Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն, շնորհավորել դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանության աշխատակիցներին, ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ժողովրդին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ ուրախ է տոնի առիթով ևս մեկ անգամ կրկնելու՝ Հայաստանը հպարտ է բարեկամ Ֆրանսիայի հետ իր առանձնաշնորհյալ հարաբերություններով:
Նա միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում բարձր է գնահատել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աշխատանքը և դիվանագիտական ներկայացուցչությանը մաղթել նորանոր ձեռքբերումներ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների: Ֆրանսիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին դեսպանություն այցելության, ջերմ շնորհավորանքի, բարեմաղթանքների, դեսպանության գործունեությանը տված բարձր գնահատականի համար և նշել, որ իր ու դեսպանության բոլոր աշխատակիցների համար մեծ պատիվ և պատասխանատվություն է ամենօրյա աշխատանքով խորացնել երկու երկրների դարավոր բարեկամությունը, որը, դեսպանի համոզմամբ, մշտական հոգածություն է պահանջում: Սերժ Սարգսյանը տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:
«Ջերմորեն շնորհավորում և լավագույն մաղթանքներ եմ հղում Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Մեր երկու բարեկամ երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և փոխվստահության մթնոլորտը կայուն հիմք են հայ - ֆրանսիական հարաբերությունների հետագա համակողմանի զարգացման և խորացման համար: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ասված է ուղերձում: «Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական հետևողականությունը Հայոց ցեղասպանության ժխտումն օրենքի ուժով դատապարտելու հարցում, ինչը մեկ անգամ ևս ընդգծում է Ֆրանսիայի և անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին։ Մենք մեծապես կարևորում ենք Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի հետ համատեղ ներգրավվածությունն ու ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության»,- Օլանդին գրել է Սարգսյանը՝ ֆրանսիացի պաշտոնակցին մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին` հետագա առաջընթաց և բարօրություն: