ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ, քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի առաջնագծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին վերջին շրջանում տիրող իրավիճակը:
«ՀՀ պաշտպանության նախարարը զրուցակցին վստահեցրել է, որ հայկական կողմը հավատարիմ է մայիսի 16-ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: Սեյրան Օհանյանը նշել է, որ ՀՀ զինված ուժերը և, ՊԲ հրամանատարի հավաստմամբ, նաև ԼՂՀ պաշտպանության բանակը, անվերապահորեն սատարում են 1994-ի զինադադարի և 1995-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործմանը, դրանց իրականացման մոնիտորինգի առաքելության ընդլայնմանը, առաջնագծում և պետական սահմանին միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը»,- ասված է ՊՆ հաղորդագրությունում: