«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

«Ծուռ հայելիների թագավորություն է ստեղծված Ադրբեջանում»

«Ծուռ հայելիների թագավորություն է ստեղծված Ադրբեջանում»
24.03.2016 | 13:55

Ադրբեջանի ղեկավարությունը եռանախագահող երկրներին սադրիչ է անվանում այն պատճառով, որ նրանք առաջարկում են ստեղծել միջադեպերի հետաքննության մեխանիզմ՝ ասել է պաշտոնական այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Ղարաբաղի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ «Իրականում այդ քննադատությունն ուղղված է ոչ միայն համանախագահներին, այլև առնվազն ԵԱՀԿ-ում ներկայում և նախկինում նախագահող երկրներին, ՄԱԿ-ին, Եվրամիությանը, ընդհանրապես բոլոր երկրներին և կառույցներին, որոնք սատարել և սատարում են այդ առաջարկը»,- ասել է Նալբանդյանը։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի խորշում ընդունել, որ Բաքուն է կանգնած հրադադարի խախտումների և իրավիճակի սրման հետևում։ «Նույնիսկ հպարտանում է։ Մի կողմ թողնենք, թե արդյոք Բաքուն իրապես կարծում է, որ այդտեղ հպարտանալու բան կա, թե դա ընդամենը ներքին սպառման քարոզչական հնարք է, մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Ադրբեջանի ղեկավարությունը կորցրել է իրականության զգացումը։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին։ Նա պնդում է, թե, ոչ ավելի, ոչ պակաս, Ադրբեջանը տնտեսապես ամենակայուն, ամենաժողովրդավար, ամենահանդուրժողական, մարդու իրավունքների առումով ամենապաշտպանված երկիրն է աշխարհում, որը օրինակ կարող է հանդիսանալ այլ պետությունների համար, երբ տարբեր միջազգային կազմակերպություններ, մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կառույցներ հակառակն են ասում։ Ծուռ հայելիների թագավորություն է ստեղծված այդ երկրում, որի ղեկավարները, նայելով այդ հայելիների մեջ, հրճվում են իրենք իրենցով և կոչ անում այլոց՝ ապրել նման ծուռ հայելիների աշխարհում»,- ասել է Նալբանդյանը։ Հայաստանի արտգործնախարարը Ստեփանակերտում հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, արտգործնախարար Կարեն Միրզոյանի հետ, քննարկել Հայաստանի և Ղարաբաղի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ