ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մեղրի քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանությունն ու որմնանկարների վերականգնումը

Մեղրի քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու պահպանությունն ու որմնանկարների վերականգնումը
17.09.2016 | 11:55

Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության միջև «Մեղրի քաղաքի Սուրբ Սարգիս (Սբ Հովհաննես) եկեղեցու պահպանության և որմնանկարների վերականգնման նպատակով ԱՄՆ դեսպանի մշակութային պահպանության հիմնադրամի կողմից դրամաշնորհի տրամադրման մասին» հուշագիրը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:


ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորմամբ (կհատկացվի 450 000 ԱՄՆ դոլար) կիրականացվեն Մեղրու Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից տարածքի ջրամեկուսացման, որմնանկարների և ծածկասալերի մասնակի վերականգնման և ամրակայման աշխատանքներ:
Ծրագրի իրագործումը կնպաստի Հայաստանի հարավային ուղղության կարևորագույն հուշարձանի հանրայնացմանը:


Մեղրի քաղաքի «Փոքր թաղի» Սուրբ Սարգիս եկեղեցին 17-րդ դարի հայկական ճարտարապետության ինքնատիպ կառույց է: Իր ոճով այն Կովկասում և Միջին Արևելքում եզակի է՝ հարուստ որմնանկարներով, որոնցում զուգորդված են ուշ միջնադարյան քրիստոնեական պատկերագրության տարրեր:


ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը համագործակցում է տարբեր երկրների կառավարությունների ու մշակութային կազմակերպությունների հետ, աջակցում մշակութային արժեքների, հուշարձանների և ավանդական մշակութային արտահայտչականության ձևերի պահպանմանը: Հիմնադրամը 2000-ից է սկսել իր գործունեությունը և ավելի քան 125 երկրներում իրականացրել 870-ից ավելի ծրագրեր՝ շուրջ 55 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ:

Դիտվել է՝ 2289

Մեկնաբանություններ