Վերջին մի շարք հայտարարությունների առիթով հանդիպումներ են անցկացվել, կարծիքներ են հնչել՝ ապրիլի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով Ադրբեջանին զենք մատակարարելու մասին ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարության մասին հարցին: Նա կրկնեց իր հայտնի թեզը, որ դիվանագիտության մեջ կան հարցեր, որոնց հրապարակումը ցանկալի չէ:
«Ռոգոզինի հետ կապված, որքանով ես գիտեմ, ֆեյսբուքի էջից ջնջել է իր համապատասխան գրառումը: Եթե խոսենք Բելառուսի ԱԳՆ-ի հայտարարության մասին, Հայաստանի ԱԳՆ է հրավիրվել Բելառուսի դեսպանը, իսկ ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ բելառուսցի պաշտոնակցի հետ: Մենք որոշ բաների մասին խոսում ենք, որոշների մասին՝ հրապարակում անում, բայց կան հանդիպումներ և զրույցներ, որոնք կարող են արդյունք տալ կամ մշտական գործընթացի մաս կազմել, բայց որոշ պատճառներով դրանց հրապարակումը ցանկալի չէ: Հանդիպումներ և զրույցներ եղել են, և կարծիքներ են հնչել»,- հայտարարեց Նալբանդյանը: