Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Հայաստանը բաց է չինական ընկերությունների գործունեության համար»

«Հայաստանը բաց է չինական ընկերությունների գործունեության համար»
06.06.2016 | 23:51

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չինաստանի պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի պատվիրակությանը և ընդգծել է, որ Չինաստանը Հայաստանի ոչ միայն բարեկամն է, այլև կարևոր քաղաքական գործընկերներից մեկը:

Վերջին տարիների բարձր մակարդակի փոխայցելությունները նոր ազդակ են հաղորդել հայ-չինական բարեկամական հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին զգալիորեն ավելացել է երկկողմ առևտրաշրջանառությունը՝ հասնելով գրեթե կես միլիարդ դոլարի: «Վերջին շրջանում ակտիվացել են քննարկումները Հայաստանի տնտեսությունում չինական խոշորամասշտաբ ներդրումների իրականացման ուղղությամբ: Հայկական կողմը ողջունում և խրախուսում է չինական պետական և մասնավոր կապիտալի ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Հայաստանը բաց է չինական ընկերությունների գործունեության համար և պատրաստ է իրականացնել համապատասխան աշխատանքներ՝ նոր և հեռանկարային ներդրումային ծրագրերի իրականացման համար»,- նշել է վարչապետը: Չինական ընկերությունները հաջողությամբ մասնակցել են և հաղթել Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման, մի քանի էլեկտրակայանների վերակառուցման աշխատանքներն իրականացնելու մրցույթներում:


Ճան Գաոլին նշել է, որ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումն իր երկրի համար ունի կարևոր նշանակություն, և ավելացրել, որ երկկողմ գործակցությունը մշտապես զարգանում է անկեղծության ու փոխադարձ մեծ վստահության մթնոլորտում:


Չինաստանի փոխվարչապետը գոհունակություն է հայտնել երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և նշել, որ այս ուղղությամբ ձեռքբերումներն ամենևին էլ առավելագույն սահմանը չեն. կա մեծ ներուժ տնտեսական կապերում հետագա հաջողություններ արձանագրելու համար:


Ճան Գաոլին ընդգծել է, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է ֆինանսավորել արդյունաբերության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, կրթության և այլ ոլորտներում կարճաժամկետ, երկարաժամկետ ու հեռանկարային խոշոր ծրագրեր: Չինաստանը կարևորում է Հայաստանի դերը Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների զարգացման գործում, Հայաստանը կարող է նպաստել Չինաստան-ԵԱՏՄ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն:
Չինաստանի փոխվարչապետը կարևորել է երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացումը, այդ թվում՝ Աբովյանի և Գյումրիի համագործակցությունը չինական խոշոր քաղաքների հետ:


Այնուհետև զրուցակիցները քննարկել են հայ-չինական գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ կատարել մի քանի խոշոր կոնկրետ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին ու առաջիկա քայլերին:
Հովիկ Աբրահամյանը և Ճան Գաոլին երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման գործում կարևորել են հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը:


Հովիկ Աբրահամյանի և Ճան Գաոլիի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր՝ «ՀՀ կառավարության և ՉԺՀ կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, որով Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն 60 միլիոն չինական յուանի չափով` Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի և այլ ծրագրերի քննարկման ու իրականացման համար: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը և Չինաստանի կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը:


Հայ-չինական համագործակցության խորացմանը վերաբերող մյուս փաստաթուղթը «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ կոմերցիայի նախարարության միջև համագործակցության մասին» հուշագիրն է, որն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը և Չինաստանի կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ