՝ Սամսոն Սուրենյանի և Հայկ Արամյանի միջև։ Երբեմն-երբեմն խոսակցություններ էին պտտվում, որ տարբեր մարզերում ու մայրաքաղաքի տարբեր համայնքներում գումարի կամ սննդամթերքի տեսքով կաշառք էր բաժանվում ընտրողներին, բայց այդպես էլ չէր հաջողվում ապացուցել այդ։ Սամսոն Սուրենյանի թիկունքին կանգնած էր երկրի առաջատար կուսակցությունը, որի կեղծ խոստումներից, վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականությունից ժողովուրդը հոգնել էր, ուժասպառ եղել, իսկ Հայկ Արամյանի կողքին իր ընկերներն էին, շրջապատի մարդիկ, ժողովրդի բավական մեծ հատված, որոնք դժգոհ չէին թեկնածուի բիզնեսային աշխատաոճից, ծանոթ էին հայացքներին, կառավարությանը քննադատող նրա օբյեկտիվ մոտեցումներին ու երկրի համար սրտացավությանն ու մտահոգություններին։
Արամյանը հանձնարարեց գործավարուհուն՝ իրեն առաջիկա մեկ ժամը չանհանգստացնել, որպեսզի պատրաստվի երեկոյան հեռուստատեսային իր վերջին ելույթին։ Բայց ինչ-որ չէր ստացվում, գրիչը գծեր էր քաշում թղթի վրա, իսկ մտքերը չէին հավաքվում, չէր կարողանում կենտրոնանալ։ Հանկարծ ընդունարանում աղմուկ բարձրացավ, ինչ-որ մեկը ուրախ բացականչություններ էր անում, ծափահարում էին։ Նույն պահին էլ աղմուկով բացվեց աշխատասենյակի դուռն ու ուղղակի ներս ընկավ Արամյանի դասընկերը՝ Սուրիկը։
-Սուրո՞, էս ինչ է նշանակում,- զարմացավ Արամյանը։
-Հայկ, Հա՛յկ, Հա՛յկ, հաղթում ենք, Հայկ, ախպերս, հաղթո՜ւմ ենք,- դեպի Հայկը նետվեց Սուրիկը, գրկեց ընկերոջը, գետնից կտրեց, իսկ նրա հետևից աշխատասենյակ լցվեցին, ովքեր ընդունարանում կային, ու բոլորի դեմքերը փայլում էին ուրախությունից։
-Սպասիր,- ընկերոջ գրկից ազատվեց Հայկը,- մարդավարի կարո՞ղ եք ինձ բացատրել, թե ինչ է պատահել։
-Հայկ, Սամսոն Սուրենյանը մեկ ժամ առաջ գնացել է Ընտրական կենտրոնական հանձնաժողով և հանել է իր թեկնածությունը,- շնչակտուր ասաց Սուրիկը։
Ինչ-որ մեկը միացրեց հեռուստացույցը։ Լուրերով հաղորդավարուհին հայտարարում էր.
-Նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած Սամսոն Սուրենյանը հանեց իր թեկնածությունը։ Նա չցանկացավ նշել այդ քայլի պատճառը...
Արամյանն արդեն չէր լսում ո՛չ հաղորդավարուհուն, ոչ ուրախությունից պար եկող ընկերոջն ու մյուսներին։
Մի երկու ժամից գործավարուհին հայտնեց, որ հեռուստատեսությունից լրագրողն ու նկարահանող օպերատորը տեղում են արդեն, իրեն են սպասում։ Արամյանը ուղղեց փողկապը, կարգի բերեց գրասեղանն ու նրանց ներս հրավիրեց։

***
Լուսինեն գիտեր, որ մի քանի րոպեից հեռուստացույցով հեռարձակվելու է Հայկ Արամյանի ելույթը։ Սուրճը պատրաստեց, նստեց խոհանոցի փոքրիկ սեղանի մոտ։ Մի տեսակ զարմանալի հանգստություն կար դեմքին։ Ահա, սկսվեց։ Հաղորդավարուհին ներկայացրեց հյուրին, մի փոքրիկ կենսագրական էքսկուրս կատարեց։ Լուսինեն նկատեց, որ Արամյանը նիհարած է, աչքերը՝ հոգնած, բայց լարված չեն, հանգիստ է ու շատ սովորական։ Երբ թեկնածուն սկսեց խոսել, Լուսինեն զգաց, որ մի տաքություն, հուզմունք բարձրացավ ներսից դեպի կոկորդը ու խեղդեց իրեն։
-Հարգելի ընտրողներ,- սկսեց Արամյանը,- ընդամենը երկու ամիս առաջ ինձ շատ հարազատ ու թանկ մի անձնավորություն, շեշտակի նայելով աչքերիս մեջ, հարց տվեց՝ «Ճանաչված գործարար, միլիոնատեր պարոն Հայկ Արամյան, իսկ դուք ձեր գլուխը հանգի՞ստ եք դնում բարձին, երբ գիտեք, որ ձեր երկրի բնակչության 40%-ը ծայր աղքատության մեջ է ապրում, որոնց անեծքի ուղեկցությամբ է ձեր շքեղ մեքենան սլանում քաղաքի փողոցներով, երբ վճարունակ չլինելու պատճառով հիվանդը չի կարողանում բուժգօգնություն ստանալ ու մահանում է երիտասարդ տարիքում, երբ օրական տասնյակ մարդիկ են լքում հայրենիքն ու բախտ որոնում օտար ափերում։ Այն ժամանակ ես նրան ոչինչ չպատասխանեցի։ Հիմա, հավանաբար, նա նստած խոհանոցի իր անկյունում, ձեզ հետ միասին նույնպես լսում է ինձ...»։
Լուսինեն այդպես էլ չլսեց, թե նա երկար ինչ էր խոսում, ինչ էր պատմում իրենից, իր ընտանիքից, իր խոշոր բիզնեսից, իր կապերից, նույնիսկ՝ կնոջից, գործած սխալներից։ Արցունքները խեղդում էին, հազիվ էր պահում հեծկլտոցը, բայց և ժպտում էր։
-Տեր Աստված, փաստորեն նա ինձ չի մոռացել։

***
Սամսոն Սուրենյանը նույնպես լսում էր Արամյանի ելույթը։ Բայց կեսից անջատեց հեռուստացույցը, մոտեցավ, կոնյակ լցրեց բաժակի մեջ, դարձավ աստիճաններով իջնող կնոջը.
-Ասա, թող Լոնդոնի երկու տոմս պատվիրեն առաջիկա թռիչքի համար, իսկ դու հավաքիր ճամպրուկները։
Ներս մտնող թիկնապահը զեկուցեց.
-Իրանցի հյուրն այստեղ է։
-Ներս հրավիրիր,- աշխուժացավ Սուրենյանը։
Մոտեցավ, հենց դռների մեջ ողջագուրվեց հյուրի հետ, հրավիրեց նստելու։ Հետո նրա համար կոնյակ լցրեց։ Իրանցին պարզեց նրան ձեռքի պայուսակը։
-Ամեն ինչ նորմա՞լ անցավ,- հարցրեց Սուրենյանը։
-Շատ նորմալ,- կոտրված հայերենով պատասխանեց հյուրը։
Բակում ձայներ լսվեցին։ Սուրենյանը չհասցրեց մոտենալ դռանը, ստուգել, թե ի՞նչ ձայներ են, երբ դուռը բացվեց, ներս եկան երեք քաղաքացիական հագուստով տղամարդիկ։
-Ովքե՞ր եք,- զարմացած դիմեց Սուրենյանը։
- Ազգային անվտանգությունից ենք,- ասաց ավելի տարեց ներս մտնողն ու Սուրենյանին պարզեց բաց վկայականը։
Սուրենյանը քարացավ։
-Լսում եմ, ինչո՞վ կարող եմ ձեզ օգտակար լինել։- Հազիվ կմկմաց նա։
-Պարոն Սուրենյան, ձեր թույլտվությամբ, ես պետք է ստուգեմ ձեր ձեռքի պայուսակի պարունակությունը,- ասաց անվտանգության աշխատակիցն ու շվարած Սուրենյանի ձեռքից վերցրեց իրանցի հյուրի բերած պայուսակը, այն փոխանցեց մյուս երկու աշխատակիցներին։
Քիչ անց աշխատակիցներից մեկը մոտեցավ տարեցին։
-Պարոն գնդապետ, այո, նարկոտիկ է։
Երբ Սուրենյանին ու նրա իրանցի հյուրին ձեռնակապերով տնից դուրս էին հանում, առաջ վազեց Սուրենյանի կինը։
-Դուք իրավունք չունեք, դուք պատասխան կտաք, սա թյուրիմացություն է, այս ստոր պարսիկը սարքեց այս բոլորը, «պադստավկա» արեց ամուսնուս։
-Ի դեպ, տիկին,- դեպի կինը դարձավ անվտանգության տարեց աշխատակիցը,- մենք ձեզ հետ էլ ամենամոտ ժամանակում կհանդիպենք։
Բակում հանկարծ Սուրենյանը դարձավ դռների մեջ կանգնած կնոջն ու բղավեց.
-Ժաննա, գտիր այն գիշերվա պուտանկային։

***
Ընտրությունից տասն օր անց։
-Պարոն նախագահ, ըստ պայմանավորվածության, Ձեզ սպասում է Ազգային անվտանգության պետը,- հաղորդեց օգնականը։
-Ներս հրավիրեք,- պատասխանեց նախագահը։
Նախագահը մի թռուցիկ հայացք գցեց գեներալի հետ եկած կնոջը, բայց հաջորդ պահին, այլայլված քարացավ տեղում։
Գեներալը մոտեցավ, ըստ պատշաճի ողջունեց։
-Պարոն նախագահ, Ձեզ եմ ներկայացնում նախագահականում ծառայության համար մեր թեկնածու կապիտան Լուսինե Պետրոսյանին։
Նախագահը սթափվեց, հավաքեց իրեն։
-Պարոն գեներալ, ես կուզենայի տիկին կապիտանի հետ առանձին զրուցել։
Երբ գեներալը դուրս եկավ նախագահ Հայկ Արամյանը վեր թռավ տեղից։
-Լուսինե՞։ Լուսինե՜...
Լուսինեն կանգնած էր զգաստ, առանց միմիկայի...
Արամյանը երկար նայում էր նրա դեմքին, չէր կարողանում ուշքի գալ։ Վերջապես հարցրեց.
-Լուսինե, խնդրում եմ, միայն ասա, այն գիշերը, երբ հանդիպեցինք, դու որտեղի՞ց էիր գալիս, դու իրո՞ք այդ օրը հաճախորդի մոտից էիր գալիս։
Այդպես էլ Լուսինեի դեմքին մկան չշարժվեց։
-Այո՛, պարոն նախագահ, այդ օրվա իմ հաճախորդը նախագահական ընտրություններում ձեր հակառակորդ Սամսոն Սուրենյանն էր իր կնոջ հետ։
Նախագահը այդ պահին մի նոր շոկ ապրեց։
-Ինչպե՞ս, ուրեմն այն շիկավուն մազերով աղջիկը դո՞ւ ես եղել։
-Ճիշտ այդպես, պարոն նախագահ։
Արամյանը մի քանի քայլ հեռացավ նրանից, հետո նորից մոտեցավ, նորից հեռացավ, ի վերջո, մի կերպ հավաքեց իրեն։
-Շեֆդ տեղյա՞կ է դրանից,- Լուսինեն հասկացավ, որ գեներալին նկատի ունի։
-Իհարկե, ես նախօրոք պատրաստած հանձնարարություն եմ կատարել։
Նախագահը մոտեցավ պատուհանին, որոշ ժամանակ լուռ դուրս էր նայում, հետո կտրուկ մոտեցավ կնոջը։
-Իսկ ի՛մ, իմ մասին գիտի՞։
Կինը առաջին անգամ նայեց նախագահի աչքերին, դեմքի լարվածությունը թուլացավ։
-Ո՛չ, դա միայն իմ ու քո գաղտնիքն է։
Նախագահը ժպտաց, ձեռքը զգույշ սահեցրեց կնոջ դեմքով։
-Ինչպե՞ս է տիկին Հասմիկը։
-Մեկ ամիս առաջ մայրս թոշակի անցավ, երեկ մեկնեց Մոսկվա՝ քրոջս տեսության։
Հայկ Արամյանը շարունակում էր լուռ նայել Լուսինեին, կարծես չհավատալով աչքերին։
-Պարոն նախագահ, կարելի՞ է Ձեզ մի բան խնդրել։
-Ո՛չ, մի խնդրիր, ասա, Լուսինե, ասա։
-Խնդրում եմ, մերժեք իմ այստեղ ծառայության անցնելու թեկնածությունը։
Երբ գեներալը ներս մտավ, նախագահը նստած էր իր տեղում, կապիտանը զգաստ, նույն դիրքով կանգնած էր իր տեղում։
-Պարոն գեներալ, ես կարծում եմ, որ կապիտան Պետրոսյանին առաջիկայում կտեսնեմ որպես ազգային անվտանգության նախարարի տեղակալ՝ փոխգնդապետի ուսադիրներով, իսկ այստեղ՝ նախագահականում ես կցանկանայի տեսնել արական սեռի ծառայողի։
-Պարոն նախագահ, ես ձեզ հասկացա, այդպես էլ կլինի։ Թույլ տվեք գնալ։
...

Աշնանային բարակ անձրև էր մաղում։ Լուսինեն մուտքի մոտ իջավ ծառայողական ավտոմեքենայից, բարի գիշեր ասաց վարորդին ու քայլեց դեպի մուտքը։ Նույն պահին քիչ հեռու կանգնած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայից իջավ օձիքը բարձրացրած, գլխարկն աչքերին քաշած մի տղամարդ ու մոտեցավ նրան։
-Տիկին փոխգնդապետ, ձեր աշխատանքն ավարտվում է ժամը 18.00-ին, բայց հիմա ժամը 20.00- ն է, կարելի՞ է իմանալ, ձեր աշխատավայրից որքա՞ն ժամանակ է տևում մինչև ձեր տուն հասնելը։
Լուսինեն շուռ եկավ դեպի տղամարդն ու խորամանկ ժպտաց։
-Պարոն նախագահ, քանի որ անձրևում է, իսկ ես սարսափելի չեմ սիրում թրջվելը, ուստի ձեզ առաջարկում եմ այդ հարցը քննարկել մեր խոհանոցի տաք անկյունում նստած, բուրավետ սուրճի շուրջը։
Հետո, երկուսն էլ բարձրաձայն ծիծաղով, մուտք մտան։


Մելանյա ՊԵՏՐՈՍՅԱՆՑ
Հ.Գ.- Պատմվածքում բոլոր համընկնումները պատահական են։

Դիտվել է՝ 174372

Մեկնաբանություններ