Բորիս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Մեր գյուղի կենտրոնում կային չորս բնակելի պետական շենքեր, կինոյի շենքը ու նրա դիմաց ադմինիստրատիվ, պետական, անունը չեմ ուզում տալ, թե ում շենքը: Սա մեր գյուղի քաղաքն էր, ու մեր գյուղի թաղեցի երեխաները չէին սիրում մեր գյուղի քաղաքացի երեխաներին, այսինքն` մեզ՝ շենքեցիներիս: Այդպես էլ անվանում էին՝ «շենքեցիներ»: Իրենց թաղերով անցնելիս կամ ձորը լողանալու գնալիս մեզ վրա հարձակվում էին, ծեծում, որովհետև համոզված էին, որ ձորը, գետը, բնությունն իրենցն են: Իսկ մեր մեջ տեսնում էին ինչ-որ սխալ, արհեստական բան: Օրինակ, ասենք, մեր տները պետական էին, մեր ձեռքով կառուցված չէին, ու սա արդեն վատ էր ու անբնական: ՈՒ երևի նրանք ճիշտ էին ու լավ էին անում, որ մեզ ծեծում էին, թե չէ ինչպես Ասպոս էր ասում (իմ մանկության ընկերը). «Թե էդ ծեծն ու կռիվը չլինեն, վայ թե դուք կնիկ մեծանաք, ոչ թե տղամարդ»: Աստված ողորմի Ասպոյին, իմ լույս հոգի ընկերոջը: Նա մահացավ երեսունհինգ տարեկանում, երբ կառուցում էր իր նոր տունը ձորի պռնկին (մանկուց ուզում էր հենց Էդտեղ տուն կառուցել): Հիմա նրա Վարդանը կապրի էդ տանը: Զարմանալի կրկնություն է. ձորը, երկինքը, գետը նույնն են, ու Վարդանն էլ նույն Ասպոն է՝ կարճ, սևուկ ու պինդ, կեռ ոտքերով, էնպես, ինչպես ես տեսա Ասպոյին, երբ մեզ բերեցին առաջին դասարան: Զարմանալի կրկնություն: Միայն ձորի պռնկին Ասպոյի տունն է ավելացել ու կողքին Ասպոյի գերեզմանը (խաչքարն էլ մենք՝ տղերքով ապառաժների մեջ փորեցինք, որ Ասպոյի սրտով լինի):
Էդպես երեխա էինք, ու թաղեցիները մեզ հետ պատերազմում էին, ու նույնիսկ Ասպոն չէր կարող ոչինչ անել: Միակ բանը, որ մեզ միացնում էր, միակ բանը, որ ընդհանուր էր թաղեցիների ու շենքեցիների համար՝ Կարպիսն էր: Նա կլիներ երեսունհինգ տարեկան: Տարիներ առաջ եկել էր Հունաստանից, չգիտես ոնց ընկել էր մեր գյուղը, ամուսնացել էր, ապրել: Հետո նա կորցրել էր կնոջը, միակ ընկերոջը: Մնացել էր աշխարհում մեն-մենակ ու դարձել էր լռակյաց ու ինքնամփոփ: Իսկ գյուղում այդպես չի կարելի, դա տարօրինակություն է: ՈՒ դա գյուղացի երեխաներիս գայթակղությունն էր, մեր մանկական անհոգ ու միամիտ, բայց սարսափելի դաժանության խթանը:
Հիշում եմ շենքի բակը (Կարպիսն էլ ապրում էր պետական շենքում), ուր միլիցիոներները հանել- դուրս էին թափել Կարպիսի ամբողջ ունեցվածքը: Կարպիսը պառկել էր մահճակալին (հենց բակի մեջ) ու հրաժարվում էր տեղափոխվել ուրիշ բնակարան: Նա չէր ուզում հեռանալ տնից, որտեղ ապրել էր իր կնոջ հետ: Դա իմ կյանքում տեսած առաջին բողոքի ցույցն էր: Միլիցիոներները, իհարկե, նրան զոռով տարան՝ երեխաներիս հարայ-հրոցի, ծաղրուծանակի տակ: ՈՒ այդ օրվանից սկսվեցին հալածանքները Կարպիսի նկատմամբ: Երեխեք էինք՝ ցեցի պես անհանգիստ, Կարպիսի հետևից գոռում էինք, ծաղրում, քար նետում, մեծերն էլ երբեմն նախատում էին, երբեմն էլ խառնվում մեր դաժանության հրավառությանը:
Կարպիսը կամաց-կամաց սեղմվեց, փոքրացավ, դադարեց խոսել մարդկանց հետ, հետո սկսեց օրերով կորչել: Ասում էին, որ գնում է քաղաք, պահանջում, որ իրեն թողնեն վերադառնալ Հունաստան: Քաղաքից հայտնել էին շրջկենտրոն (մեր գյուղը շրջկենտրոնն էր), նրանով «զբաղվել էին», ու նա բոլորովին դադարեց բարևել մարդկանց: Գյուղի ջահելները, որ Կարպիսի նկատմամբ հանդուրժող էին, կատակով հարցրել էին. «Կարպի՛ս, ճի՞շտ է, որ հայրենիքդ թողած ուզում ես գնալ Հունաստան»: ՈՒ նա հայհոյել էր հայրենիքը: Տաքարյուն «հայրենասերները» վրդովվել էին, ու խեղճ Կարպիսը, հանձինս «հայրենասեր» երիտասարդության՝ ձեռք բերեց նոր թշնամիներ:
Տատս միակ մարդն էր, ում Կարպիսը վստահում էր (տատս ու պապս ապրում էին մեր շենքի կողքին՝ փոքրիկ սեփական տանը), ասել էր. «Կարպի՛ս, խերդ խորեմ, խելք մի դի էդ խերը խորուկների խետ, արի մե բաժակ արաղ խմի, թե չէ ըտոնք քեզի կծռվցնեն»:
Կարպիսը երբեմն տատիս տուն էր մտնում, մի բաժակ օղի էր խմում, շատ թախանձելուց հետո կարող էր թթվի հետ մի կտոր հաց ուտել: Վաղուց արդեն Կարպիսը ոչ մեկի տուն չէր մտել ու ոչ մեկին իր տուն չէր թողել: Նա ոչ մի տեղ չէր աշխատում, հրաժարվում էր որևէ մեկից փող վերցնել: Ասել էր. «Սովետի փողը կեղտ ա»:
Եթե պապս համարձակվում էր Կարպիսի հասցեին կատակել, տատս ծղրտոցով հարձակվում էր. «Սավսալա՛կ, էդ անտեր մարդուց ի՞նչ կուզեք»:
Իբրև ամենամեծ վստահություն, Կարպիսը տատիս մի օր նույնիսկ պատմել էր Հունաստանի մասին:
Օրեր էին անցնում, և մեր ու Կարպիսի հարաբերությունները բարդանում էին՝ դառնալով մեզ համար հետաքրքիր, իսկ Կարպիսի համար՝ վտանգավոր: Նա շարունակում էր Երևան գնալ, բայց հիմա՝ արդեն ոտքով: Վարորդները պատմում էին, որ կանգնում են, համոզում, որ նստի մեքենա, բայց նա լուռ հրաժարվում էր ու շարունակում իր ճանապարհը: Մինչև Երևան 60-70 կմ էր: Ոչ մեկը չգիտեր, թե Կարպիսը ո՞ւր է գնում, որտե՞ղ է գիշերում, ինչո՞վ է սնվում: Մեր մանկական երևակայությունը բորբոքվում էր, ու մենք սկսեցինք վարկածներ մշակել և ավելի հետապնդել Կարպիսին: Մեկ, թե Կարպիսը փող է տպում, մեկ էլ թե՝ Կարպիսը արտասահմանյան լրտես է ու տանը ռացիա ունի: ՈՒ չզսպելով մեր խելագար հետաքրքրասիրությունը, մենք մի օր, երբ Կարպիսը տանը չէր, պատշգամբով մտանք նրա տունը: Չգիտեմ, աղքատությունը, թե մենակությունն էր այդքան ցնցող, որ մնացել է հիշողությանս մեջ: Մենք, իհարկե, հիասթափված էինք, ոչ մի ռացիա էլ չգտանք, և մի տեսակ խորհրդավոր վախ ու տագնապ զգալով, համարյա փախանք մեր տները:
Կարպիսը վերադարձել էր, մեր թողած վախի ու չկայացած գողության շունչն առել, դուրս էր թափել տան ունեցվածքը պատշգամբ ու հենց պատշգամբում հրդեհ սարքել: Ժողովուրդ էր հավաքվել, ծիծաղում էին: Ոմանք փորձում էին բարձրանալ հանգցնել: Կարպիսը կանգնել էր պատշգամբում, կրակների մեջ՝ բահը ձեռքին ու ոչ մեկին չէր թողնում մոտիկ գալ: Նրա դեմքն ու բահը՝ կրակի լույսից կարմրած, փայլում էին նույն սառնությամբ: Մինչև հիմա ինձ թվում է, թե բահն էլ, Կարպիսն էլ ժպտում էին: ՈՒ մենք, որ երեկ Կարպիսի տնից տագնապահար փախել էինք, այսօր նորից աքլորացել, գոռում էինք, վազվզում դես ու դեն, սուլո՛ւմ, քարե՛ր շպրտում: Այս ամենը նման էր հեթանոս խրախճանքի:
Հաջորդ օրը նա ամեն ինչ մաքրեց, լվաց պատշգամբը ու մի քանի օրով անհետացավ: Երբ վերադարձավ, քարշ տվեց բերեց ինչ-որ գերաններ, մեծ դժվարությամբ բարձրացրեց իր բնակարանն ու փակվեց: Մեկ ամսում նա երեք անգամ էր տնից դուրս եկել, տատիս հետ մի-մի բաժակ օղի էր խմել ու էլի փակվել: Հետո գնացել էր պետական ադմինիստրատիվ շենքը, պահանջել, որ իրեն հողակտոր տան: Մերժել էին:
Հետո պարզվեց, որ Կարպիսը մի ամբողջ ամիս ձեռքի փոքր սղոցով գերաններից տախտակներ է պատրաստել: Հետո տախտակները քարշ տվեց գյուղի ծայրն ու երկու օրվա մեջ սարքեց մի սիրուն տնակ, որը նման էր կոշկակարի բուդկայի: Կարպիսը ժամանակին լավ կոշկակար էր եղել, մենք մտածեցինք, թե նա որոշել է կոշկակարություն անել: Սիրուն էր սարքել, զարմանալի ճաշակով ընտրել էր գույներն ու ներկել: Տատիս ասել էր, որ ինքը ապրելու է դրա մեջ: Այնտեղ երևի կարելի էր միայն նստել կամ կանգնել. նեղլիկ տնակ էր: Հետո տատիս ասել էր, որ սա իր տունն է ու իր «կինիկը»: Տատս ջղայնացել էր, լաց եղել ու ասել. «Կարպի՛ս, օղորմի՛ քու խորն ու մորը, ուրիշի չասես ըտենց բաներ, էդ զարկվուկներ չեն խասկնա քեզի, կվարամոտցնեն, ըտոնք վարա՛մ են, վարա՛մ»: Եկել էին պաշտոնավորներով, միլիցիայով, Կարպիսին ասել էին, որ տնակդ կարող ես տանել դնել Հունաստանում կամ էլ պատշգամբումդ, բայց ոչ այստեղ, որովհետև այստեղ քեզ հողահատկացում չկա: Ասել էին ու գնացել: Մյուս օրը երեխեքը տնակի պատուհանն էին կոտրել, մի քանի փայտ պոկել, վրան գրել «Ֆանտոմաս» ու էլի ինչ-որ բաներ:
Աշուն էր գալիս, մեր գյուղի աշունը, ծանր, մռայլ ու անհույս, բահի նման սուր ու կարծր աշունը: Կարպիսը վերարկուն հագած մի քանի օր պահակություն էր անում տնակին: Տնակի մեջ չէր մտնում, բահը ձեռքին պտտվում էր տնակի շուրջը, պաշտպանում: Հետո մի օր քանդեց տնակը, փայտերը քարշ տվեց տուն ու էլ դուրս չեկավ: Դռան հետևից եթե ականջ դնեիր, լսվում էր մուրճի ու սղոցի ձայն:
Մի օր հայտնվել էր տատիս մոտ, ու տատս վրա էր տվել, թե. «Անտե՛ր մնաս, որ մնացիր, դու էդ իմա՞լ մարդ ես, մա՞րդ էլ առանց ուտել ապրի: Շունը, որ շուն ա, էլի խաց կուտա: Ես քեզի ի՜նչ վատություն եմ արե, որ դու իմ ձեռի խաց չես ուտե»: Կարպիսը ժպտացել էր, մի բաժակ օղի էր խմել, աչքերը փայլել էին, ու ասել էր, որ նավ է սարքում, որ նավով Հունաստան գնա: Տատս դրան չէր դիմացել, ծղրտացե՛լ էր, ճչացե՛լ, անիծե՛լ էր Հունաստանը: Ասել էր. «Խունաստանը քեզի դիվոտցրեց, թաղե՛մ քու Խունաստան»:
ՈՒ ամբողջ աշխարհից խռոված Կարպիսը տատիցս էլ խռովեց: Նա էլ չեկավ տատիս մոտ, նույնիսկ ես զգում էի, որ տեղի էր ունեցել սարսափելին:
Մի օր էլ Կարպիսը՝ նիհարած, փոքրացած, ձմեռով դուրս էր եկել տնից ու ճամփա էր ընկել: ՈՒ էլ երբեք ոչ մեկը Կարպիսին չտեսավ: Մարդ կար ասում էր՝ Կարպիսին հոգեբուժարանում են տեսել, մարդ կար ասում էր՝ մահացել է: Հիշում եմ Կարպիսին, ու ականջիս մեջ տատիս երգեցիկ-ծղրտան ձայնն է...
Անցել են տարիներ, ու ես՝ երեսունհինգ տարեկան տղամարդ, սկսել եմ հասկանալ, որ չկա սահմանը դիմանալու կամ խելագարվելու, բայց չեմ կարող հասկանալ, թե ինչպես եղավ, որ Ասպոյի ու տատիս երկրում մի ամբողջ ժողովուրդ՝ մեծով ու փոքրով, կամա թե ակամա դարձել էր ԿԳԲ-ի անհաստիք գործակալ...
Հիշում եմ Կարպիսին, ու ականջիս մեջ տատիս բարակ, երգեցիկ, անզորությունից ճչացող ձայնն է... Հետո տատիս ձայնին խառնվում է աղջկաս ձայնը.
- Պա՜պ, պա՜պ, դու ինչ է, լա՞ց ես լինում:
- Չէ՛, բալե՛ս, գրում եմ:
- Էլ չե՞ս նկարելու, հիմա էլ գրելո՞ւ ես:
- Նկարելու եմ, բալի՛կ:
- Պա՛պ, ի՞նչ ես գրում:
- Աղոթք, բալե՛ս:
- Պա՛պ, ինչ է, աղոթքը գրո՞ւմ են:
- Հա, բալի՛կ:
- Կկարդա՞ս ինձ աղոթքը:
- Հա՛, աղջիկս:
ՈՒ ես կարդում եմ.
-Ամենակարող Հա՛յր մեր, Տեր մեր Հիսուս Քրիստոսի, Քո Որդու, մեր Փրկչի անունից, անարժանաբար խնդրում եմ Քեզ, ների՛ր մեզ, գթա՛, ողորմեա՛, ողորմեա՛ բոլոր հանգուցյալներին, մխիթարի՛ր բոլոր վշտացյալներին, ների՛ր, գթա՛, ողորմեա՛ բոլոր Քեզ դիմողներին, Քեզ խնդրողներին:
Ամենակարող Հա՛յր մեր, օգնի՛ր, փրկի՛ր բոլոր դժբախտներին, բժշկի՛ր հիվանդներին, բժշկի՛ր հատկապես հոգեբուժարաններում գտնվող հիվանդներին: Ամենակարող Քո զորությամբ կործանի՛ր, խափանի՛ր չարը: Ների՛ր մեզ մեր մեղքերը՝ կամա թե ակամա գործած: Օգնի՛ր բոլոր ճամփա ընկածներին, ուղղի՛ր մեր ճամփաները, արժանի՛ դարձրու մեզ դեպի Քեզ քայլելու: Քանի որ Քոնն է Թագավորությունը, Զորությունը և Փառքը:
Աղջիկս նայում է ինձ, իսկ ես...
- Որտե՞ղ ես հիմա Կարպի՛ս, Հունաստանո՞ւմ ես, թե՞ երկնքում:
Գուցե հոգեբուժարանո՞ւմ ես, միտքդ պայծա՞ռ է, թե՞ մթագնել է:
Կարպի՜ս, հասցրի՞ր արդյոք մեզ ներել: