Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին՝ Փարիզից Կահիրե թռչող մարդատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ մարդկանց մահվան պատճառ է դարձել: Նա ցավակցություն և զորակցություն է հայտնել Ֆրանսիայի և Եգիպտոսի նախագահներին, զոհվածների ընտանիքներին և երկու բարեկամ ժողովուրդներին, այս դժվարին պահը հաղթահարելու համար մաղթել համբերություն, ուժ և կորով: Փարիզից Կահիրե չվերթն իրականացնող A320 օդանավը, որում եղել են 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամ, Միջերկրական ծովի վրայով թռչելիս՝ եգիպտական ափ չհասած, կորել է ռադարից: Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի պաշտոնյաներն առավել հավանական են համարում, որ ինքնաթիռը կործանվել է՝ ընկնելով ծովը: