Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

Նալբանդյան. Հիմա ո՞ւմ հավատանք՝ Ադրբեջանի՞ն, թե՞ միջազգային հանրությանը

Նալբանդյան. Հիմա ո՞ւմ հավատանք՝ Ադրբեջանի՞ն, թե՞ միջազգային հանրությանը
30.06.2016 | 11:08

Հայաստանը բարձր է գնահատում գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։


«ԵԱՀԿ-ում նախագահության ստանձման առաջին իսկ պահից Գերմանիան սատարեց զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնման ՄԽ համանախագահների առաջարկներին: Այս երկու առաջարկները, ինչպես նաև 1994 թ. Զինադադարի համաձայնագրերի անշեղ կատարման հարցը գտնվել են Սանկտ Պետերբուրգում ու Վիեննայում տեղի ունեցած գագաթնաժողովների օրակարգում: Այժմ եռանախագահների հետ աշխատում ենք սրանց իրականացման ուղղությամբ»,- հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարարը:


Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իրենք պատրաստ են քննարկել Արցախի ինքնավարության հարցը՝ Նախիջևանի օրինակով, որն, իբրև թե, քննարկվել է Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, թե ամեն հանդիպումից հետո եռանախագահները հարց են տալիս՝ այս անգամ հնարավոր կլինի՞ հարգել պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել հանդիպման ընթացքում ու «ես միշտ իրենց պատասխանում եմ, թե սպասեք, մինչև ադրբեջանական կողմը վերադառնա Բաքու, տեսնենք, թե ինչ շինծու վարկածներ կներկայացնեն»:

«Այսօր Ադրբեջանն անում է այն, ինչ եռանախագահ պետություններից մեկն ընդգծեց. փորձում է պարան քաշել իր կողմ կամ հանրային կարծիքի համար տպավորություններ ստեղծել, թե դրանք իրենց են ի նպաստ: Ժամանակին հայաշատ Նախիջևանը, որն այսօր ամբողջովին հայաթափված է, այսօր օրինակ է բերվում Ադրբեջանի ղեկավարի կողմից որպես հեռանկար: Այնինչ, Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի ԼՂ ժողովուրդը՝ ազատ կամարտահայտության միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ: Սա է ասում Հայաստանը, սա են ասում եռանախագահող երկրները՝ ամենաբարձր մակարդակով: Հիմա ո՞ւմ հավատանք, Ադրբեջանին, թե՞ միջազգային հանրությանը: Սրանք շինծու վարկածներ են»:

Դիտվել է՝ 644

Մեկնաբանություններ