Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում մասնակցել է Սիրիայի փախստականների հարցերին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը։ Հանդիպմանը ներկա են եղել հինգ տասնյակ երկրների նախարարներ, բարձրաստիճան պատվիրակություններ և բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։ «Տարիներ շարունակ Սիրիայում շարունակվող քայքայիչ պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր սիրիացիներ ապաստան են փնտրում ողջ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս: Հայաստանն առաջիններից էր, որ խստորեն դատապարտեց ԴԱԻՇ-ի, Ան-Նուսրայի և այլ ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայի էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայերի և նրանց մշակութային ու կրոնական ժառանգության դեմ բարբարոսությունները։ Ազգային փոքրամասնությունները դարեր շարունակ այդ տարածաշրջանի բազմամշակութային, բազմազգ խճանկարի մաս են կազմել։ Նախորդ տարի այստեղ՝ Մարդու իրավունքների խորհրդում, Հայաստանն այդ գործողությունները բնորոշեց որպես «քաղաքակրթության դեմ հանցագործություններ»,- իր ելույթում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ «Այսօր Սիրիայից 20 հազար փախստականներ ապաստան են գտել Հայաստանում՝ մեր երկիրը դարձնելով բնակչության թվի հարաբերակցությամբ սիրիացի փախստականներ ընդունած երրորդ պետությունը Եվրոպայում: Սա զգալի թիվ է ընդամենը 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար, որը ոչ վաղ անցյալում արդեն հարյուր հազարավոր փախստականների էր ընդունել Ադրբեջանից: Հիրավի, մենք լավ գիտենք, թե ինչ է նշանակում լինել փախստական և ապաստան տալ մեծ թվով տեղահանվածների, և, անշուշտ, այս քննարկմանը մասնակցում ենք համերաշխության և պատասխանատվության բարձր զգացումով»,- շարունակել է նախարարը: Նա վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է անել առավելագույնը` հոգ տանելու Հայաստանում ապաստանած սիրիացիների մասին. «Մենք կողջունենք Հայաստանին օժանդակության տրամադրումը` Սիրիայից գաղթած փախստականների առաջնահերթ հումանիտար կարիքները հոգալու և մեր երկրում նրանց ինտեգրմանը աջակցելու նպատակով: Դրա համար Հայաստանի կառավարությունն իրականացրել է համապատասխան օրենսդրական փոփոխություններ»։