Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ֆրանսիան առաջարկում է դիտորդներ և հսկման սարքեր տեղակայել շփման գծում

Ֆրանսիան առաջարկում է դիտորդներ և հսկման սարքեր տեղակայել շփման գծում
26.04.2016 | 08:33

Ֆրանսիան առաջարկում է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղակայել ԵԱՀԿ դիտորդներ և հսկման սարքեր՝ Երևանում հայտարարեց Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը, որ մեկօրյա այցով ժամանել էր Հայաստան: Նրան ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանն ու արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Երևանից ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետը կմեկնի Բաքու: «Մոտեցումը հետևյալն է՝ հրադադարը անպայման պետք է պահպանվի, և, բնականաբար, պետք են մեխանիզմներ, որոնք թույլ կտան հսկել հրադադարի պահպանումը: Այդ մեխանիզմները պետք է հիմնվեն միջազգային հանրության հովանու ներքո, այդ դերը կարող է ստանձնել ԵԱՀԿ-ն: Մեխանիզմ ասելով՝ նկատի ունեմ դիտորդներ և հսկման էլեկտրոնային սարքեր, այսինքն՝ վերահսկողությունը պետք է իրականացվի թե տեխնիկական միջոցներով, թե մարդկանց օգնությամբ, որը թույլ կտա ամեն վայրկյան ստուգելու հրադադարի պահպանման ռեժիմը: Ամեն անգամ, երբ կգրանցվի հրադադարի խախտման որևէ դեպք, դա թույլ կտա ստանալ անկողմնակալ տեղեկատվություն», - ասաց Դեզիրը` Ֆրանսիայի դեսպանատանը լրագրողների հետ հանդիպմանը: Ֆրանսիան նման առաջարկությամբ է հանդես գալիս ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի ակտիվացման ֆոնին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցից առաջ և հետո մոսկովյան մամուլը գրեց խաղաղապահների մասին, որ բացասական արձագանք ստացավ հատկապես Լեռնային Ղարաբաղում: Դեզիրը ընդգծեց՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը չունի ռազմական լուծում, միակ լուծումը՝ բանակցություններին վերադառնալն է, և այն, ինչ հայտարարել ու ներկայացրել է Երևանում, կկրկնի Բաքվում. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի մադրիդյան սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշման իրավունք»:
Ֆրանսիացի դիվանագետի խոսքով, Փարիզը նման առաջարկությամբ է հանդես գալիս հաշվի առնելով «շատ խորը արմատներ ունեցող ֆրանս-հայկական բարեկամությունը»: «Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն, մյուս համանախագահների հետ ջանք չի խնայելու, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը հստակեցվի», - հայտարարեց Հարլեմ Դեզիրը:

Դիտվել է՝ 360

Մեկնաբանություններ