«Իրատեսի» հյուրը գրող, հրապարակախոս ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆՆ է:
«ԱՐՏԻՍՏԻ ԱՇԽԱՐՀԸ ԱՆԵԶՐ Է, ՆՐԱ ՈՏՆԱՀԵՏՔԵՐՈՎ ԻՆՉՔԱՆ ԳՆԱՍ՝ ՎԵՐՋԸ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ»
-Հովհաննես, Վահրամ Փափազյանը Մհեր Մկրտչյանի մասին ասել է. «Այս մանչուն հետ մեկը պետք է»: Դուք և Շուշանիկ Սահակյանը «այդ մանչուն հետ» եղաք հետմահու՝ ստեղծելով «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» ֆիլմը, ապա՝ համանուն գիրքը, որի մասին ասում եք, թե գրվել է Արտիստի ոտնահետքերով ձեր անցնելու ճանապարհին: Այդ ճանապարհին հանդիպած ամե՞ն բան է արտացոլվել Ֆրունզիկի մասին պատումում, թե՞ կային բաներ, որոնք ինչ-ինչ նկատառումներով շրջանցել եք:
-Նախ՝ շնորհակալ եմ Մհեր Մկրտչյանի մասին ևս մեկ անգամ խոսելու առիթ տալու համար: Արտիստի աշխարհը անեզր է, նրա ոտնահետքերով ինչքան գնաս՝ վերջը չի երևում: Այդ ճանապարհը Շուշանիկ Սահակյանի հետ մենք անցանք՝ առ Արտիստը ունեցած սիրով, ակնածանքով, նաև զգույշ ու մի քիչ էլ վախվորած:
-Ինչո՞ւ վախվորած:
-Որովհետև նա չէր սիրում իր կյանքի «էն մի կողմը» ցուցադրել, հետևաբար, մենք դա պիտի տեսնեինք, դրանով ապրեինք, հուզվեինք ու տխրեինք և... չցուցադրեինք, դրա մասին չպատմեինք: Մեր վախը հենց այստեղ էր՝ չնեղացնենք Արտիստին: Մենք նրա ոտնահետքերում լույս էինք փնտրում, ու այդ լույսը կար՝ մտերիմների հետ զրույցներում, մեծ լսարաններում ասված խոսքի մեջ, իր մտորումներում, որ ձայնագրել էին այն երջանիկ մարդիկ, ովքեր բախտ ու պատիվ են ունեցել շփվելու նրա հետ, մասնավոր զրույցներ ունեցել: Այդ մասնավոր զրույցներում Արտիստը բոլորովին ուրիշ մարդ է՝ խորագետ, վերլուծող, ուսյալ ու խրատո՜ղ: Միայն դերի պատրաստման իր, այսպես ասեմ, մեթոդը, մի ողջ դասախոսություն է նրանց համար, ովքեր դերասան դառնալու ճանապարհն են ելել. «Դերը պետք է դերասանի երակներում տրփա՜ արյան հետ, տրփա՜ ու եփվի, ինչպես նոր դրած գինի: Հետո պետք է հանդարտվի՜, զուլալվի՜ և նոր միայն խաղացվի»: Մենք Արտիստի անցած ճանապարհին մեկիկ-մեկիկ հավաքեցինք այն ամենը, ինչը կարող էր «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը» նույնանուն և՛ գրքի, և՛ ֆիլմի հենքը դառնալ ու, որպես ամփոփ այցեքարտ, ներկայանալի լիներ բոլոր նրանց, ովքեր իրենց սիրելի դերասանին ճանաչում են միայն կինոֆիլմերով ու բեմական ներկայացումներով: Փա՛ռք Աստծո, որ համընդհանուր սեր էր վայելում Արտիստը, և ով նրան հանդիպելու հաճելի պահն ունեցել է, անպայման ուզել է գրառել, մտապահել: Այսօր ռադիոյի ֆոնդում կա այդ ձայնագրությունների մեծ մասը, որոնք մեզ սիրահոժար տրամադրեցին: Ես այստեղ անպայման պիտի տամ Ռոբերտ Մաթոսյանի անունը, ով Ֆրունզիկի հետ ունեցած իր ձայնագրությունների չափազանց մեծ արխիվ հանձնեց ռադիոյի ֆոնդ:
-Այդ բոլորն օգտագործեցի՞ք ձեր ֆիլմում ու գրքերում:
-Ֆիլմում՝ ոչ բոլորը, որովհետև մեծ մասը սիրողական ձայնագրություններ էին, իսկ գրքերում («Լույս», «Է՜ն ուրիշ Ֆրունզիկը», «Ո՞Ւմ համար ես վառվում, լույս») հնարավորինս շատ նյութեր դրեցինք:
-Գրքում գրառվածից բացի, այլ տեղեկություններ կա՞ն Ֆրունզի թոռան՝ Իրենի մասին: Հետաքրքիր է իմանալ, թե ինչ շարունակություն ունի նրա տոհմածառը:
-Ցավոտ հարց տվեցիք, Կարինե ջան: Իրենը հեռավոր Արգենտինայից Հայաստան եկավ հենց այն օրերին, երբ մեր ամենօրյա մտորումը, գրելիքն ու անելիքը միայն Ֆրունզիկն էր ու էլի Ֆրունզիկը: Նա այցելեց մեզ և մեր տեսանյութերի, ձայնագրությունների ու պատմածների մեջ երջանկացավ իր պապի ներկայությունից: Նա իր Նունե մայրիկի ուխտն էր կատարում՝ Գյումրու հուշատուն-թանգարան հանձնեց հսկայական արխիվ, տպագրեց Նունեի հեղինակած գիրքը և... տխուր վերադարձավ: Ափսոս, ես ինձ իրավունք չեմ վերապահում պատմելու նրա տխրության պատճառների մասին. դա ինձ համար շատ ցավոտ թեմա է: Իրենը՝ ժամանակից շուտ հասունացած այդ հրաշալի աղջիկը, հիմա հեռուներում իր մենակությունն է ապրում: Մենք նրա հետ մեր կապը պահում ենք, բայց Իրենին ավելի շատ իր հարազատ պապի տաք անկյունն էր պետք, որ չունեցավ:
«ՄԱՐԴՈՒ ԿՅԱՆՔՈՒՄ ՄԻ ԱՆՋԻՆՋ ՀԵՏՔ Է ՄՆՈՒՄ, ՈՐԻՆ ՀԱՃԱԽ ԱՆԴՐԱԴԱՌՆԱԼՈՒ ՄԻ ՆԵՐՔԻՆ ՊԱՀԱՆՋ Է ՈՒՆԵՆՈՒՄ»
-Անդրադառնանք ձեր տեսադաշտում հայտնվող մյուս հերոսներին՝ Տերյան, Շիրազ, Սահյան...
-Դուք վկայեցիք Շուշանիկ Սահակյանի համահեղինակությամբ հրատարակվող մեր «Գիրք-օրացույց» մատենաշարը: Այդ ցանկն ավելացնեմ՝ Լևոն Միրիջանյան և դարձյալ Մհեր Մկրտչյան: Հատկապես ուսուցիչների սիրած գրքերն են, որոնց մասին վերջիններս շնորհակալության խոսքեր են գրում. «Ձեր հեղինակած գիրք-օրացույցները» մատչելի ձեռնարկներ են՝ հեղինակներին ներկայացնելու, նրանց նվիրված գրական-երաժշտական հանդեսներ պատրաստելու»: Մենք այդ մատենաշարով ուսուցիչներին, աշակերտներին և, ընդհանրապես, մեր ընթերցողին ազատում ենք հեղինակների գրքերը փնտրելու հոգսից. ամենայն խնամքով ու բծախնդիր հատընտիր ենք զետեղել նրանց պոեզիայից, բնորոշ ու հիշարժան դրվագներ կենսագրությունից, գրչակից ընկերների ու ժամանակակիցների գնահատանքներից: Միով բանիվ, բաց ափի պարզությամբ ներկայացրել ենք հեղինակներին:
-Համահեղինակությամբ նաև վավերագրական ֆիլմեր եք պատրաստում: Վերջինը ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանին էր նվիրված: Ի դեպ, այդ ֆիլմից շատ տպավորված եմ: Ինչպե՞ս եք ընտրում նրանց:
-Հաճախ իրենք են մեզ ընտրում, որովհետև արդեն 10 ֆիլմ ունենք, և, խնդրում եմ, անհամեստություն չհամարեք, մշակույթի աշխարհում մի քիչ ճանաչում են մեզ:
-Ձեր ուսումնասիրությունների դաշտում հանրահայտ աշխարհիկ անունների կողքին հայտնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը՝ «Ոգու հերկը» գրքում: Սակայն նա սոսկ որպես հայ ազգի հոգևոր առաջնորդ չի ներկայացված, այլև քաղաքացի, քաղաքագետ, հայ մարդ՝ բառիս լայն իմաստով: Ինչպե՞ս եք կարողացել պահել հավասարակշռությունը միևնույն անձի երկբևեռ կերպավորման տիրույթում:
-Հեռուստատեսությունում ես բացել էի «Խորան լուսո» հեռուստահաղորդաշարը, և, 1990-ի մայիսից սկսած, երջանկություն եմ ունեցել մոտ երեք տարի հաճախակի հանդիպելու Վեհափառի հետ` լինելով հաղորդաշարի խմբագիր-ղեկավարը: Խորհրդային համակարգը դեռ չէր հավաքել իր փեշերը, և այդ նորությունն առանձնակի ջերմությամբ ընդունեց Վեհափառը` հեռուստադիտողներին ուղղված իր օրհնանքի և բացման խոսքում հատկապես կարևորելով այդ փաստը. «Սրտի գոհունակությամբ ես բերում եմ ձեզ բոլորիդ Աստծո օրհնությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից: Այժմ, կարծում եմ, ժամանակն է արդեն, որ հայ ժողովուրդը ինքը զինքը ճանաչի նաև հայ եկեղեցու կյանքի և նրա կատարած դերի, պատմական դերի մակարդակի վրա: Այս ձևով մեր ժողովուրդը, մեր հայրենի ժողովուրդը առավել ամբողջական կերպով պիտի ճանաչի ինքն իրեն»: Այդ տարիներին ես և հեռուստադիտողները վայելեցինք Վեհափառի տարածուն ներկայությունը՝ իր օրհնանքներով, խրատներով, իմաստուն զրույցներով: Դրանք իմ կյանքի լավագույն տարիներն էին: Հսկայական նյութ հավաքվեց, որը ես ամփոփեցի «Ոգու հերկը» գրքում՝ որպես հիշատակի խնկարկում մի անհատականության, ով անջնջելի հետք թողեց ժողովրդի հիշողության մեջ: Պատահում է, չէ՞, մարդու կյանքում մի անջինջ հետք մնում է, որին հաճախ անդրադառնալու մի ներքին պահանջ է ունենում: Այդպիսին է վերը հիշատակված այն երեք լուսեղեն տարիներից մնացած տպավորությունը: Եվ երկնային ճանապարհներ Վեհափառի մեկնելուց հետո ի՞նչ էր ինձ մնում անելու: Հասցրի հրատարակել այդ տարիներին կայացած մեր զրույցների արդյունք «Ոգեղեն կյանք» գիրքը, որն իմ շնորհավորանքը եղավ Վեհափառի ծննդյան 90-ամյակին և իմ խնկարկումը նրա պայծառ հիշատակին: Հետայդու ամեն հնարավոր պահի լրագրերում և համացանցում Վեհափառի անունն եմ տալիս` մի հոդվածով, մի տեսաերիզով: Այդ ընթացքում հաճելիորեն նկատելի էր, թե ժողովուրդն ի՜նչ անսահման սեր ու ջերմություն է տածում Վեհափառի հանդեպ: Եվ՝ ոչ միայն Հայաստանում: Շատ հուզական էր, երբ Վեհափառին նվիրված նյութերով տպավորված և նրա նկատմամբ խորին ակնածանք ունեցող գերմանաբնակ մի ազնիվ հայուհի՝ Ալիս Սողոմոնյանը, կամովին հանձն առավ «Ոգու հերկը» գրքի տպագրական ծախսերը: Այն, ինչ արել եմ ու դեռ պիտի անեմ՝ սիրելի Վեհափառի անունը սերունդների մեջ մշտահմա պահելու համար, թերևս, աննշան բաներ են այն ամենի դիմաց, որ ստացել եմ Վեհափառի օրհնությամբ ու վայելել նրա ներկայությունը, և իմ այդ արածները լիարժեք պատասխան չեն նրա հայրական այն ջերմ վերաբերմունքի, որ իմ հանդեպ ունեցավ այն տարիներին: Հիմա մի պարտք էլ ունեմ՝ իր լրումին հասցնել այն ֆիլմը, որի հենքը Վեհափառի կենսագրականի մանրամասն պատմությունն է` արված հատուկ «Խորան լուսո» հաղորդաշարի համար: Երևի Աստված կհաջողի, որ մի օր, տեսախցիկը ձեռքիս, անցնեմ Ռումինիայի այն բոլոր վայրերով, որոնց մասին պատմել է Վեհափառը. դա իր անցած ճանապարհն է՝ ծննդից մինչև Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելը:
«ՄԱՐԴՆ ՈՒՆԵՆՈՒՄ Է ԻՐ ԱՊՈՒՊԱՊԵՐԻ ԵՐԿԻՐԸ ՈՐՊԵՍ ՀՅՈՒՐ ԳՆԱԼՈՒ ԴԺՎԱՐԻՆ ԶԳԱՑՈՒՄԸ, ՈՐԸ ՍԻՐՏ ՃՄԼԵԼՈՒ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ Է»
-Մեծ հուզմունք կա Չարենցին, Կարսին, Կարինին, առհասարակ Արևմտյան Հայաստանին վերաբերող Ձեր անդրադարձումներում: Ի՞նչ հուզական շերտեր են մնացել չբարձրաձայնված այս թեմաներով գրառված էջերի խորքում:
-Հուզմունքը յուրաքանչյուր հայի է պատում, որովհետև մարդն ունենում է իր ապուպապերի երկիրը որպես հյուր գնալու դժվարին զգացումը, որը սիրտ ճմլելու զգացողություն է: Չարենցից ավելի պատկերավոր չես ասի. «Հաճախ պատկերանում է նա ինձ որպես վաղեմի մի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո»: Բայց կա ավելի դժվարը՝ դու այցելում ես մի երկիր, որն իր սահմանային գյուղերին ու քաղաքներին արտակարգ ուշադրություն է դարձնում: Դու հայ ես, քո անկախ հայրենիքով հպարտ ես, բայց քո երկրի սահմանային գյուղերը խղճուկ վիճակում են, ու այնտեղ՝ քո պապերի երկրում, իրեն տեր զգացող մի քուրդ տղա կարող է քեզ սահմանապահության բանաձև բացատրել. «Գիտե՞ս,- ասում է,- իմ եղբայր, սահմանը միայն փշալարով չեն պահում, մարդո՛վ են պահում, մարդո՛վ»: ՈՒզում ես գլուխդ պատով տուր, բայց այդ տղան իրավացի է, որովհետև քո երկրի, օրինակ, սահմանային Խարկով գյուղը, որին, չգիտես ինչու, Նոր շեն անունն են տվել, հսկայական հողատարածքներ ունի, ուր դռներն ու պատուհանները տախտակներով մեխած շատ անբնակ տներ կան, և այնտեղ մեն մի բնակիչ է ապրում՝ առաջացած տարիքով մենակյաց մի կին: Իսկ Անիին կպած քրդաբնակ գյուղամիջով քայլես՝ երեխաները ոտատակ են ընկնում, և այդ գյուղացիք հողի ու ջրի վարձ չեն մուծում: Այդ երկու գյուղն էլ նույն՝ Կարսի սարահարթում են, ինչո՞ւ պիտի, բնակեցման իմաստով, այդ վիթխարի տարբերությունը լինի: Հիմա ի՞նչ, Կարինե ջան, Թումանյանի հերոսի նման ասեմ՝ «Էլ մի՛ խոսեցնի...»:
«ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԻՆ ՆԱՅՈՂ ՊԱՏՈՒՀԱՆ»
-Ո՞վ է, ի վերջո, Հովհաննես Պապիկյանը. գրո՞ղ, հրապարակախո՞ս, կինոգործի՞չ, Սահմանադրական դատարանի պաշտոնյա՞, թե՞…
-Այդ «թե՞»-ից սկսեմ: Հովհաննես Պապիկյանը մի նորմալ հայ է, ով չափազանց շատ է սիրում հայ մշակույթը, սիրում է մշակույթի հայ գործիչներին և իր գրքերով, վավերագրական ֆիլմերով, լրագրային ու հրապարակախոսական հոդվածներով հայ մշակույթի ակունքներին նայող պատուհան է բացում նոր սերնդի համար, որ չչորանան մեր արմատները, որ չմոռացվեն մեր ազգի երևելի մարդկանց անունները, և որ Համո Սահյանի մտահոգությունից այլևս չունենանք՝ «Մամուռներում կորան արահետ ու անուն»: Այս ամենը ես անում եմ, Ձեր ասած, Սահմանադրական դատարանի պաշտոնյայի անմիջական պարտականությունները կատարելուց հետո ունեցած ազատ օրերիս ու ժամերիս և շատ գոհ ու շնորհակալ եմ իմ անմիջական ղեկավարից, ով խրախուսում է մշակութային իմ գործունեությունը:
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ