ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարևոր է համարում ԵԱՏՄ անդամ-երկրների կողմից արագացված սխեմայով Վիետնամի հետ ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը: Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստում` անդրադառնալով երրորդ երկրների և միջազգային տնտեսական միությունների հետ համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությանը՝ նա խոսել է Չինաստանի հետ առևտրատնտեսական կապեր ծավալելու մասին` նշելով, որ վարչապետների նեղ կազմով քննարկման ժամանակ համաձայնեցրել են Չինաստանի հետ բանակցությունների ուղեցույցը: Անդրադառնալով ԵԱՏՄ ներքին հարցերին` Մեդվեդևը նկատել է, որ իրենց ուշադրության կենտրոնում է պայմանագրային բազայի ամրապնդումը, չորս ազատությունների` կապիտալի, ապրանքների, ծառայությունների, աշխատուժի շարժի լիակատար ապահովումը, այն խոչընդոտների հաղթահարումը, որոնք առաջանում են ինտեգրացիոն գործընթացում, տնտեսության առանցքային սեկտորներում միասնական շուկաներ ձևավորելու հարցերը:
«Անկասկած, ԵԱՏՄ կարևոր հարցերից է Մաքսային օրենսգրքի ընդունումը, որի համաձայնեցումը ձգձգվում է: Սկզբունքորեն կարող ենք ֆիքսել վերջնական ամսաթիվ այդ կարևոր փաստաթղթի ընդունման համար»,- ասել է ՌԴ վարչապետը: Նրա խոսքով` օրենսգիրքը կմիասնականացնի ու կհեշտացնի մաքսային ձևակերպման գործընթացը` դարձնելով կանխատեսելի բիզնես հանրության համար: Անդրադառնալով նավթի ու նավթամթերքի միասնական շուկայի ձևավորմանը` Մեդվեդևը նշել է, որ այդ հարցը ևս քննարկել են նեղ շրջանակում ու անհրաժեշտ են համարում կարճաժամկետ հեռանկարում` մինչև 2025 թվականը, ունենալ միասնական շուկա` աշխատանքի հասկանալի կանոններով ու սկզբունքներով: Բացի այդ` նիստի մասնակիցները ծրագրում են ստորագրել մի շարք համաձայնագրեր` ծառայողական ու քաղաքացիական զենքի տեղաշարժի վերաբերյալ: «Չափազանց կարևոր է այդ ռեժիմի միասնականացումը, որպեսզի ովքեր կապ ունեն այդ խնդրի հետ, իրենց զգան միասնական իրավական դաշտում»,- հավելեց Մեդվեդևը:
ՌԴ վարչապետը հույս է հայտնել, որ միջնաժամկետ հեռանկարում հնարավոր կլինի ընդլայնել բոլոր տեսակի փոխգործակցությունները, այդ թվում` ներդրումները տնտեսության տարբեր ճյուղերում, արդյունաբերական նոր ոլորտներում համագործակցության ամրապնդումը: