Գերմանիան, Բելգիան, Դանիան և Նորվեգիան մինչև 2024 թվականի վերջ ՈՒկրաինային 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնության փաթեթ կտրամադրեն՝ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Հոկտեմբերի 11-ին Գերմանիա ժամանած ՈՒկրաինայի նախագահը ճեպազրույցում հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ հակամարտության ավարտը տեսնել ոչ ուշ, քան 2025 թվականը։               
 

Երբ պարում են աստվածները

Երբ պարում են  աստվածները
20.05.2016 | 08:50

Այդին ՄՈՐԻԿՅԱՆԻ հիշատակին՝ յոթ տարի անց

Պարը, պատը, կապույտ հագուստներով ծանրաբեռ պարանը ու ծաղկած ակացիայի դառնաբույրը՝ ամեն ինչ միանգամից խրվեց հիշողության մեջ: Իրականում կային միայն պատը, պարանն ու դառնաբույրը, պարը ներսում էր: ՈՒ պար էլ չէր, խելագար պտույտ էր, անկապ, անկախ, անդիմադրելի, անհասկանալի ներքին ռիթմին հնազանդ ու բացարձակ անկանխատեսելի: Որերորդ օրն է՝ պարում էր ու ոչ մի շարժում չէր անում: Հոգնում էր այդ անշարժ պարից, ոտքերն ու հատկապես մեջքը նվվում էին, թևերն ու ձեռքերը մանրիկ դողում էին՝ անվերջ շարժումից, որ անշարժ էր: ՈՒնկերում բզզում էր ռիթմը, որ երաժշտություն չէր դառնում, բայց այնքան բարձր էր բզզում, որ զարմանում էր՝ ինչպես ուրիշները չեն լսում: Այդ բզզոցն ու պարանի կապույտ հագուստները ինչ-որ կապ ունեին, ալարում էր մտածել՝ ի՞նչ: Չէր էլ հիշում՝ ե՞րբ սկսեց պարել: Եթե ինչ-որ ցանկություն ուներ, չպարելն էր: Ակացիաների դառնաբույրը ծեփվել էր հագուստներին ու ծանոթ օծանելիքի բույր էր հիշեցնում, բայց օծանելիքի անունն էլ չէր հիշում, թեպետ երկար օծվել էր հենց այդ բույրով, որ իր հետ խաղաղություն էր բերում: Բոլոր օծանելիքներից, որ երբևէ ունեցել էր, սիրում էր «Օպիումը»: «Օպիումով» պատրաստ էր օծվել օրվա բոլոր ժամերին ու բոլոր տրամադրություններով, պարզապես սիրում էր ու ոչ մի բացատրություն չուներ՝ ինչու: «Օպիումի» միակ սրվակը պահել էր անձեռնմխելի, որպեսզի բացի այն օրն ու այն պահին, երբ ինքն իրեն զգա: Գուցե փակ սրվակում օծանելիքն արդեն ինքն իրեն սպառել էր, բայց սև-մոռագույն տուփը արդեն քանի տարի մնում էր տեղում, իսկ հին ու նոր մյուս սրվակները բացվում ու կիսատվում էին, դատարկվում ու հեռանում՝ ինչպես ակացիաների բույրը, որ վերանում է թափվող ծաղիկների հետ: Խելագարության նախադուռն է, երբ պարում ես, կատաղի ու ինքնասպառ՝ ոչ մի շարժում չանելով: Սկզբում հավատացած էր, որ այդ մտքերն են խմբապարի մեջ խռնվել ու ուզում են բրոունյան իրենց բզբզոցով վերջապես կարգավիճակ ստանալ ու դասդասվել ըստ կարևորության ու առաջնահերթության, բայց երբ նույնիսկ ոչինչ էլ չէր մտածում, միևնույն է, պարում էր: Հետո մտածեց, որ այդ խելագար պարը կյանքի զգացողությունն է, որ սրվել է, որովհետև ուզում է զգուշացնել, որ սպառվում է: Դա էլ պատրանք էր, միայն աղմուկն էր նյարդայնացնում, մյուս զգացողությունները վաստակած հանգստի էին անցել ու ստեպ-ստեպ վերադառնում էին ասպարեզ՝ հավաստելու, որ ներկա են ու պահանջներ են ունենալու: ՈՒ եթե ոչինչ էլ չպահանջեին, «Գնա գրողի ծոցը» միշտ կար ու կար: Հազիվ էր զսպում, որ չպոռթկար: Տեղին ու անտեղի: Հիմնականում անտեղի, որովհետև այն, ինչ սովորական էր, իրեն նյարդայնացնում էր, իսկ նյարդայնացած՝ այլևս ոչինչ չէր հիշում, միայն ուզում էր ազատվել կոկորդը խտղտող բառերից, հետևանքը փոքրիկ տհաճությունն էր, որ կոչվում էր չստացված կյանք: Այսպես: Պարը մոլեգնում էր, երևի մոտենում էր այն կետին, որտեղից վերջապես սկսվելու էր շարժումը:


Սիզիփոսը գլորում էր քարը, աստվածները պատժել էին արածների ու չարածների համար՝ գլորում էր սարն ի վեր, հետո քարը վար էր գլորվելու ու ինքը նորից էր բարձրացնելու, որ նորից գլորվի: Աստվածները, իրենց կարծիքով, պատժել էին իրեն, բայց նույնիսկ աստվածները չէին հասկացել, որ իրականում ոչ մի պատիժ էլ չկար՝ զբաղմունք էր, քար էր՝ գլորում էր, ինչ տարբերություն՝ որ ուղղությամբ: Իսկ ո՞վ կարող է պարծենալ, որ ինքը չի գլորում նույն քարը՝ մեկ աջ, մեկ ահյակ, որ նույն այդ քարը իր վրա չի գլորվում: Պատիժը քարը չէր, պատիժը գայթակղությունն էր, օրեցօր անդիմադրելի դարձող գայթակղությունը, որ դեռ հաջողվում էր զսպել: Հազար անգամ հաշվարկել էր՝ ինչ կլինի, եթե աստվածներին ասի գաղտնիքը, կներե՞ն, թե՞ նոր պատիժ կհնարեն: Ի վերջո՝ գործ է՝ անում է, պե՞տք էր անկանխատեսելի փոփոխության առաջ կանգնել: Զևսը կներեր, Զևսը մի լավ կքրքջար ու կներեր՝ նա աստվածների աստվածն է ու ինքն իրեն կարող է բարություն արտոնել: Իսկ Արե՞սը: Թեթևամիտ Արեսը չէր հասկանա ներման ողջ հմայքն ու շքեղությունը, չէր հասկանա ու կպնդեր նոր պատիժ հնարել, բայց Արեսին հնարավոր էր նորից խաբել: Չէր խաբվի, չէր ների ու չէր հանդուրժի Թանատոսը: Ոտքից գլուխ վրեժխնդրություն՝ Թանատոսը կպահանջեր, որ ամեն ինչ շարունակվի նույնությամբ, բայց իրենից խլվի ուժը ու տրվի քարին: Աստվածները մինչև հիմա չէին հասկացել, իսկ գուցե ուշադրություն չէին դարձրել, որ ինքը չի հոգնում, ինքը պարզապես քայլում է սարն ի վեր ու մի թեթև հրում է քարը, ու քարն ինքն է գնում իր սովոր ճանապարհով: Աստվածներին թվացել էր բավարար պատիժ, որ ինքն անվերջ վերև-ներքև է անում, նրանք չէին նկատում, որ դա ընդամենը զբոսանք է քարի հետ: Իսկ եթե քարը ծանրանար այնքան, որքան իր իրական կշիռն էր, իսկ եթե ինքը ստիպված լիներ ողջ այդ ծանրությունը սարի գագաթին հասցնել քայլ առ քայլ, հետո էլ նորից իջներ, վար գլորված քարը բարձրացնելու, երրորդ օրը կխելագարվեր: Ամբողջ գաղտնիքը ուժն էր, աստվածները անվերջ պատժի հետ անսպառ ուժ էին տվել, որ կարողանա պատիժը կրել, իսկ ուժը պատիժը վերածել էր զբաղմունքի, որ ոչնչով պակաս չէ այլ զբաղմունքներից: Սիզիփոսը տատանվում էր՝ արդյո՞ք ժամանակը չէ աստվածներին տեղեկացնելու, որ նորից խաբված են: Արժեր տեսնել նրանց շփոթահար, զայրացած, զարմացած ու ցասումնալից դեմքերը, բայց հետո նրանք վրեժ էին լուծելու խաբված լինելու դիմաց, ու դա արդեն այն առեղծվածն էր, որի վրա արդեն անհիշելի ժամանակներից ծախսում է իր անվերջ ժամանակը՝ ասել, թե չասել: Իսկ ամեն ինչ այնքան հմայիչ էր սկսվել՝ բոլոր քամիների աստված Էոլոսի զավակ լինելը նշանակում էր բոլոր քամիների բոլոր գաղտնիքներն իմանալ: Իմանալ ու չօգտագործելը հանցանք է իմացության դեմ: Էնարետայից ժառանգել էր ոգու անկոտրում ուժը: Մայրը համբերության աստված կարող էր լինել, եթե Զևսը նրա նկատմամբ պատշաճ ուշադրություն ունենար: Ատլանտի դուստր Մերոպեն էլ գեղեցիկ էր, բավարար գեղեցիկ՝ քամիների աստծո որդու կինը լինելու համար: Որդիներ էլ ունեցավ՝ երեքը: Հիմնեց Կորնթոսը, քաղաքը հիմա էլ կա, ճիշտ է, ուրիշ անուն ունի, բայց իր ձեռքով դրված քարերն իրենց տեղում են: Կեսը գետնի տակ է, ավելի լավ՝ չեն ավերի: Ապրում էր սքանչելի ու ոչնչի կարիք չուներ, ոչ մեկին չէր նեղացնում, աստվածներին խաբելու մասին չէր էլ մտածում, մարդկանց խաբում էր, է, թող չխաբվեին:


Հնարել էին, թե ինքն ամենախորամանկ մարդն է, որ ամբողջ հարստությունը կուտակել է խորամանկությամբ: Բայց ինքը մեղավո՞ր էր, որ խելոք էր ուրիշներից: Մեղավո՞ր էր, որ ուզում էր ապրել, երբ մահվան աստված Թանատոսը իր ողջ մեռելահոտը հավաքած եկավ ու ասաց՝ գնացինք: Ո՞վ կգնար՝ առանց դիմադրելու: Ո՞Ւմ համար էր վատ, որ Թանատոսին խաբեց ու փակեց իր նկուղում, ամեն օր ստուգում էր, որ չկարողանա փախչել: Զևսի տաճարում արձան էր պետք կանգնեցնել, նորածին գառներ զոհաբերել իրեն ու դափնեպսակ հյուսել ամեն գարնան, որովհետև իր նկուղում փակված Թանատոսը ոչ մեկին չէր կարողանում Աիդ տանել, փաստորեն, ինքը, հենց ինքը հնարել էր անմահության ամբրոսիան՝ ոչ ոք չէր մեռնում, քանի դեռ Թանատոսն իր գերին էր: Հա, շքեղ հուղարկավորություններ այլևս չէին լինում ու Թանատոսին զոհաբերություններ չէին անում: Բայց շատ ավելի շքեղ զոհաբերություններ էին անում նրանք, ում մահը մոռացել էր, նրանք, որ ապրում ու փառաբանում էին աստվածներին՝ իրեն փառաբանելու փոխարեն: Այդ հետո հնարեցին, որ խախտվել է Զևսի սահմանած կարգը՝ ծնվելու, ապրելու ու մեռնելու: Մարդիկ ծնվում էին, ապրում էին ու չէին մեռնում: Վա՞տ էր: Այդ ո՞ր սերնդափոխությունն էր խախտվել: Որդիները պարտադի՞ր պիտի հայրերին ու մայրերին հանձնեին Աիդին: Զևսի սխալն էր, որ իր իշխանությունը կիսել էր Թանատոսի հետ: ՈՒ չէր էլ ուզում սխալն ընդունել: Տեսեք-տեսեք՝ կարգ ու կանոն պիտի լինի: Կյանքն իր իմաստն ունի, մահն իր իմաստն ունի: Իսկ մահվան իմաստը ո՞րն է: Սիզիփոսը չէր ներել Զևսին: Չէր ներել ոչ թե Արեսին ուղարկելու, այլ իր զորությունը ուրիշի հետ կիսելու հիմարությունը: Պատերազմի աստված Արեսը եկավ ու Թանատոսին ազատեց: Պարզ է, որ Թանատոսը այդքանից հետո մենակ չէր հեռանա: Բայց ինքն ուզում էր ապրել ու՝ խաբեց: Նորից խաբեց Թանատոսին: Մահից առաջ Մերոպեին ասաց, որ իր մահից հետո ոչ մի զոհաբերություն չանի, ոչինչ, նույնիսկ գեթ մեկ աստղածաղիկ չզոհաբերի աստվածներին: Մերոպեն զարմացավ, լացուկոծ արեց, հրաժարվեց, ասաց, որ ինքը լավ ամուսին է եղել՝ այդքան անփառունակ մահվան համար ու չի կարող, ոչ մի դեպքում չի կարող սգո սպիտակ հանդերձներ չհագնել ու ունեցած-չունեցածը… Սպառնաց կնոջը, ասաց, որ միևնույն է, վերադառնալու է, ու եթե Մերոպեն իր կամքին դեմ գնա, կամուսնանա ուրիշի հետ: Անունն էլ տվեց: Կինը լռեց: Հուղարկավորման զոհաբերություններին Աիդը երկար սպասեց՝ ոչինչ ու ոչինչ: Նորից Զևսի կամքն էր խախտվում: Աիդը վախեցավ, որ Զևսն այս անգամ իրեն կպատժի ու թույլ տվեց վերադառնալ՝ զոհաբերությունների հետևից: Է, թող թույլ չտար, թող Զևսից չվախենար, թող ինքը գնար ու Զևսին ասեր՝ այսպես ու այսպես, ասա՝ ինչ անեմ: Չգնաց: Բայց ո՞վ լիներ, որ ինքնակամ վերադառնար Թանատոսի թագավորություն, ինչ է՝ թե ասել էր՝ գնամ՝ կգամ: Խաբեց, խաբեց ու ապրեց՝ միակը մարդկանցից, որ եղել է Աիդի իշխանության տակ ու վերադարձել ստվերների թագավորությունից: Հետո իրեն մոռացան, մի քանի տարի մոռացան ու ապրեց իր երկրորդ կյանքը առաջինից լավ: Մինչև եկավ Հերմեսը: Նրան էլ կարող էր խաբել: Բայց արդեն հոգնել էր: Գուցե իսկապես կյանքն ունի իր իմաստը: Մահը՝ իր: Հերմեսին խաբելը շատ ավելի հեշտ էր՝ նա միշտ շտապում է: Երկրային կյանքի տարիներին տեսել էր ամեն ինչ ու արդեն տարօրինակ ցանկություն ուներ՝ հանգստանալ: Ավելի քան տարօրինակ մեկ այլ ցանկություն էլ էր ունենում՝ մենակ մնալ: Այդպես Հերմեսի բախտը բերեց՝ չխաբեց ու գնաց: Աստվածներին թվաց, թե հնազանդվեց, վախեցավ, ինչ ուզեն՝ կանեն ու հնարեցին սարն ու քարը, իրեն էլ՝ սարն ի վեր քար գլորող նշանակեցին: ՈՒ այնքան շտապեցին, որ չհասկացան՝ ես միակն էի, որ վեր ու վար անիմաստ շարժումների մեջ իմաստ դրեցի ու հիմա հպարտ եմ, որ կարող եմ դա էլ կասեցնել, բայց չեմ անում, որովհետև նրանք, ովքեր կարող են ինձ ներել կամ պատժել, ավելին չեն ինձնից:
Ոտքը դրեց ակացիաների թափված ծաղկաթերթիկներով պատված մայթին ու հասկացավ, որ բոբիկանալու է: Պարզապես ոտքը հպելու է գետնին, ու դա միակ ցանկությունն է, որ չի կարող չկատարել: Ասֆալտի ու խոտերի վրա թափված ծաղկաթերթիկները ջնջել էին սահմանը, ու մյուս ոտքը արդեն խոտերին դրեց: Զգաց, որ պարելու է: Իսկապես պարելու է, փողոցում, արևի տակ, դեսուդեն շարժվող ավտոմեքենաների կողքին: Մարդիկ էլ կային, նրանց չտեսնելով: Հայացքի առաջ միայն պատն էր, կապույտ հագուստներով ծանրաբեռ պարանը կտրվել էր կենտրոնից, ու հագուստները կախվել էին կտրված պարանից, որ սև էր: Պարում էր, որքան ավելի ազատ էր պարում, այնքան պատը բարձրանում ու մոտենում էր: Չսայթաքեց, բայց ընկավ միանգամից: Ցավ էլ չզգաց, ոչինչ չզգաց, միայն պատը հայտնվեց կոկորդում: Գրպանում «Օպիումի» սրվակը ընկնելուց փշրվեց ու օծանելիքի սքանչելի բույրը խառնվեց մահվան սառնությանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 179812

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ