ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևան ժամանած Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիին: Երկու նախարարների առանձնազրույցը շարունակվել է ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության խորացման համար։ Նա կարևորել է Իտալիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան՝ ընդգծելով, որ փոխգործակցության ընդլայնման նոր համաձայնություններ ձեռք կբերվեն։ Պաոլո Ջենտիլոնին շեշտել է, որ Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության առավել զարգացմամբ և պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցեր, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ:
Էդվարդ Նալբանդյանն ու Պաոլո Ջենտիլոնին մտքեր են փոխանակել Հայաստանի և Իտալիայի համագործակցության առավել զարգացման նպատակով քայլերի շուրջ, անդրադարձել մոտ երեք տասնյակ փաստաթուղթ ընդգրկող իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, քննարկել միջխորհրդարանական շփումներին, առևտրատնտեսական փոխգործակցությանը նոր լիցք հաղորդելու ուղիները, կարևորել են գիտակրթական և մշակութային բնագավառներում փոխանակումների ակտիվացումը: Նալբանդյանը կարևորել է մշակույթի ոլորտում հաստատված հայ-իտալական սերտ փոխգործակցությունը: Այս համատեքստում շեշտվել է Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին ստորագրվելիք համատեղ հայտարարությունը: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում Իտալիայի կառավարության աջակցությունն այս ոլորտում: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել պաշտպանական ոլորտում համագործակցությամբ` արժևորելով իտալական զորախմբի հետ համատեղ ծառայություն իրականացնող հայ խաղաղապահների առաքելությունը Լիբանանում ՅՈՒՆԻՖԻԼ-ի կազմում։ Նախարարները քննարկել են նաև Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները: Անդրադարձ է եղել մի շարք հրատապ տարածաշրջանային հարցերի՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, սիրիական ճգնաժամին, միգրացիոն հոսքերին, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։
Հանդիպման օրակարգային հարցերի թվում էր նաև ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Էդվարդ Նալբանդյանն իտալացի գործընկերոջն է ներկայացրել բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով պայմանների ստեղծման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը: Նա կարևորել է Իտալիայի` որպես ԵԱՀԿ ապագա նախագահող երկրի դիրքորոշումը` սատարելու եռանախագահների ջանքերին և նրանց կողմից որպես մեկ ամբողջություն առաջարկվող միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության, հիման վրա հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման համար:
Հավարտ հանդիպման նախարարները ստորագրել են Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու համատեղ հայտարարությունը և համատեղ մամլո ասուլիս են տվել։