Նախագահ Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ազգային տոնի՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին և վարչապետ Դևիդ Քեմերոնին: Նա շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել թագուհուն, արքայական ընտանիքին և բրիտանացի բարեկամ ժողովրդին՝ ազգային տոնի առթիվ:
«Հայաստանը մեծապես կարևորում է հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ: Ձևավորվել է շարունակական քաղաքական երկխոսություն, համատեղ աշխատանքներ են իրականացվել առևտրի և ներդրումների խրախուսման ուղղությամբ, զարգացել են մշակույթի և կրթության ոլորտներում մեր շփումները, արդյունավետ համագործակցություն ենք ծավալել Հայաստանում բարեփոխումներին միտված տարբեր ծրագրերի շրջանակներում: Լիահույս եմ, որ այս ամենին կարող ենք ավելացնել նոր ձեռքբերումներ: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության զարգացման գործում Ձեր և արքայական ընտանիքի ներդրած ավանդի համար: Վստահ եմ, որ Ձերդ մեծությունը նույն հետևողականությամբ կշարունակի ուշադրության ներքո պահել Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը»՝ ասված է թագուհուն ուղղված շնորհավորանքում: Վարչապետ Դևիդ Քեմերոնին շնորհավորական ուղերձում Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ - բրիտանական հարաբերությունները համատեղ ջանքերով կխորանան՝ ի շահ երկու ժողովուրդների:
Սերժ Սարգսյանը Մեծ Բրիտանիայի ազգային տոնի կապակցությամբ նաև այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանի կեցավայր` շնորհավորել դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին և դեսպանատան անձնակազմին, մաղթել Մեծ Բրիտանիայի բարեկամ ժողովրդին բարօրություն և հետագա բարգավաճում:
Նախագահը համոզվածություն է հայտնել, որ Միացյալ Թագավորության բնակչության համար այս տոնը յուրահատուկ խորհուրդ ունի՝ բրիտանացիները, ի դեմս թագուհու, տեսնում են ոչ միայն պետության ամենաերկար գահակալած միապետի, այլև խոհեմ և հոգատար առաջնորդի, ում գործունեությունը տասնամյակներ շարունակ նպաստել է Մեծ Բրիտանիայի հեղինակության բարձրացմանը: