Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, որի շրջանակներում նա մի շարք հանդիպումներ կունեն։
ՀՀ նախագահի ԱՄՆ աշխատանքային այցը կմեկնարկի Բոստոնից, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Մասաչուսեթսի նահանգապետի, համայնքային ղեկավարների և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ: Նախագահը կհյուրընկալվի Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում, կայցելի կրթական այդ հաստատության մեդիա լաբորատորիա, «Սամբերգ» համաժողովների կենտրոնում հանդիպում կունենա ամերիկահայ գիտնականների հետ: Նախատեսված է նաև նախագահի հանդիպումը «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների և շրջանավարտների հետ: Սերժ Սարգսյանը կայցելի իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչեր դպրոց՝ հանդիպում կունենա համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և «Թավիթյան» հիմնադրամի կրթական ծրագրի մասնակից ՀՀ քաղաքացիների հետ: Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում նախագահը հանդես կգա դասախոսությամբ և կհանդիպի հայ ուսանողների ու համալսարանի ղեկավարության հետ: Նախատեսված է ՀՀ նախագահի այցելությունը հայաշատ Ուոթերթաուն քաղաք: Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում, հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի տեղի հայկական կենտրոններ և եկեղեցիներ, «Հայկական ժառանգության պուրակ», որտեղ հիմնված հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: