Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Ադրբեջանի նկրտումները ֆիասկո ապրեցին»

«Ադրբեջանի նկրտումները ֆիասկո ապրեցին»
22.04.2016 | 18:17

Երևանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հիշեցումը` 1994 թ. կնքված անժամկետ զինադադարի մասին, վերահաստատեց, որ նոր պայմաններով ու առանց Լեռնային Ղարաբաղի զինադադար կնքելու Ադրբեջանի ձգտումը ֆիասկո է ապրել, իսկ հնարավոր նոր պայմանագրի կնքումը` չեղյալ հայտարարվել, ինչին ձգտում էր Ադրբեջանը` փորձելով, որ Մոսկվայի միջնորդությամբ կրակի դադարեցման մասին բանավոր պայմանավորվածությանը հետևի զինադադարի նոր պայմանագիր՝ ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով ՌԴ արտգործնախարարի` Երևանում մամուլի ասուլիսին արված մի շարք հայտարարություններ: «Շատ կարևոր է, որ Ռուսաստանի արտգործնախարարը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի արտգործնախարար, հստակ նշում է, որ 1994-ի զինադադարի պայմանագիրն անժամկետ է: Եվ սա Լավրովը հայտարարեց ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև 3 համանախագահ երկրների անունից»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը` ընդգծելով, թե կարևոր է, որ այդ պայմանագրի տակ դրված է նաև ԼՂ ներկայացուցչի` ԼՂ ստորագրությունը: ՀՀԿ խոսնակը կրկնեց, որ հայկական կողմը՝ ի դեմս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, հստակ նշել էր, որ «մեզ նոր զինադադար պետք չէ, կա 94 թվականին կնքված զինադադարի պայմանագիր, որի պահպանմանն էլ կողմերը պետք է ձգտեն հասնել»: Սերգեյ Լավրովն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ պետք է անժամկետ գործեն 1994 թ. զինադադարի բոլոր պայմանները, իսկ պատասխանելով հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են ռուսական լրատվամիջոցներում հրապարակված լուրերը, թե հակամարտության կողմերը մերժել են Կազանի պայմանագիրը, Սերգեյ Լավրովը պատասխանեց կարճ. «Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»։ Իսկ 94-ի փաստաթուղթը մեջտեղից հանելու Բաքվի նկրտումների հիմքում, ըստ Էդուարդ Շարմազանովի, այն է, որ սա միակ փաստաթուղթն է, որտեղ կա Արցախի ստորագրությունը: «Ինչն էլ նշանակում է, որ համանախագահները հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղը բանակցային կողմ է, ընդունում են ԼՂ ստորագրությունը, որն ուզում էր մերժել Ադրբեջանը, ինչը շատ կարևոր է այս փուլում»,- մեկնաբանեց ԱԺ փոխնախագահը։
Ինչ վերաբերում է թուրքական կողմի հայտարարությունների վերաբերյալ Սերգեյ Լավրովի մեկնաբանությանը, որ այս երկրի հայտարարություններն ու կոչերը ոչ թե դեպի խաղաղություն, այլ դեպի պատերազմ տանող կոչեր են, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Ես առաջին օրվանից իմ հայտարարություններում նշել եմ, որ միակ պետությունը Թուրքիան է, որը ուղղակիորեն պաշտպանում ու սատարում է Ադրբեջանի հանցագործ ագրեսիան ԼՂ ժողովրդի նկատմամբ, ինչի մասին ասել եմ և Վարշավայում, և Մոսկվայում` հենց Ադրբեջանի խորհրդարանի նախագահի ներկայությամբ, ինչպես նաև Սերգեյ Նարիշկինի հետ հանդիպման ժամանակ: Բայց շատ կարևոր է, որ այսօր այդ նույն միտքն ասաց Սերգեյ Լավրովը` ՀՀ դաշնակից երկրի ու ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրի արտգործնախարարը»։
ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև Սերգեյ Լավրովի այն արձանագրմանը, որ սեղանին որևէ նոր փաստաթուղթ գոյություն չունի, և սեղանին դրված է այն փաստաթուղթը, որը համանախագահները 2011-ին առաջարկել են կողմերին և որը Հայաստանը չի մերժել և որը մերժել է Ադրբեջանը:
ՀՀԿ խոսնակն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե մերժել է Ադրբեջանը, նշանակում է՝ ձեռնտու չէ Ադրբեջանին: «Եվ բոլոր այն խեղաթյուրված հայտարարությունները` հրապարակային կամ պատերի տակ, որ ինչ-որ միակողմանի զիջումների մասին են խոսում, անիմաստ են»,– ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը կոչ է անում դուրս գալ էմոցիոնալ դաշտից, չառաջնորդվել «Կիկոսի մահով», որ «էս ենք հանձնում, էն ենք հանձնում» և նորմալ ու սառը դատելով առաջ գնանք: Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան չստացվեց նաև դիվանագիտական դաշտում, ինչպես ռազմական դաշտում, երբ մեր հերոս տղաները թույլ չտվեցին Ադրբեջանին հասնել ռազմական առավելության:
«Այնպես էլ այսօր ՌԴ արտգործնախարարի հայտարարությամբ արձանագրվեց, որ նաև դիվանագիտական դաշտում Ադրբեջանը հաջողության չհասավ»,- ամփոփեց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ