Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Տաջիկստանի արտգործնախարար Սիրոջիդին Ասլովի հետ: Երկու նախարարների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ։ Նալբանդյանը կարևորել է Տաջիկստանի արտգործնախարարի առաջին պաշտոնական այցը՝ նշելով, որ հայկական կողմն այցը և Տաջիկստանի առաջին դեսպանի հավատարմագրումը Հայաստանում դիտարկում է 2015 թ. սեպտեմբերի 14-ին Դուշանբեում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերություններին նոր լիցք հաղորդելու վերաբերյալ պայմանավորվածության համատեքստում: Տաջիկստանի արտգործնախարարն ընդգծել է, որ իր երկիրը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները և ցանկանում է առավել զարգացնել համագործակցությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-տաջիկական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նախարարները մտքեր են փոխանակել քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական ոլորտներում համագործակցության զարգացման ու փոխշահավետ ծրագրերի իրագործման հնարավորությունների շուրջ: Կողմերը գոհունակություն են հայտնել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում երկու երկրների օրենսդիր մարմինների ակտիվ համագործակցության վերաբերյալ։
Զրուցակիցներն անդրադարձել են ՀԱՊԿ օրակարգային հարցերին, ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունների իրականացմանը։
Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերսկսման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման նպատակով ձեռնարկվող քայլերը։ Նախարար Սիրոջիդին Ասլովը մտահոգություն է հայտնել ապրիլին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ և վերահաստատել իր երկրի սկզբունքային դիրքորոշումը՝ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։
Սիրոջիդին Ասլովը տեղեկացրել է Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին տիրող իրավիճակի մասին, իր երկրի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության և ծայրահեղականության դեմ պայքարի վերաբերյալ։ Նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ՀԱՊԿ շրջանակներում վերոհիշյալ հարցերով Տաջիկստանին աջակցելու համար։