Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ պետությունների դեսպանների հետ: Նա անդրադարձել է ապրիլի սկզբին Ադրբեջանի և Ղարաբաղի շփման գծի երկայնքով Բաքվի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքներին։ «Իր ագրեսիվ գործողություններով Ադրբեջանը փաստացի փորձեց հրաժարվել խաղաղ ճանապարհով հարցը կարգավորելու իր ստանձնած միջազգային պարտավորություններից, կոպտորեն խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ բազմաթիվ գագաթնաժողովների և նախարարական խորհուրդների որոշումներն ու հռչակագրերը, բացահայտորեն արհամարհեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունները»,- ասել է ՀՀ արտգործնախարարը։ Նա կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվ դերակատարությունը և ընդգծել նրանց ջանքերին սատարելու անհրաժեշտությունը։