«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-արգենտինյան համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել հայ-արգենտինյան համագործակցության օրակարգի հարցերի շուրջ
25.03.2016 | 10:00

ՀՀ նախագահին հայ-արգենտինյան հարաբերությունների օրակարգի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, խնդիրների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Հայաստան-Արգենտինա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը, էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ: Նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով հայ-արգենտինյան հարաբերություններին, նշել է, որ դրանք ավանդաբար բարեկամական են եղել, և պատահական չէ, որ Հայաստանի անկախությունից հետո այդ հարաբերություններն արագ վերաճեցին բարեկամական միջպետական հարաբերությունների: Հայաստանը և Արգենտինան տարածաշրջանային առաջին դեսպանությունները բացեցին միմյանց մայրաքաղաքներում և սկսեցին խորացնել հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային: Ըստ նախագահի, այդ հարաբերություններն ամրապնդվեցին երեք տասնյակից ավելի համաձայնագրերով:
«Իհարկե, յուրաքանչյուր երկրի հետ մեր հարաբերություններն ունեն առանձնահատկություններ, ունեն լոկոմոտիվներ, և Արգենտինայի հետ մեր հարաբերությունների առանձնահատկությունը պայմանավորված է այդ երկրում գործող կենսունակ համայնքի առկայությամբ: Միայն Էդուարդո Էռնեկյանի շնորհակալ և ակտիվ գործունեության շնորհիվ մեր առևտրատնտեսական հարաբերություններն այսօր գտնվում են լավ մակարդակի վրա, դրանք մշտապես աճ են արձանագրում: Թեև ապրանքաշրջանառության ցուցանիշները մեզ բացարձակ չեն գոհացնում, այնուհանդերձ, այս ընթացքում արձանագրված կտրուկ աճը հույս է ներշնչում, որ ծավալները մեծացնելու զգալի ներուժ կա: Անշուշտ, շատ կարևոր է, որ Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով 5-րդ երկիրն է, և արգենտինյան ներդրումները մեր երկրում հասել են շուրջ 400 մլն դոլարի: Ես պետք է ուրախությամբ նշեմ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության գործունեության մասին, որն իրականացնելով «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը, «Զվարթնոց» օդանավակայանը դարձրեց միջազգային չափանիշներին համապատասխանող: Օտարերկրացիների մեծ մասը՝ մուտք գործելով Հայաստան, հենց «Զվարթնոց» օդանավակայանում առաջին դրական տպավորություններն են ստանում: Այս օդանավակայանն առաջին այցեքարտն է դեպի Հայաստան:
Շատ կարևոր է գյուղատնտեսության ոլորտում գործող «Տիեռաս դե Արմենիա» ընկերության գործունեությունը Հայաստանում: Այստեղ խոսքը նաև այգեգործության, մասնավորապես՝ խաղողագործության ոլորտում Հայաստանի նոր, առաջատար մշակույթի ներմուծման մասին է: «Կարաս» գինու գործարանի արտադրանքն արդեն ճանաչելի է ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս, և այս երկու ընկերությունները, իհարկե, նոր ուղի են բացում հայկական գինեգործության համար: Կարծում եմ, որ այս ընկերությունները կարող են նաև խթան հանդիսանալ զբոսաշրջության զարգացման համար: Ոչ միայն արտերկրից ժամանած զբոսաշրջիկների, այլև ներքին զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, գեղեցիկ այգիներն այցելության հետաքրքիր վայրեր են:
Մյուս հաջող օրինակը «Կոնվերս բանկի» գործունեությունն է, որը մեր ֆինանսական շուկայում մշտապես նոր ծառայություններ է առաջարկում, նոր գործիքներ օգտագործում և սրանով նաև խթանում է մրցակցությունը բանկային ոլորտում: Շատ խոստումնալից կարող է լինել «Տանգո» ընկերության մուտքը հայկական շուկա, որը գործունեություն է ծավալելու զբոսաշրջության և հյուրանոցաշինության ոլորտում: Վստահ եմ, որ այս ընկերությունն էլ հաջողություններ է գրանցելու: Կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արգենտինահայ գործարարների և, ընդհանրապես, արգենտինացիների գործունեությունն ուղղենք դեպի երրորդ երկրներ, նրանց ուշադրությունը հրավիրենք Հայաստանի հնարավորությունների վրա՝ պայմանավորված Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությամբ: Կարծում եմ, այստեղ Հայաստանը կարող է շատ լավ հարթակ և հանգրվանային կետ հանդիսանալ: Այս ուղղությամբ պետք է աշխատանքներն ակտիվացնել: Հայտնի է, որ մոտ ժամանակներս հանդիպում եմ ունենալու Արգենտինայի նախագահի հետ, և այս առումով կցանկանայի լսել առաջարկություններ, թե ի՞նչ թեմաների շուրջ կառուցենք մեր զրույցը, ինչո՞վ կարող է Արգենտինայի նախագահն օժանդակել մեր միջպետական հարաբերություններին: Պարոն դեսպան, հաշվի առնելով, որ Դուք համատեղության կարգով դեսպան եք Չիլիում և ՈՒրուգվայում, և այդ երկրների հետ էլ մենք ունենք յուրահատուկ հարաբերություններ, կցանկանայի տեսնել, թե ի՞նչ աշխատանք է կատարվում դեպի Հայաստան ներդրումներ ապահովելու գործում»,-խորհրդակցության սկզբում ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Դեսպան Ալեքսան Հարությունյանը ներկայացրել է համագործակցության այն հեռանկարային և փոխշահավետ ոլորտները, որոնց ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու պարագայում, լիարժեքորեն կօգտագործվի հայ-արգենտինյան հարաբերությունների առկա ներուժը՝ ավելի մեծացնելով երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները: «Կարծում եմ, որ առաջիկայում հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևոր դեր կարող են ունենալ Արգենտինայի նորընտիր նախագահի հետ Հայաստանի նախագահի արդեն ձևավորված լավ հարաբերությունները, որոնց հիմքը դրվեց Արգենտինա Ձեր այցի ժամանակ: Տեղի ունեցած բավականին ջերմ զրույցի ընթացքում Դուք նրան առաջարկեցիք ընտրվելուց հետո այցելել Հայաստան, և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ: Կարծում եմ՝ շատ մոտ ապագայում մենք այդ այցելությունը կկարողանանք կազմակերպել, որը կարող է զգալիորեն ակտիվացնել երկկողմ հարաբերությունները, որովհետև պարոն Մաուրիսիո Մակրին նախընտրական շրջանում ասաց, թե ուզում է Հայաստան այցելել և ոչ միայն բարեկամ ժողովրդի մոտ, այլև որ դրանից հետո շատ նոր դրական փոփոխություններ կատարվեն: Դրանք դեռևս մինչ ընտրությունը՝ քաղաքապետի պաշտոնում եղած ժամանակ նրա խոսքերն են: Պարոն նախագահ, Դուք նշեցիք այն ուղղությունները, որոնք համագործակցության շատ լավ ասպարեզ կարող են լինել»,- ասել է Արգենտինայում ՀՀ դեսպանը և զեկուցել Արգենտինայի, Չիլիի և ՈՒրուգվայի ղեկավարության հետ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների, ստորագրված փաստաթղթերի իրականացման ուղղությամբ դեսպանության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները: Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են նաև միջխորհրդարանական և միջկառավարական ձևաչափերով հայ-արգենտինյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Խորհրդակցության ավարտին Սերժ Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և գերատեսչություններին:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ