Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Թամրազյանների ընտանիքին` Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ճանաչված բանաստեղծ և թարգմանիչ Հրաչյա Թամրազյանի վաղաժամ մահվան կապակցությամբ:
«Հրաչյա Թամրազյանը իր ողջ գործունեությունը նվիրեց հայ ժողովրդի մշակութային ժառանգության, մասնավորապես՝ միջնադարագիտության և նարեկացիագիտության ուսումնասիրմանը և արժանիորեն վաստակեց իր գործընկերների, ընթերցողների և ողջ մտավորականության հարգանքն ու համակրանքը:
Խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ, ձեր հարազատներին, մերձավորներին և անվանի մտավորականի գործընկերներին», ասված է հեռագրում:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի թաղման կապակցությամբ ձևավորվել է կառավարական հանձնաժողով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորությամբ: Կառավարական հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հրաչյա Թամրազյանի հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, ժամը 18.00-20. 00-ն Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված), վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը 12.00-14.00-ին Մատենադարանի ճեմասրահում: