ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության 25-ամյակի կապակցությամբ: Պետդեպարտամենտի կայքում տեղադրված ուղերձում ասվում է.
«Նախագահ Բարաք Օբամայի ու ԱՄՆ-ի ժողովրդի անունից շնորհավորանքներս եմ հղում հայ ժողովրդին Անկախության 25-ամյակի առթիվ, որը կնշվի սեպտեմբերի 21-ին: ԱՄՆ-ը խորապես արժևորում է Հայաստանի և Ձեր բոլորի հետ իր ջերմ բարեկամությունը: Վերջին քառորդ դարում Հայաստանը մեծ առաջընթաց է ունեցել, և իմ երկրի կառավարությունը պատրաստ է շարունակել սերտորեն աշխատել Ձեզ հետ՝ աջակցելու բարեկեցության, ամուր ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության ու տարածաշրջանային խաղաղության կայացման ընդհանուր նպատակներին:
Մենք գնահատում ենք Հայաստանի հետևողական օժանդակությունը միջազգային խաղաղապահ գործողությունների արդյունավետության ապահովման գործում ու սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու հարցում առաջատար դերակատարումը: Մենք նաև երախտապարտ ենք ԱՄՆ-ում կենսունակ ու մեծ ձեռքբերումների հասած ամերիկահայ համայնքի ներկայության համար:
Այս գեղեցիկ տոնի առթիվ լավագույն մաղթանքներս եմ հղում հայ ժողովրդին, ցանկանում խաղաղություն ու բարօրություն առաջիկա տարում»: